«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՉԱՆՏԵՍԵԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
Արխիվ 12-16«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՉԱՆՏԵՍԵԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը այս կամ այն կերպ Հայաստանի ներքաղաքական հարցերին խառնվելուց հետո, հիմա էլ որոշել է խորապես մտահոգվել Հայաստանում ԼԳՏԲ հանրույթի նկատմամբ սպառնալիքներով եւ հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը: Այս մասին հոկտեմբերի 29-ին «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) ՀԿ գրասենյակում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը մասնավորապես նշել է հետեւյալը. «Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ բռնության այդ կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ»:
Ամերիկյան դիվանագետի վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է «Հանուն օրենքի» հասարակական շարժումը եւ դատապարտել այն: Ավելին` որպես ի գիտություն՝ «Հանուն օրենքի» հասարակական շարժման տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Հայ հասարակության մեջ այլասերվածության տարածման եւ հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ խիստ բացասական վերաբերմունքը պայմանավորված է հենց հայկական ազգային արժեքներով եւ ավանդույթներով, համաձայն որոնց՝ ընտանիքում տղամարդու եւ կնոջ միջեւ եղած հարաբերությունները սրբություն են համարվում: Իրական ժողովրդավարությունը եւս ենթադրում է մեծամասնության կարծիքի գերակշռում, եւ այն հռչակած երկիրը պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին:
Տարբեր տեսակի կասկածելի փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելը եւ այն հավասարեցնելը ազգային արժեքներին նշանակում է դեմ լինել միասնական արժեհամակարգերի գոյությանը եւ ատոմիզացնել հասարակությունը` դրանով իսկ խարխլելով պետության հիմքերը: Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որը առաջինը ընդունեց քրիտոնեությունը՝ որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որեւիցե մեկի իրավունքները, սակայն նաեւ թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը` ապրել այնպես, ինչպես վայել է իսկական քրիստոնյային, հայկական արժեքներ կրող անձին»:
Եվ հաշվի առնելով վերոգրյալը` «Հանուն օրենքի» հասարակական շարժումը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը` 16:00-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւ (Ֆրիկի 21, մուտքը Պռոշյան փողոցից) կազմակերպելու է բողոքի ակցիա` պահանջելով չանտեսել մեծամասնության իրավունքը: Ի դեպ, ըստ կազմակերպիչների, ակցիային մասնակցելու են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց սերունդներն ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից, շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

