ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ ձեւավորվել եւ գործում են «այո»-ի եւ «ոչ»-ի շտաբները: «Այո»-ի շտաբները պատրաստվում են թափով քարոզարշավ ծավալել նոյեմբերի 6-ից, իսկ «ոչ»-ի կողմնակիցները հասցրել են մի քանի, մեղմ ասած, համեստ փողոցային ակցիաներ իրականացնել: Սակայն դատելով այդ ակցիաների մասշտաբից` սահմանադրական փոփոխությունների դեմ տրամադրված քաղաքացիների մեծ մասը պարզապես ընտրատեղամասեր չեն ներկայանալու: Չի աշխատում նաեւ «ոչ»-ի կողմնակիցների իդեա ֆիքսը` յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենալ երկուական դիտորդ` թեեւ ամերիկյան հարկատուների հաշվին ուսուցումն ապահովված է, սակայն դիտորդ դառնալու ցանկություն ունեցողները քիչ են:
ԱՆՀԱՋՈՂԱԿՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Տիպիկ անհաջողակի պես է իրեն պահում «ոչ»-ի շտաբի պետ Լյովիկ Զուրաբյանը: Բացի իր սիրելի մանտրայից, թե «ռեժիմը խուճապի մեջ է», նա պարապ ականջ է փնտրում, որպեսզի բողոքի «քըխ» սահմանադրությունից: Եթե ժամանակին Ստրասբուրգում` ԵԽԽՎ-ում, բողոքում էր «Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովող» սահմանադրությունից, ապա այժմ՝ որպես «պարապ ականջ», ծառայեցրեց ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, երբ վերջինս Ազգային ժողովում հանդիպում էր պատգամավորների հետ: Նա Մատվիենկոյին կոչ արեց հորդորել ՀՀ իշխանություններին, որպեսզի հրաժարվեն սահմանադրական բարեփոխումներից, սակայն տիկինը անհաղորդ մնաց Լյովիկի դարդերին եւ հիշեցրեց այն պարզ ճշմարտությունը, որ սահմանադրական բարեփոխումները ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ներքին գործն են, ու այդտեղ անելիք ունեն բացառապես ՀՀ քաղաքացիները: Նույնիսկ Վլադիմիր Պուտինի` մի քանի տարվա վաղեմության ելույթից մեջբերումներ անելը չօգնեց Լյովիկին, եւ տիկինը մնաց անհողդողդ...
Եվ եթե ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն բավարարվում են հիմնականում մի քանի կայքերով պարզունակ քարոզչությամբ, իսկ 200 հոգանոց հանրահավաքը համարում համապետական մասշտաբի մի բան, ապա գրանտակեր ՀԿ-ների ներկայացուցիչներից կազմված «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը բավականին բուռն ակտիվություն է ծավալել: Տպագրվում են պաստառներ, «Ոչ» անունով անվճար բաժանվող թերթ, պատրաստվում են «կրեատիվ» տեսահոլովակներ, որոնք առայժմ տեղադրված են համացանցում, իսկ հետո միգուցե հայտնվեն քարոզչական հեռուստաեթերում: Սակայն հայ հանրությունից կտրված «կրեատիվ դասակարգը» այն աստիճանի հեռու է ժողովրդից, որ նրանց տեսահոլովակների մեծ մասը ամենեւին էլ ի զորու չեն մարդկանց տրամադրել «ոչ»-ի կողմը: Ընդհակառակը` այդ հոլովակների մի մասը «այո»-ի կողմնակիցները հաճույքով տիրաժավորում են սոցցանցերում, քանզի դրանք մարդկանց հաջողությամբ խրտնեցնում են «ոչ» ասելու գաղափարից: Հատկապես մեծ հաջողություն էր ունեցել «ոչ»-ի այն հոլովակը, որը էրոտիկ տեսարան էր պարունակում եւ դարձել էր ֆեյսբուքի հայ օգտատերերի սիրելի զվարճանքներից մեկը, մինչեւ «կրեատիվ ջահելները» չհասկացան, որ դա ավելի շուտ «այո»-ի օգտին է աշխատում եւ չհեռացրին համացանցից:
Ի դեպ, «ոչ»-ի սեփական շտաբ է բացել եւ ՕԵԿ-ը, սակայն առայժմ դրա գործունեությունը առանձնապես չի երեւում:
Ինչ վերաբերում է «Նոր Հայաստանի» ծայրահեղականներին, ապա նրանց ակցիան Թբիլիսիում հանրությանն ավելի շուտ տրամադրել է ե՛ւ իրենց, ե՛ւ Զարուհի Փոստանջյանի դեմ, քանզի անգամ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների համար եկեղեցու վերաօծման պահին քաղաքական ակցիա անելը մի տեսակ սրբապիղծ տեսք ունի: Այդ ակցիայի տպավորությունը մոտավորապես նույնն էր, ինչ ժամանակին եղել էր Ռուսաստանում, երբ սկանդալային «Պուսի Ռայոթ» պանկ խմբի աղջիկները ներխուժել էին Մոսկվայի Փրկչի տաճար եւ հակապուտինյան կարգախոսներ գոռգոռացել: Հիմնական տարբերությունը թերեւս այն է, որ Ռուսաստանում ակցիա իրականացնողները գնացին բանտ, իսկ մեզանում, կարծես, թե առայժմ ոչ ոք չի պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել ինչպես Զարուհի Փոստանջյանին, այնպես էլ Ժիրայր Սէֆիլյանի «փրկիչներին»:
Սակայն այն, ինչ այդ «փրկիչներն» արեցին Թբիլիսիում, այն էլ ԱՄՆ դեսպանատան հետ շփվելուց հետո, ցույց է տալիս, որ նրանցից սպասելի է ամեն ինչ: Ու քանի որ նրանք գործողություններ են ծրագրել դեկտեմբերին, չպետք է բացառել, որ պատրաստվում են անկարգությունների կազմակերպմանը: Ինչեւէ, բոլոր դեպքերում չմոռանանք, որ ապրիլ ամսին, երբ այդ նույն խումբը պատրաստվում էր անկարգություններ իրականացնել ապրիլի 24-ին, նրանց կալանավորեցին անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով եւ որոշ ժամանակ պահեցին մեկուսարանում: Միգուցե, նման իրավիճակը կրկնվի եւ դեկտեմբերին:
ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ «ԾԱՆՐ ՔԱՇԱՅԻՆՆԵՐԸ»
Մի փոքր դետալ` Լյովիկ Զուրաբյանին այնքան անլուրջ են ընդունում, որ ՀԱԿ-ի թիմից «կամաց-կամաց թռնելու» հակումներ դրսեւորողներ կան: Այսպես՝ ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը հեռուստաեթերում կտրուկ «ոչ»-ի փոխարեն գերադասեց «ոչ նալին, ոչ մեխին» տարբերակը եւ հաջողացրեց նոր սահմանադրության կետերի մի մասը գովել, մի մասը քննադատել: Դե պարզ է, սույն անսկզբունք գործիչն իր համար նահանջի ուղիներ է նախապատրաստում:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբարին շարունակում է հարվածել եւ Ռոբերտ Քոչարյանի քարոզչամեքենան: Ինչ վերաբերում է քոչարյանական քարոզիչներին, ապա գնալով նրանց քարոզչությունը դառնում է ավելի ցինիկ ու սանձարձակ: Սակայն լրատվական դաշտում նույն Քոչարյանը հարվածներ է ստանում:
Որոշակի գործունեություն է ծավալում եւ քոչարյանական ապագա կուսակցության «ծանր հրետանին»` Վարդան Օսկանյանը: Սակայն նա պարապ է թողնում խորհրդարանի ամբիոնը, խուսափում է լրագրողներից՝ դրա փոխարեն ծավալուն տեքստեր գրելով Ֆեյսբուքում: Բայց ավելի շուտ նրա գործունեության դաշտը «Սիվիլնեթ» համացանցային հեռուստաալիքն է, որի անունը քաղաքականացված շրջանակներում վաղուց դրել են «Զիբիլիթաս»: Այ այդտեղի «ոչ»-ի տեսահոլովակները ավելի ծանրակշիռ են՝ ի տարբերություն «կրեատիվ երիտասարդների» արտադրանքի: Ի վերջո, ամենայն հավանականությամբ, այդ ուղղությամբ աշխատում է ոչ միայն ամերիկյան փողը, այլ թերեւս Ռոբերտ Սեդրակիչն էլ ներդրում ունի: Համ էլ, հենց «Զիբիլիթասն» է համակարգում սոցցանցերում աշխատող «կիբերգրոհայիններին», որոնք այժմ ձգտում են տպավորություն ստեղծել, իբր բոլորը «ոչ»-ի կողմնակից են, ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ի դեմ էին աշխատում 2012 եւ 2013 թվականների ընտրություններին: Իսկ այդպիսի մեծ «կիբերբանակ» պահելը այնքան էլ էժան հաճույք չէ:
Եվ քարոզչության մեջ նոր հնարքներ էլ մտցրին` սոցհարցումներ: Դրանք ավելի վաղ էլ կային, սակայն հանկարծ խաղի մեջ մտավ «Գելափ»-ը, որի տված արդյունքի համաձայն՝ հանրաքվեով հետաքրքրվում է հանրության 42%-ը, իսկ կեսից ավելին կողմ է Ռուսաստանի կազմ մտնելուն: Թե ինչու հանկարծ պահանջվեց սահմանադրական հանրաքվեի պոչից կպցնել իր իդիոտիզմով եզակի` այլ պետության կազմ մտնելու հարցադրումը, կարելի է կռահել նրանից, որ կրկին վերաակտիվացվել են քաղաքական ֆանտաստիկայի ժանրի այն խոսակցությունները, իբր ռուսները պատրաստվում են Արցախը ծախել թուրքին՝ Ադրբեջանի ԵՏՄ մտնելու դիմաց: Դրան զուգահեռ՝ հանկարծ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները սկսեցին մեղադրել Ռուսաստանին հակամարտող կողմերին` Ադրբեջանին եւ Հայաստանին սպառազինություն վաճառելու համար: Ուստի պարզ է դառնում, որ Սահմանադրական հանրաքվեի դեմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմը հանրաքվեի հարցը զգացական մակարդակով փորձում են կապակցել մի շարք այլ հարցերի հետ` ձգտելով ապակողմնորոշել քաղաքացիներին:
Ինչեւէ, հանրաքվեի «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու, ուստի դեռեւս սպասելի են նորանոր քարոզչական տեխնոլոգիաները: Այդ թվում եւ «ոչ»-ի ճամբարից ակնկալելի են ամենակեղտոտ տեխնոլոգիաները` միայն թե քաղաքացիներին հետ պահեն քվեարկությանը մասնակցելու մտքից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk