«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ԹԵ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ»
Արխիվ 12-16«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ԹԵ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ»
Շաբաթվա ամենաքննարկվող հարսանեկան իրադարձության իրական «մեղավորների»` երգահան, լուսանկարիչ, դիզայներ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ու նկարչուհի ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ լոնդոնյան հարսանեկան իրարանցման մասին «Իրավունքն» անդրադարձել էր, որ մշտապես իր ինքնատիպությամբ աչքի ընկնող երգահանն այս հարցում էլ տարբերվեց` պսակադրության արարողության կրոնական հատվածը կայացավ Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում: «Իրավունքի» հետ զրույցում պարզվեց, որ նման հարսանիքի մասին Կարենը երազել է վաղուց. «Միշտ երազել եմ, որ պսակադրությանս արարողությունը լինի Անգլիայում, մասնավորապես` Լոնդոնում, ինչն էլ իրականություն դարձրինք: Հարսանիքին սկսել ենք
պատրաստվել ամիսներ առաջ, հենց սկզբից հստակ գիտեի` ինչպիսի հարսանեկան արարողություն եմ ուզում եւ սկսեցի այն իրականություն դարձնել: Նախ, երբեք չէի մտածում, որ ամուսնությունն ինձ հետ այսքան արագ կպատահի: Երբեք չեմ շտապել ամուսնանալ, բայց երբ հանդիպում ես այն մարդուն, ում հետ քեզ լիարժեք ես զգում, երջանիկ ես, սիրում ես եւ սիրված ես,
ապա ժամանակ կորցնել պետք չէ»,- ասաց երգահանն ու նույն եռանդով շարունակեց հաճելիորեն պատմել նաեւ հոկտեմբերի 25-ին արդեն երեւանյան հարսանեկան խնջույքի մասին. «Այն հրաշալի առիթ էր հանդիպելու իմ շատ լավ հարազատներին, ընկերներին ու բարեկամներին, որոնց հետ լավ զվարճացանք, ուրախացանք ու մի լավ քեֆ արեցինք: Երեւանյան հարսանիքի թեման ընտրված էր 60-ական թվականները, արտ-դեկո ոճում` ճամպրուկներ, բանալիներ: Կարծում եմ` մեզ մոտ ստացվեց այդ ոճը քիչ թե շատ ապահովել»:
Նախաամուսնական եւ հետամուսնական դեպրեսիան անցյալում թողած նորափեսան վերլուծելով ամուսնական կյանքը` հավելեց. «Իրականում ամուսնանալն ինձ համար ավելի սիմվոլիկ բնույթ է կրում, կարեւոր է, որ մարդիկ իրենց սրտում, հոգում ամուսնանան, ոչ թե` պարզապես թուղթ ստորագրեն կամ խոստումներ տան, որոնք շատ հաճախ որոշ ժամանակ անց կորցնում են իրենց ուժը: Ինչ վերաբերում է նախաամուսնական վիճակին, նշեմ, որ չափից շատ սթրեսային էր ինձ համար պսակադրության եւ հարսանեկան երեկոյի պատրաստվելու ընթացքը: Միայն հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, հասկացա, թե որքան գեղեցիկ ու հեքիաթային էր ամեն բան, մտածված էր ամեն մի փոքրիկ դետալ: Կարծում եմ` բոլոր հյուրերն էլ` թե՛ Լոնդոնում, թե՛ Երեւանում, մեծ բավականություն ստացան»:
Իսկ թե ինչ է կատարվում երգահան Կարեն Գրիգորյանի ստեղծագործական կյանքում, «Իրավունքի» հարցին ի պատասխան` նորափեսան ասաց. «Այնքան զբաղված էի այս ամենով, որ ժամանակավորապես մոռացել էի բոլոր գործերիս մասին: Հիմա կրկին վերադառնում եմ կիսատ թողած գործերիս եւ Արեւիկի ներկայությունն ինձ ոգեւորում է: Կինս նկարչուհի է, եւ նրա խառնվածքն ու աշխարհայացքը շատ հարազատ են ինձ, մենք շատ հեշտ ենք իրար հասկանում, ներդաշնակ ենք, բնավ չենք խանգարում միմյանց` օգնում ենք ստեղծագործել: Չեմ կարող ասել, թե շատ բան է փոխվել ամուսնությունից հետո, միայն թե հիմա ավելի հանգիստ եմ դարձել շատ երեւույթների եւ մարդկանց հանդեպ: Երբ գիտես, որ կողքիդ կա մեկը, ով այդքան սիրում է քեզ, շատ հեշտ է ներել եւ չնկատել վատ մարդկանց եւ երեւույթները»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ








Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

