Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ, Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ` ՉԱՇԽԱՏՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՊԱՍՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ, Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ` ՉԱՇԽԱՏՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՊԱՍՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Սա նպաստ է, որը տրվում է հղիության, ծննդաբերության կապակցությամբ, այսինքն` կինը պետք է հղի լինի, որ իրեն այս նպաստը տրվի: Թող մայրիկներն ուշադրություն դարձնեն, որպեսզի անաշխատունակության թերթիկի համար դիմեն բուժծառայություններ, որն արդեն օրենսդրությամբ կարգավորված է: Հիշեցնեմ, որ առաջ անաշխատունակության թերթիկ տրվում էր միայն աշխատող մայրիկներին, իսկ 2016 թվականի հունվարի մեկից չաշխատող մայրիկները եւս իրավունք ունեն այդ անաշխատունակության թերթիկը ստանալու», - այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ով հյուրընկալվելով խմբագրություն` «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, ինչպես նաեւ հեռախոսազանգերին, որոնք մեծամասամբ վերաբերում էին չաշխատող մայրերին տրվելիք 126 հազար դրամ միանվագ նպաստի տրամադրման գործընթացին:
«ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ՄԵԿԻՑ»

- Ինչպես տեղեկացանք, 2016 թվականից կկիրառվի չաշխատող մայրերի մայրության նպաստի տրամադրումը, իսկ եթե ծննդաբերությունը լինի մինչեւ 2016 թվականի հունվարի մեկը, կարո՞ղ է չաշխատող մայրը օգտվել դրանից, թե` ոչ: (ՀՀ քաղաքացի)
- Նպաստի վճարումը կսկսվի 2016 թվականի հունվարի մեկից եւ այդ նպաստը ստանալու իրավունք կունենան այն կանայք, որոնց տրված անաշխատունակության թերթիկում որպես անաշխատունակության սկիզբ կնշվի 2016 թվականի հունվարի մեկը կամ դրանից հետո նշված որեւէ ամսաթիվ:
- Կհստակեցնե՞ք, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել վերոնշյալ նպաստից օգտվելու համար: (Ապագա մայրիկ)
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ), Հանրային ծառայությունների համարանիշը, անաշխատունակության թերթիկը եւ ծննդօգնության պետական հավաստագիրը կամ սահմանված դեպքում դրա պատճենը` կնիքված եւ ստորագրված ծննդաբերության բժշկական հաստատության կողմից:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՂԻԻ ԿԱՄ ԱՐԴԵՆ ՄԱՅՐԻԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ
- Եթե կինը ծանր հղիություն է տարել եւ անձամբ չի կարող զբաղվել համապատասխան թղթաբանությամբ, իսկ նպաստը ստանալու համար պետք է դիմի 140 օրվա ընթացքում, այս դեպքում ի՞նչ պետք է անի: («Իրավունք»)
- Եթե չաշխատող մայրիկը առողջական պատճառով չի կարողանա գալ, թող չմտածեն, որ անձամբ պետք է բերեն այդ թղթերը: Ցանկացած իրենց համար վստահելի անձ կարող է այդ փաստաթղթերը ներկայացնել հղիի կամ արդեն մայրիկի հաշվառման վայրի տարածքային բաժին:
- Այս գործընթացն իրականացնելու համար` ի՞նչ խորհուրդներ կտաք մեր ապագա մայրիկներին, որպեսզի ավելորդ խնդիրների առաջ չկանգնեն:
- Նախեւառաջ թող անպայման ուշադիր լինեն, որ իրենց անձնագրերի ժամկետը վավերական լինի, իրենք ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինեն ՀՀ բնակության վայրի հասցեով: Իսկ եթե նույնիսկ իրենք հաշվառում չունեն, թող հիմա այդ հարցերը կարգավորեն, քանի որ բոլոր տարբերակների դեպքում հաշվառման խնդիրը օրենսդրությամբ կարգավորված է: Հաջորդը` թող տեղյակ լինեն, որ իրենց նպաստը կարող են ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Եթե չաշխատող մայրիկն ունի իր անվամբ բացված բանկային հաշիվ, իր իսկ ցանկությամբ գումարը կարող է փախանցվել այդ հաշվեհամարին: Իսկ եթե չունի բանկային հաշիվ, բայց, այնուհանդերձ, ցանկանում է բանկային եղանակով ստանալ, ապա դիմումի մեջ նշում է այդ մասին, ինչպես նաեւ նշում է այն բանկը, որտեղից կցանկանար ստանալ նպաստը: Մենք այդ դիմումը հիմք ընդունելով` փոխանցում ենք բանկին անձի տվյալները եւ բանկը անձի անվամբ բացում է բանկային հաշիվը: Փոխանցումը կատարելու որոշումը կայացվում է դիմելուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Եթե հանկարծ որոշումը կմերժվի որեւէ հիմքով` այդ մասին մենք 5-օրվա ընթացքում իրեն տեղեկացնելու ենք այդ մասին: Եվ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ անպայման դիմեն անաշխատունակության թերթիկը ստանալուց հետո 140 օրվա ընթացքում: Եթե դիմում են եւ նշանակվում է նպաստ ու մեկ տարվա ընթացքում նրանք չեն ստանում, քանի որ բացակայում են երկրից, այդ դեպքում նպաստը մեկ տարի հետո չի վճարվելու:
«ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ»

-Վերջին շրջանում չե՞ք նկատել կանանց մոտ պետության նկատմամբ հավատի անկման մթնոլոտ: (ՍԱՐԳԻՍ):
- Կարող եմ այս հարցին պատասխանել ընդամենը դատելով այն գրություններից, որոնք ստանում ենք քաղաքացիներից, ընդորում` այդ գրություններում, որպես կանոն, բարձրացվում են խնդրահարույց հարցեր: Եթե կանայք հարց են բարձրացնում` այն լուծելու համար, նշանակում է` նրանք պետությանը վստահում են: Անկման մթնոլորտի մասին կարելի էր խոսել, եթե գրությունների քանակը գնալով նվազեր, մինչդեռ, անկեղծ ասած, գրությունները գնալով շատանում են, ինչի համար ուրախ եմ: Սա նշանակում է, որ մարդկանց իրավագիտակցությունն ավելի է բարձրանում եւ նրանք ավելի հետամուտ են լինում իրենց իրավունքի իրացմանը ու ճիշտ են անում:
- «Հարկ ենք վճարում եւ ակնկալում ենք պետությունից, այդ թվում` երեխա ունենալու դժվարին ժամանակահատվածում փոխհատուցում ստանալու առումով», – համոզված են քաղաքացիական ակտիվիստները: Դուք, որպես մայր, համակարծիք չե՞ք այս մտքի հետ:
- Համակարծիք չեմ, որովհետեւ այստեղ բառ կա օգտագործված, որը չեմ ընդունում` «փոխհատուցում»: Փոխհատուցումը ենթադրում է կորցրածի դիմաց ինչ-որ բան ստանալ, այս հարցը կարող է բարձրացնել աշխատող մայրը, երբ նա հղիության ծննդաբերության պատճառով չի կարողանում գնալ աշխատանքի եւ աշխատավարձ չի ստանում: Այո, նա եկամուտ է կորցնում, այո, նա պետք է կորցրած եկամտի դիմաց փոխհատուցում ստանա: Եվ աշխատող մորը մայրության նպաստ տրվում է` հիմք ընդունելով նրա եկամուտը: Այնպես որ, այստեղ փոխհատուցման խնդիր չեմ տեսնում, մեր բոլոր մայրիկների պարագայում: Ավելի շատ աջակցության հարց է եւ հենց այդ շրջանակներում, մենք մեր չաշխատող մայրիկներին այսուհետ կտրամադրենք միանվագ մայրության նպաստ:
- Բնականաբար չաշխատող մայրերին նպաստ նշանակվել է որպես աջակցություն, բայց նպաստը բոլորին համաչա՞փ է տրամադրվելու: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)
- Այո, նպաստը հաշվարկվում է, անաշխատունակության թերթիկի օրերի քանակից ելնելով` նույն 140 օրերի համար: Հետեւաբար նպաստի չափը բոլորի համար նույնը պետք է լինի, բացառությամբ վաղաժամ ծննդաբերության դեպքում, որի ժամանակ նպաստը կհաշվարկվի 70 օրվա համար` որպես հետծննդյան արձակուրդի դիմաց վճար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk