Զարմացած
Արխիվ 12-16
Ինչ ուզում եք ասեք, բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քաղաքական առումով կատարյալ Ձախորդ Փանոս է: Այս անգամ էլ նրան դաժան հարված հասցրեց հին ՀՀՇ-ական ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ. «Խոստովանում եմ, որ 1993-ից հետեւելով այդ բանսարկու կարիերիստի խարդավանքային գործունեությանը` վստահ էի, որ մի օր կբացվի դրա կեղտոտ երեսը»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարճ բանաձեւումով ախտորոշեց այդ ձախորդության պատճառը. «Հիմա հասկացա, թե ինչու է ՀԱԿ-ը մինչ օրս անիծված, ոչ մի հաջողության չի հասնում, որովհետեւ 90-ականներին այնքան այլանդակություններ է արել, ընտրակեղծիքներ, որոնք մենք 20 տարի արմատախիլ ենք անում ու չենք կարողանում արդյունքի հասնել: Բայց հասնելու ենք»: Դե, Բաղդասարյանը լավ գիտի ինչի մասին է խոսում` 1990-ականներին ՀՀՇ-ի իշխանության օրոք Վանաձորում նրա դեմ այքան ընտրակեղծարարություն, շանտաժ եւ այլ անմաքուր հնարքներ են կիրառվել...
ԿԸՀ-ն սահմանեց տեղամասային ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱԺ խմբակցություններին հատկացվող նախագահի եւ քարտուղարի պաշտոնների քվոտաները: ՀՀԿ-ին բաժին հասավ 888-ական տեղ, ԲՀԿ-ին` 621-ական, ՀԱԿ-ին` 155-ական, իսկ «Ժառանգությանը», ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին` 111-ական: Օրինակ շատ հետաքրքիր է, որտեղից ՀԱԿ-ը կճարի խելքը գլխին 310 կադր` այդ պաշտոններին նշանակելու համար, իսկ «Ժառանգությունը»` 222: Ախր, այդքան մարդ չունեն, ու հավանաբար հանրաքվեից հետո դեռ իրենց քվոտայով նշանակվածներից քանիսին կանվանեն «ռեժիմի կամակատար»: Մեր հանրությունը կրկին կզարմանա, սակայն զարմանալու բան չկա, քանզի մեր ընդդիմադիրները հանձնաժողովների տեղերը ծախելու հարուստ փորձ ունեն, մասնավորապես «Ժառանգության» պարագայում չեղավ որեւէ ընտրություն, որից հետո ներսը սկանդալ չպայթի` հանձնաժողովական տեղերը իշխանությանը վաճառելու թեմայով:
Թե ինչպես ծիծաղով ու անվստահությամբ մեր հանրությունն ընդունեց ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու հայտ ներկայացրած Ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի նախագահ Արա Աբրահամյանին, հիշում են բոլորը: Սակայն օրերս մի զարմանալի սկանդալային բան է հայտարարել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ ԳԵՐՄԱՆ ԱՆԱՆՅԱՆՑԸ Pravda.ru կայքին տված հարցազրույցում: Ռուսաստանն անսահման գովելուց եւ հավատարմության երդում տալուց հետո նա ապշեցուցիչ ձեւով լավ արտահայտվեց ադրբեջանցիների մասին. «Ապրելով Մոսկվայում` ես միշտ օգնել եմ, օգնում եմ եւ կօգնեմ եւ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին: Ես շատ ունեմ ադրբեջանցի ուսանող եւ ասպիրանտ: Այդ առումով մենք Մոսկվայում ձգտում ենք պահպանել ջերմ բարիդրացիական հարաբերություններ: Ես հաճախ ասում եմ` Լեռնային Ղարաբաղից, առանց մեզ գլուխ հանեք»: Զարմանալի է, ինչպես այդպիսի, բառիս բուն իմաստով, «շուռ տված» եւ ազգուրաց տեղակալ ունեցող Ա. Աբրահամյանը դեռ համարձակվում է երազել ՀՀ-ում քաղաքական գործունեության մասին:
Եվ վերջապես, մեզ զարմացրեց ադրբեջանանպաստ բազում հեռուստահաղորդումներ տված սկանդալային հեռուստալրագրող ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԵՎԶՈՐՈՎԸ: Նա հրապարակավ խոստովանեց, որ անտոհմիկ, ապօրինածին մեկն է, ժողովրդի խոսքով ասած` բիճ. «Ես ազգություն չունեմ: Ուկրաինական իրադարձություններից հետո ես դիմում գրեցի ռուս ազգի կազմից դուրս գալու մասին: Ինձանից ի՞նչ ռուս` չեմ խմում, անհավատ եմ, բալալայկա նվագել չգիտեմ... Ըստ մորս պատմած լեգենդի` ինձ հայր է դարձել հյուսիսամերիկյան կոմանչի հնդիկների ներկայացուցիչը, ով եկել էր ուսանողության եւ երիտասարդության փառատոնի ծնվելուցս ինն ամիս առաջ»: Դե ինչ ասես, իսկական հայի բախտ ունենք... Մարդու դուշմանն է՞լ այդպիսի աղբ լինի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

