ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒԺԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է,ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ` ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒԺԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է,ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ` ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ
Եվ այսպես, 2015թ. հոկտեմբերի 28-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին: Էկումենիկ արարողությունն անցկացրեց Լոնդոնի եպիսկոպոս, լորդ Ռիչարդ Շարթրը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ միասին: Արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը եւ Նորին Արքայական մեծություն Ուելսի արքայազն Չարլզը: Էկումենիկ աղոթքն անմեղ նահատակների անմահ հոգիների համար, աշխարհի բարի կամքի տեր բոլոր մարդկանց, բոլոր ազգերին եւ ժողովուրդներին ուղղված քրիստոնեական այդ կոչը` միավորվել ցեղասպանության հանցագործությունների դեմ պայքարում, դուրս է գալիս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջեւ, Անգլիական եւ Հայ առաքելական եկեղեցիների, անգլոսաքսոնական եւ հայկական աշխարհների միջեւ հարաբերությունների շրջանակից: Հանուն արդարության հաստատման եւ ողջ աշխարհում խաղաղության պահպանման այս հիշատակի արարողության բոլոր սահմաններն ինքնըստինքյան բացառիկ նշանակալի են, բայց սա առանձին իմաստավորելու թեմա է: Նշենք միայն, որ 2015թ. ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով տեղի ունեցած Միջեկեղեցական կոնգրեսում Լոնդոնի եպիսկոպոսն ասաց. «Այսօրվա դրությամբ միջազգային օրենքները չեն նախատեսում համարժեք պատիժ նրանց համար, ովքեր կատարում են ցեղասպանածին գործողություններ: Հարց է ծագում. ինչպե՞ս պետք է պատժվեն հանցագործները: Անհրաժեշտ է մշակել միջազգային պատասխանատվություն նախատեսող նոր փաստաթղթեր եւ, հաշվի առնելով այն, որ Արեւմուտքի հեգեմոնիան թուլանում է, իսկ աշխարհը դառնում է բազմաբեւեռ, հարկավոր է ներգրավել նոր մասնակիցների նոր օրենքների մշակման գործին»:
Սակայն արդեն ակնհայտ է մեկ այլ բան. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները, որոնք տեղի ունեցան մեր մոլորակի բոլոր աշխարհամասերի տասնյակ ու տասնյակ երկրներում, աշխարհին ավետեցին 21-րդ դարում հայ հնագույն քրիստոնեական քաղաքակրթության վերածննդի մասին` հանձինս Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ ութմիլիոնանոց Հայկական սփյուռքի: Աստծո կամքով թուրքական յաթաղանից փրկված, Հայոց պետականության շուրջ համախմբված բոլոր հայերի միավորումը չէր կարող դրականորեն չանդրադառնալ երկրի միջազգային իմիջի վրա: Ասվածի վկայությունն է Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի` 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած սուրբ պատարագի ժամանակ արած հայտարարությունը. «Անցյալ դարում մարդկության ընտանիքը անցավ երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգությունների միջով: Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարվածեց հայ ժողովրդին` առաջին քրիստոնյա ժողովրդին` կաթոլիկների եւ ուղղափառների, ասորիների, քաղդեացիների եւ հույների հետ միասին: Սպանվեցին եպիսկոպոսներ, քահանաներ, հոգեւոր այլ գործիչներ, կանայք, տղամարդիկ, ծերունիներ, երեխաներ եւ անգամ անօգնական հիվանդներ»: Առաջին քրիստոնյա ազգին իր սրտակցությունը հայտնեց նաեւ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 2015թ. Ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում ունեցած իր ելույթի ժամանակ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո: «Մենք` գերմանացիներս, պետք է զբաղվենք անցյալի վերիմաստավորմամբ, երբ խոսքը պատասխանատվությունը կիսելու մասին է, եւ Հայոց ցեղասպանության մեջ մեր մասնակի մեղքի մասին»,- ասել է Գերմանիայի նախագահը: Նա նկատի ուներ կայսերական Գերմանիայի զինվորական ներկայացուցիչներին, որոնք մասնակցում էին հայերի բռնի տեղահանությանը: Հատկանշական է, որ Յոահիմ Գաուկն իր խոսքում օգտագործեց նաեւ մեջբերումներ այն բանաձեւի տեքստից, որը պետք է քննարկվեր դեռեւս այն ժամանակ ԳԴՀ Բունդեսթագում. «Անցյալ դարի եւ՛ քաղաքական, եւ՛ հումանիտար ողբերգության մեր ներկայիս գիտակցման ֆոնին այսօր ավելի քան պարզ է, որ հայերի ճակատագիրը զանգվածային սպանությունների, էթնիկական զտումների, տեղահանությունների եւ, այո՛, ցեղասպանությունների օրինակ է, որոնցով այդպիսի ահավոր ձեւով նշանավորվեց 20-րդ դարը»: Կարելի է կարեկցանքով համակված եւ հայ ժողովրդին ուղղված զորակցությամբ լի բազմաթիվ խոսքեր նշել, որոնք հնչեցրել են համաշխարհային առաջնորդները, այդ թվում` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Սերբիայի նախագահները, որոնք ս.թ. ապրիլի 24-ին ծաղիկներ դրեցին ազգի վերածնունդը խորհրդանշող 44 մետրանոց հուշասյան հիմքի մոտ դրված ծաղկեպսակին (Thy Telegraph):
Մտովի վերադառնալով ոչ միայն Հայաստանի եւ ողջ հայության, այլ նաեւ ընդհանրապես աշխարհի համար, անշուշտ, ուշագրավ այդ իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում լրջորեն բարդացած միջազգային հարաբերությունների պայմաններում, չեմ կարող շրջանցել նշանային մի քանի իրադարձություններ: Առաջինը, ինչին կուզենայի ուշադրություն դարձնել, Ռուսաստանի նախագահի մասնակցությունն էր հիշատակի միջոցառումներին: Եվ ավելին, նրա ելույթը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ. «Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի հանդեպ կիրառված բռնության միջազգային դատապարտմանը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Դմիտրիեւիչ Սազոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիայի նախագահը հենց նոր հիշեց այդ մասին, համատեղ հայտարարության մեջ տեղի ունեցածն ուղղակի անվանեցին հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Ռուսաստանի նախագահի մասնակցությունը Երեւանում հիշատակի միջոցառումներին բարոյականության հաղթանակի համոզիչ դրսեւորում է գլոբալ քաղաքականության մեջ, որը Ռուսաստանի ղեկավարությունը վարում է այսպես կոչված Real Politic-ի դոգմատիկային բնորոշ ցինիկ պրագմատիզմի դեմ, որով քողարկվում են տարատեսակ պուտչերի, պետական հեղաշրջումների, գունավոր հեղափոխությունների, անխնա քաղաքացիական պատերազմների հրահրման համար: Որպեսզի ասածս զուտ հուզական պոռթկում չթվա, հիշենք որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահի` Հայաստան այցի նախօրեին: Եվ այսպես, 2014թ. դեկտեմբերի 1, Անկարա, Թուրքիա: «Եվրահանձնաժողովի դիրքորոշումը հաշվի առնելով, հաշվի առնելով այն, որ մենք թույլտվություն չենք ստացել Բուլղարիայից, կարծում ենք, որ Ռուսաստանը հնարավորություն չունի զարգացնելու այդ նախագիծը (նկատի ունի «Հարավային հոսքը»- Ա.Գ.): Մենք ստիպված կլինենք վերանայել մեր մասնակցությունն այդ նախագծին: Նկատի ունենալով Թուրքիայի աճող պահանջները` մենք պատրաստ ենք ոչ միայն ընդլայնել «Երկնագույն հոսքը», այլեւ կառուցել եւս մեկ խողովակաշարային համակարգ, որպեսզի ապահովենք թուրքական տնտեսության պահանջարկը... Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի որոշումների ինքնուրույնությունը, այդ թվում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հարցերում: Թուրք գործընկերները չզոհեցին իրենց շահերը հանուն ոմանց օտար քաղաքական հավակնությունների»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինը 2014թ. դեկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում: Եվ ահա, հինգ ամիս անց, ս.թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ Պուտինի այցը Հայաստան: Նրա խոսքը Ծիծեռնակաբերդում (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր- ծան. խմբ.) չէր կարող անտարբեր թողնել Թուրքիային այդ իրադարձության հանդեպ: Պաշտոնական Անկարայի արձագանքը, ինչպես եւ պետք էր սպասել, եղավ անհապաղ եւ հիվանդագին խայթոցներով լի. «Արդեն առաջին անգամ չէ, Երբ Ռուսաստանն օգտագործում է ցեղասպանություն բառն այդ հարցում: Ես խիստ դառնացած եմ, որ Պուտինը գնաց այդ քայլին: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում եւ Ղրիմում, անհերքելի է: Նրանք պետք է սկզբում բացատրեն, թե ինչ է տեղի ունենում այնտեղ` ցեղասպանություն ասելուց առաջ»,- ասել է Էրդողանը Անկարայում տված մամուլի ասուլիսում: ՌԴ նախագահի խոսքը պակաս ցինիկ քննադատության չենթարկվեց նաեւ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից: Այնտեղ ասացին, որ Ռուսաստանը, որպես երկիր, որտեղ վերջին հարյուր տարվա ընթացքում «տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, աքսորներ, քաղաքական պատժի այլ մեթոդներ են կիրառվել», անհամեմատ ավելի լավ պետք է իմանա, թե ինչ է ցեղասպանությունը:
Բնավ պատահական չէ, որ նշեցի որոշ մանրամասներ` կապված վերջին ամիսների ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ թուրքական ղեկավարության արձագանքը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի այցին` Երեւանում մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին, ռուսական կողմի համար միանգամայն կանխատեսելի էր, ինչպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, այնպես էլ նախագահի աշխատակազմի համար: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Ռուսաստանի ղեկավարության գործողությունները: Ինձ համար անվիճելի է մի բան. այսուհետ Ռուսաստանի Դաշնությունը միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես մեծ տերություն, որի գործողությունների հիմքում դրված է Միջազգային իրավունքը: Այն հանդես է գալիս որպես գլոբալ քաղաքականության իրականացնող, որը հենվում է ոչ միայն իր հզոր ռազմական ներուժի, իր պատկառելի ռեսուրսների, բազմաթիվ ազգերի եւ ժողովուրդների համախմբվածության վրա: Նրա ուժը Ճշմարտությունն է: Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության ուժը հենվում է արդարության եւ բարձր բարոյականության վրա, որն առհասարակ չի ընդունում երկակի չափորոշիչները` հօգուտ տնտեսական (անգամ շատ նշանակալի) շահի եւ քաղաքական կոնյունկտուրայի: Եթե որեւէ մեկն այս հաշվով կասկածներ էլ ուներ, կարծում եմ, դրանք լիովին ցրվեցին, պարզապես չքացան Սիրիայում ընթացող դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Մեծ հարգանքի է արժանի Ռուսաստանի նախագահի անսասան կեցվածքը Սիրիայում ողբերգական արյունահեղության կասեցման գործում:
Ռուսաստանի ազնիվ եւ վեհանձն քաղաքականությունը Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցի` Հայաստանի հանդեպ, անկասկած, ավելին է, քան ռուս-հայկական երկկողմանի հարաբերությունները: Կարծում եմ, որ այն անպայման կդառնա անշրջելի նոր փոփոխությունների սկիզբ Հարավային Կովկասի հանրապետությունների եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում, նրանց կողմից Ռուսաստանի դերը վերաիմաստավորելու սկիզբ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում: Սակայն սա նույնպես այլ հոդվածի թեմա է:
Այժմ փորձենք գտնել Հայաստանի եւ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջեւ հարաբերությունների դրական փոփոխությունների ակունքները, փոփոխություններ, որոնք դրսեւորվեցին 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում: Իսկ դրա իմաստավորման համար հիշենք վերջին տարիների հատկապես նշանակալի իրադարձությունները, որոնք աշխարհին նորովի ներկայացրին արդի Հայաստանը:
Մտովի տեղափոխվենք 2009թ.: Շվեյցարական Համադաշնություն, Ցյուրիխ, 10 հոկտեմբերի. Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեթ Դավութօղլուն Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Տնտեսական հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, 2013թ. սեպտեմբերի 3. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու եւ այդ նպատակով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու որոշման մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանեց Հայաստանի Հանրապետության այս որոշումը եւ հայտնեց ռուսական կողմի պատրաստակամությունը` բազմակողմանիորեն նպաստել այդ գործընթացին»,- ասվում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն ստորագրվեց Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում ընթացած բանակցությունների արդյունքում: Հօգուտ Եվրասիական ընկերակցության կատարված քաղաքական ընտրության հատուկ նշանակությունը պայմանավորված է նրանով, որ դա արվեց այն պահին, երբ Եվրամիության հետ ասոցիատիվ համաձայնագրի կնքման եւ Հայաստանի` ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի մտնելու պայմանագրի կնքման հարցը լուծված էր համարվում, մնում էր միայն ստորագրել համաձայնագիրը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների ղեկավարների` 2013թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում: Հայաստանի Հանրապետությունը` հանձին նախագահ Սերժ Սարգսյանի, հերթական անգամ հանդես եկավ որպես Ռուսաստանի հուսալի դաշնակից, որը հավատարիմ է մնում «Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի» (ստորագրվել է 1997թ. օգոստոսի 29-ին) ոգուն: Ավելին, Հայաստանը ներկայանում է որպես հուսալի գործընկեր ՀԱՊԿ-ին անդամակցության գծով իր պարտավորությունների շրջանակում: Հարկ է առանձնապես նշել, որ այդ նույն օրը` 2013թ. սեպտեմբերի 3-ին, Հայաստանի նախագահը հայտարարեց նաեւ, որ պաշտոնական Երեւանը մտադիր է խորացնել համագործակցությունը եւ շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ, որոնք չեն հակասի Մաքսային միությանն անդամակցությանը: Իր այս հայտարարությունը նա հաստատեց 2013թ. հոկտեմբերի 2-ին` ելույթ ունենալով ԵԽԽՎ խորհրդաժողովում, եւ հայտարարելով, որ Հայաստանը կմասնակցի «Արեւելյան գործընկերության»` Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին եւ պատրաստ է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագիրը: Ինքնիշխան Հայաստանի ընտրյալ նախագահի այս սուվերեն որոշումը, իհարկե, ոչ անմիջապես, բայց լսվեց Եվրոպայում: Այսպես, մայիսի 21-22-ին «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովին մեկնելուց առաջ ելույթ ունենալով խորհրդարանում` ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, Եվրամիության հետ աշխույժ բանակցությունների կողքին, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության հետ»: Խիստ հատկանշական է, որ այդ նույն ելույթում Անգելա Մերկելը նաեւ ասաց. «Արեւելյան գործընկերությունն» ուղղված չէ երրորդ կողմերի դեմ, եւ ամենից առաջ` Ռուսաստանի դեմ: Ես կկրկնեմ, որ խոսքը չի վերաբերել եւ չի վերաբերում «կամ-կամ»-ին, ԵՄ-ի հետ մերձենալուն` մի կողմից, եւ մյուս կողմից` Ռուսաստանի ցանկությանը` ավելի սերտ գործընկերություն հաստատել հարեւան պետությունների հետ: Ուստի, մենք պատրաստ ենք խոսել մտահոգության մասին` կապված ազատ առեւտրի գոտի ստեղծելու հետ այնտեղ, որտեղ այդ մտահոգությունները կան: ԳԴՀ կառավարությունը կրկնում է, որ Եվրամիությունը պատրաստ է վարել այդ բանակցությունները, այն դրանք վարում է ներկա պահին Ռուսաստանի հետ, եւ մենք դրանց շատ կառուցողական ձեւով կուղեկցենք»: Այս առնչությամբ չեմ կարող չհիշել Հայաստանի տարատեսակ «բարյացակամների» (ինչպես եվրոպացի, այնպես էլ ռուսաստանցի) մռայլ կանխատեսումները, որոնք ամեն տեսակ ապոկալիպտիկ հանգուցալուծումներ էին գուշակում Հայաստանի համար այն պարագայում, եթե հրաժարվեր ԵԱՏՄ-ին անդամակցությունից կամ հրաժարվեր ստորագրել ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագիրը «Արեւելյան գործընկերության» շրջանակում: Ժամանակը, որը բուռն էր տարբեր կողմերից Հայաստանի նախագահի հասցեին արվող հարձակումների իմաստով, ամեն բան իր տեղը դրեց: Ս.թ. հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ ս.թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում, ԵՄ արտաքին գործերի նախարարների գագաթաժողովում ընդունվեց որոշում Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության նոր իրավական բազայի ստեղծման բանակցությունների մանդատով օժտելու մասին:
Մեր անդրադարձը, իհարկե, ամբողջական չի լինի, եթե չհիշատակենք հայ ժողովրդի առանցքային հիմնախնդիրների` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ ԱՄՆ քաղաքական էլիտայի վերաբերմունքի մասին: Հիանալի տեղեկացված լինելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի միանշանակ ապակառուցողական դիրքորոշման մասին, որը լիովին վայելում է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակից Թուրքիայի հավանությունը, ԱՄՆ ավելի քան 80 կոնգրեսականներ` ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի եւ դեմոկրատ Էլիոթ Էնջելի գլխավորությամբ, բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահի աշխատակազմին, որում անհանգստություն են հայտնել հակամարտության գոտում լարվածության թեժացման հետ կապված: Նամակում կոնգրեսականներն առաջարկում են հստակ քայլեր, որոնք առաջիկայում կյանքեր կխնայեն եւ թույլ կտան խուսափել պատերազմից, իսկ ապագայում կնպաստեն երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Շատ կարեւոր է, որ նամակի հեղինակները նշել են, որ թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը պատրաստ են աջակցել կոնգրեսականների առաջարկած միջոցներին, որոնք կփրկեն մարդկային կյանքեր, սակայն Ադրբեջանը պատշաճ դիրքորոշում չի ցուցաբերել: Նշենք նաեւ, որ ս.թ. մարտի 18-ին Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեւիդ Վալադաոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը եւ այլ կոնգրեսականներ ու ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ մշակել են բանաձեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ արդարության մասին, որում կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ջանքեր գործադրել հայ-թուրքական ազնիվ, կառուցողական եւ ամուր հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Բանաձեւում նշվում է, որ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի եւ հետեւանքների լիակատար ճանաչման վրա:
Ընթերցողների ուշադրությունը վերջին մի քանի տարիների իրադարձությունների վրա վերստին սեւեռում եմ բնավ ոչ ազատ ժամանակի ավելցուկի պատճառով: Ըստ իս` դա օրախնդիր անհրաժեշտություն է: Չէ՞ որ Հայաստանի օրինակով հստակ երեւում է, թվում է, թե անլուծելի հակասությունների լուծման հնարավորությունը:
Այս իրողությունների ընկալումը սկզբից եւեթ հասկանալի էր Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Եվ դրանք, ըստ էության, իրականություն են դարձել հիմնականում Հայաստանի իշխանությունների կշռադատված արտաքին քաղաքականության շնորհիվ: Միեւնույն ժամանակ, դա հստակ պատասխանատվություն է դնում Հայաստանի Հանրապետության քաղաքական դասի վրա, որը, անկախ իր քաղաքական հակումներից, պետք է համակվի Հայաստանի առջեւ բացված նոր հնարավորությամբ հենց այս տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարում: Մեր ժողովուրդը վերջին հարյուր տարում աշխարհին ցույց տվեց իր իսկական քրիստոնեական քաղաքակրթական էությունը, որն առաջ բերեց բարի կամքի տեր բոլոր մարդկանց, մեծ տերությունների, աշխարհի ժողովուրդների հարգանքն ու համերաշխությունը: Յուրաքանչյուր հայի պատվի գործն է` ամուր պահել այս ամենը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի խորհրդարանական
պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության
նախագահ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk