ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ԱԼԻԵՎՆ ՕԲԱՄԱՅԻ ԱՉՔԻՆ ԷԼԻ ԴԵՄՈԿՐԱՏ ԴԱՐՁԱՎ
Արխիվ 12-16ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ԱԼԻԵՎՆ ՕԲԱՄԱՅԻ ԱՉՔԻՆ ԷԼԻ ԴԵՄՈԿՐԱՏ ԴԱՐՁԱՎ
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը մինչ Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները «ժողովրդավարական» թեմաներով դաժան քննադատության էին ենթարկում Անկարային ու մի քանի անգամ շատ՝ Բաքվին: Պատճառների պակաս չէր զգացվում. Ալիեւը ռեալ հակառակորդների մի մասին ամիսներով փակեց բանտերում, մի մասն էլ հասկանալով, որ իրենց էլ է նույնը սպասում, գերադասեցին ամբողջական կուսակցություններով հրաժարվել ընտրապայքարից: Էրդողանն ավելի առաջ գնաց՝ երկու «պատահական» ահաբեկչական հարձակումների պատճառաբանությամբ իսկական պատերազմ սկսեց երկրի ներսում, ուժային մեթոդներով հնարավորինս չեզոքացրեց քրդական եւ ընդդիմադիր զանգվածին:
ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱ
Մի խոսքով՝ թեեւ Էրդողանն ու Ալիեւն անգամ ընտրակեղծիքների հարցում շատ բան տեսած Հայաստանի համար միանգամայն անհասանելի մեթոդներով եւ, բառացիորեն, զենքով իրենցով արեցին խորհրդարանները, սակայն կանխավ այդ ամենը դաժանորեն քննադատող ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ընտրություններից հետո պաշտոնապես, մեղմ ասած, զուսպ էին գնահատականների հարցում: Չնայած ինչ զուսպ. դեռ ադրբեջանական ընտրությունների պաշտոնական գնահատականներն էլ չհնչած՝ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը ներկայացնող ավստրիացի դիտորդ Ֆրանց Օբերմայերը հայտարարեց. «Մենք որեւէ լուրջ խախտում չենք գրանցել... Քվեարկության գործընթացը թափանցիկ էր»: Երեւի խավիարը եվրադիտորդների «գլխին էր տվել», որ անգամ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի 97 տոկոսանոց «հաղթանակն» է աչքերին սուպերդեմոկրատական երեւում: Կամ ի՞նչ Ֆրանց Օբերմայեր, երբ ԵՄ-ի անունից է հայտարարություն հնչում, թե՝ «ԵՄ-ը հուսով է, որ կշարունակվի համագործակցությունը ադրբեջանական ինստիտուտների, այդ թվում՝ Ադրբեջանի նորընտիր խորհրդարանի հետ»:
ԵՎ սա այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք կառույցներ ի սկզբանե հրաժարվեցին Ադրբեջան դիտորդներ ուղարկելու մտքից: Կամ, ասենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ցանկանում էր ուղարկել, եւ Բաքուն պարզապես հրաժարվեց նրանց երկիր թողնել, եւ այդ կառույցն էլ ի վերջո հրաժարվեց:
Չնայած՝ ԵՄ-ի նման վերաբերմունքը միանգամայն սպասելի էր, երբ ընտրություններից 1-2 օր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարեց. «Անկախ Ադրբեջանի հաջորդ խորհրդարանի կազմից, Միացյալ Նահանգները հակված է Ադրբեջանի համար լավագույն ձեռքբերումներին հասնելու համար երկկողմ համագործակցությանը»: Մարդկային լեզվով ասած՝ ինչ խորհրդարան էլ լինի, ինչպես էլ այն ձեւավորվի, ԱՄՆ-ն այն կընդունի եւ կհամագործակցի: Դա ոչ այլ ինչ է, քան արված ու արվելիք ընտրակեղծարարություններին տրված կանաչ լույս: Իսկ դրանից հետո եվրոպական դիտորդներին ի՞նչ էր մնում, եթե ոչ գրպանները խավիար լցնել ու տիկին Մեհրիբանի 97 տոկոսը «ժողովրդավարեցնել»:
Այլ հարց է, թե ինչու Վաշինգտոնը վերջին պահին որոշեց Բաքվին նման քարտ-բլանշ տալ՝ ավելորդ անգամ ի ցույց դնելով սեփական քաղաքականության երկակի ստանդարտային բնույթը: Ենթադրել, թե նախօրեին Ալիեւն Օբամային էլ էր մի տակառ խավիար ուղարկել, միամտություն կլիներ: Նավթ եւս հազիվ թե տար. ադրբեջանական էներգակիրների հետ կապված նույնիսկ քարոզչական ծրագրեր ո՛չ ԱՄՆ-ում եւ ո՛չ էլ Եվրոպայում պարզապես չկան այն բանից հետո, երբ վերջերս տրվեց ՌԴ-Գերմանիա տարեկան 60 միլիարդ խմ-անոց «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության մեկնարկը:
ՆՈՐԻՑ ՀԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հասկանալու համար, թե Ալիեւին ¥նաեւ՝ Էրդողանին¤ ինչպես հաջողվեց Օբամայի «աչքը մտնել», մի պահ տեղափոխվենք մոլորակի մյուս կողմ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Այստեղ Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն այն աստիճան են սրվել, որ եթե ոչ վաղ անցյալում միայն վերլուծաբաններն էին զգուշորեն կիրառում «չին-ամերիկյան հնարավոր պատերազմ» արտահայտությունը, ապա վերջին օրերին, անգամ «հնարավոր» արտահայտությունը չշեշտադրելով, այդ մասին արդեն խոսում են նաեւ բարձրաստիճան զինվորականները: Ընդ որում՝ չմոռանալով նման տարաբնույթ հայտարարությունները համեմել ռազմամկանային ցուցադրություններով: Պատկերացրեք, երբ զուսպ վարքով այդքան հայտնի չինական դիվանագիտության ղեկավար մարմինը՝ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ին հասցեագրված հայտարարության մեջ օգտագործում է «լկտի պրովոկացիա» արտահայտությունը, ուրեմն կրքերն ինչքան են շիկացել: Պատճառը նույնն է. չինական տնտեսությունն առաջ է անցել ԱՄՆ-ից, եւ վերջինիս վիճակը բարդ է նրանով, որ եթե Օբամայի պաշտոնավարության սկզբում ԱՄՆ-ն ուներ մոտ 10 տրիլիոն դոլար պարտք, ապա արդեն կան տվյալներ, որ հաջորդ նախագահն աթոռը կընդունի առնվազն կրկնապատկված՝ 20 տրիլիոնանոց պարտքով: Չինաստանն էլ հենց այս պահին նախ՝ առաջ է մղում սեփական յուանը, ապա՝ գրոհում է ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ծովային առեւտրական ուղիների վրա եւ ուր որ է` եվրասիական տարածաշրջանի հիմնական առեւտուրը կսկսի ուղղորդել «Մետաքսի ուղու» տարբեր ճյուղերով: Դա ԱՄՆ-ի համար մահ է, եւ մնում է ունեցած-չունեցած միջոցները կենտրոնացնել Պեկինի դեմ:
Այսինքն՝ ԱՄՆ-ին պետք է «Մետաքսի ուղու» դեմն առնել, սակայն նաեւ դրան միտված ուկրաինական եւ սիրիական ճգնաժամերի հարցով Վաշինգտոնն ակնհայտորեն ձախողվեց: Արդյունքում՝ ռուս-չինական հարաբերությունների զարգացման եւ դրա հետեւանքներից մեկը համարվող «Մետաքսի ուղու» վրա ինչ-որ կերպ ազդելու միակ տարբերակը մնում է Աֆղանստանը: Ընդ որում վերջերս, երբ ԱՄՆ-ը հայտարարեց, որ հրաժարվում է իր զինուժն այդ երկրից դուրս բերելու ծրագրերից, արդեն իսկ զգացվում էր, որ աֆղանական պլացդարմը Վաշինգտոնի համար դառնում է միակը: Բայց նաեւ, որ միայն Աֆղանստանով սահմանափակվելով՝ «Մետաքսի ուղու» խնդիրը չի լուծվի: Այսինքն՝ պետք է նաեւ հնարավորինս ծավալվել Կենտրոնական Ասիայի երկրներում: Թեկուզեւ այն առումով, որ իսկական խնդիր է դարձել մինչեւ իսկ աֆղանական զորախմբի մատակարարումների հարցը, իսկ Կենտրոնական Ասիայում քաղաքական լծակները գնալով զրոյանում են՝ հաշվի առնելով նաեւ ԵՏՄ-ին այդ տարածաշրջանի առանցքային երկրների անդամակցության փաստը:
Այս օրերին պետքարտուղար Քերին Կենտրոնական Ասիայում շրջագայության էր մեկնել: Այցն ակնհայտորեն հետապնդում էր տարաբնույթ ճոխ խոստումներով տարածաշրջանի երկրներին դեպի ԱՄՆ հրապուրելու նպատակ: Թե ինչ ստացվեց, դեռ ժամանակի ընթացքում ավելի հստակ կդառնա: Բայց արդեն իսկ նկատելի է, որ Քերին ասենք՝ Ղազախստանին չկարողացավ առաջարկել այն, հանուն որի Նազարբաեւը կհրաժարվեր ԵՏՄ-ից կամ իր երկրով անցնելիք «Մետաքսի ուղու» ակնկալիքներից: Դրանից զատ՝ Աֆղանստանում հիմնավորված տարաբնույթ ահաբեկչական խմբավորումներին դեպի Կենտրոնական Ասիա ծավալելու ծրագրերը եւս ակնհայտորեն չեն գործում. վերջին ժամանակներս Ռուսաստանը նախագահի մակարդակով հայտարարեց ռազմական կայուն վերահսկողության մասին, եւ դա արդեն իսկ նաեւ գործնական հարթություն է տեղափոխվել:
Այսպիսով՝ «աֆղանական պլացդարմ» ծրագիրը եւս Վաշինգտոնի համար տապալման շեմին է, եւ գոնե այնտեղ զորք պահելու համար արդեն իսկ սկսել է մտահոգիչ դառնալ մատակարարումների ուղիների հարցը: Վերադառնալով ադրբեջանական ընտրություններին` նկատենք, որ այդ երկիրը բառացիորեն աչքի առաջ Վաշինգտոնի համար դառնում է դեպի Աֆղանստան տանող միակ ուղին, եւ հանուն դրա՝ այդ երկրում ԱՄՆ դեսպան Սեկուտան ոչ միայն ցանկացած ընտրակեղծիքների դեպքում «երկկողմ համագործակցություն» կխոստանա, այլև Ալիեւին սեր էլ կառաջարկի:
Այլ հարց, որ մինչ Ադրբեջան հասնելը կա նաեւ Վրաստանը, որը վերջին ժամանակներս սկսել է «տարօրինակ» հայացքներ գցել Ռուսաստանի եւ Իրանի ուղղությամբ: Թբիլիսին, անշուշտ, հասկանում է ¥իսկ վրացիները նման իրավիճակներում պատմականորեն շատ լավ են կողմնորոշվում¤, որ երբ ռուսական նավերն սկսել են Կասպից ծովից բալեստիկ հրթիռներ արձակել եւ թռչում է Սիրիայում, ապա դա հուշում է, որ եթե ոչ ողջ աշխարհում, ապա առնվազն իր հարեւանությամբ շատ բան է փոխվել, եւ հիմա բացարձակ արեւմտամետությունն ու ցուցադրական ռուսաֆոբիան կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Վաշինգտոնն էլ նորից փորձում է օրակարգ բերել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության թեման, թե՝ մի վախեցեք: Բայց երբ այս պայքարում Ուկրաինայի կարգի երկրներ են ոտատակ գնում, այն էլ՝ ամերիկյան բազում գունագեղ խոստումներից հետո, ապա Թբիլիսին հաստատ մտածելու շատ բան ունի:
Ամեն դեպքում՝ դժվար չէ կռահել, որ ռուս-ամերիկյան հակամարտության կիզակետը կամաց-կամաց հարավկովկասյան տարածաշրջան տեղափոխվելու հակում է ցուցադրում: Թերեւս՝ այն հիմնականում կկենտրոնանա Վրաստանում, բայց Հայաստանը եւս ղարաբաղյան ուղղությամբ կամ ներսում՝ «գունավոր» բնույթի խնդիրների պետք է պատրաստ լինի: Չնայած չմոռանանք, որ այս պահին ԱՄՆ-ի հիմնական ուժերը Խաղաղ օվկիանոսում են՝ Չինաստանի դեմ, իսկ Ռուսաստանի դիրքերը գնալով ամրապնդվում են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk