«ՈՉ»-Ի ՃԱԿԱՏՈՒՄ ՍԱՂ-ՍԱՂ ԻՐԱՐ ՀԵՏ 7-8 ՄԱՐԴ ԵՆ»
Արխիվ 12-16«ՈՉ»-Ի ՃԱԿԱՏՈՒՄ ՍԱՂ-ՍԱՂ ԻՐԱՐ ՀԵՏ 7-8 ՄԱՐԴ ԵՆ»
Երեկ խորհրդարանում «Իրավունքը» հանդիպեց նաեւ Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ում հետ զրույցը ծավալվեց սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շուրջ: Ըստ մարզպետի այսօր չէ, որ պետք է գնաս ժողովրդի մոտ նախընտրական քարոզարշավ անես ու ասես այս ծրագրային դրույթը կամ այս հավելվածը լավ է, սա` վատ.
–Այդ աշխատանքները պետք է անես վաղօրոք, եւ մենք այդ աշխատանքներն արել ենք երկու-երեք, չորս-հինգ տարի առաջ մեր կատարած աշխատանքներով` դպրոցներ ենք վերանորոգել, նախակրթարաններ ենք բացել, ոռոգման ցանցեր ենք փոխել, ճանապարհաշինություն ենք իրականացրել: Եվ ինչ-որ չափով ժողովուրդը գիտակցում ու հասկանում է այդ ամենը, այնպես չէ, որ նոր պետք է գնանք ասենք: Այնպես որ, հավատացեք` քարոզարշավի կարիք էլ չի զգացվի:
– Պարոն մարզպետ, սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատն իր քարոզարշավը սկսել է նաեւ մարզերում, արդյոք կկարողանան Արագածոտնում էլ իրենց շուրջ որոշակի ընտրազանգված հավաքել:
– «Ոչ»-ի ճակատը միտինգ է անում, նստացույց է անում, հացադուլ է անում... Սաղ-սաղ իրար հետ մի 7 հոգի մարդ են: Հիմա, եթե այդ 7-8 հոգին պետք է փոխեն Հայաստանում մեկ-մեկուկես միլիոն ընտրողի պատկերացումնեը, ես չեմ հավատում: Եթե իրենց կողքին մարդ լիներ, կգային այդ մարդիկ, իրենց ցույցին կամ հացադուլին կմասնակցեին: Այնպես որ, թող մի 100 հոգի էլ համաձայն չլինի, չեմ կարծում` որ ինչ-որ լուրջ մտահոգություն կա այստեղ:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ «Ո՛Չ ՇԻՇ, Ո՛Չ ՔՅԱԲԱԲ»

Տավուշի մարզպետ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻՑ եւս հետաքրքրվեցինք, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում մարզում` սահմանադրական բարեփոխումների շուրջ: Սակայն ի զարմանս մեզ, ստացանք հետեւյալ պատասխանը. «Այս պահին չի նկատվում որեւէ տրամադրություն»: Պատասխանն ուշագրավ էր նաեւ նրանով, որ մյուս մարզպետները լրագրողների հետ զրույցներում ջանք ու եռանդ չէին խնայում` իրենց մարզի «այո» ասելու պատրաստակամությանն անդրադառնալով, մինչդեռ Տավուշի մարզպետը սահմանադրական հանրաքվեի «զահլեն» չունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

