«ՄԵՆՔ, ԻՀԱՐԿԵ, ԱՅԴ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐԻՆ ՉԵՆՔ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ, ԻՀԱՐԿԵ, ԱՅԴ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐԻՆ ՉԵՆՔ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ»
Հոկտեմբերի 31-ի լույս առավոտյան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի 37 երիտասարդ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի գլխավորությամբ ուխտագնացության անվան տակ դավադրություն էին կազմակերպել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վերջիններս նախ մեկնել էին Խոջիվանք, այցելել Րաֆֆու եւ Հ. Թումանյանի գերեզմաններին, այնուհետեւ շարժվել դեպի Թբիլիսիի Նոր Էջմիածին եկեղեցի, սակայն, հանկարծ «ուխտավորները» վերածվել էին ազգուրաց ակտիվիստների ու որոշել ի տես վրացիների խայտառակել սեփական երկիրը: Տեղեկանալով, որ նույն օրը Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու վերաօծման արարողությունն է, եւ որին ներկա է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շտապել էին այնտեղ ու բողոքի ակցիա իրականացնել` ոչ կոռեկտ վանկարկումներով: Թե ինչու հանկարծ Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի մասնակիցներն իրենց քարոզարշավը որոշեցին իրականացնել հարեւան երկրում, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նաեւ Սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի պետի տեղակալներից մեկն է:
«ԱՅՍՕՐ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ, ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԹՈՒՐՔԻԱ ԳՆԱՆ, ԱՊԱ` ԱԴՐԲԵՋԱՆ»
–Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի, այսպես ասած, ակտիվը հայտնվեց Թիֆլիսում ու իր քարոզարշավը իրականացրեց այնտեղ:
– Ի՞նչ նպատակով են գնացել, կարո՞ղ է տարածքն են շփոթել ու մտածել են, թե դա էլ է մեր ընտրատարածքը, եւ դրա համար են գնացել: Բնականաբար, նրանք որեւէ ուրիշ անելիք չունեն, եւ նրանցից որոշները պետք է մտածեն` ինչպես վարկաբեկեն Հայաստանի Հանրապետությունը, ինչպես վարկաբեկեն ՀՀ իշխանություններին: Եթե մարդիկ արդեն իշխանության գալու մոլուցքով են տառապում եւ չունեն այդ ռեսուրսը, այդ հնարավորությունները, բնականաբար, պետք է նման ճղճիմ քայլերի դիմեն, որոնց պատասխանը կտան իրենց սերունդները, ինչպես նաեւ հանրությունը կտա համապատասխան գնահատականներ:
– Գուցե «ոչ»-ի ճակատում հույսները կտրե՞լ են հայ ժողովրդից, դրա համար էլ որոշել էին վրացիների շրջանո՞ւմ հիմնավորել իրենց «ոչ»-ը:
– Նրանք ինչպե՞ս պետք է հիմնավորեն իրենց «ոչ»-ը: Չեն կարող հիմնավորել որեւէ կերպ, որովհետեւ մեր այսքան տարիների թե՛ սահմանադրական բարեփոխումների, թե՛, ընդհանրապես, օրենսդրական դաշտի հետ կապված լավագույն առաջարկություններից մեկն է այս սահմանադրական բարեփոխումները, որը միանշանակ ընդունվում է ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ միջազգային հանրության կողմից: Եվ քանի որ մարդիկ չունեն հիմնավորումներ` դրան «ոչ» ասելու, պետք է սկսեն վարկաբեկիչ, ինչ-որ սադրիչ գործողություններ ծավալել: Մենք, իհարկե, այդ պրովոկացիաներին չենք ենթարկվելու, այլ մեր գործն ենք կատարելու:
– Ի դեպ, սադրանքների մասին` էլ ի՞նչ կարելի է սպասել «Նոր Հայաստանից», որոնք հանուն հանրաքվեին «ոչ» ասելու, կարծես թե պատրաստ են կարելիի սահմանը հատել:
– Այսօր Թբիլիսիում են իրենց քարոզարշավն իրականացնում, վաղը կարող է Թուրքիա գնան, ապա` Ադրբեջան... Դրա գնահատականն էլ կտա ժողովուրդը: Ես չգիտեմ` ուր պետք է գնան, կամ որոնք կլինեն նրանց հաջորդ քայլերը, բայց մենք մեր գործն ենք անելու մեր ժողովրդի հետ:
«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ, ՈՐ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԻՐԵՆՑ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵԻՆ»
–Դեպքը հատկանշական էր նաեւ նրանով, որ դրան նախորդել էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը: Ավելին` ըստ իրենց իսկ տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են ՓՈԽԱԴԱՐՁ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Արդյո՞ք սա կարելի է պատահականություն համարել:
– Զարմանում եմ, որ հաճախակի են լինում այդ հանդիպումները, եւ նրանց հանդիպումներից հետո ԱՄՆ դեսպանատունն ինչ-որ նամակներ է գրում... Համենայնդեպս, ես չէի ցանկանա ասել, որ ինչ-որ ուղղորդվող քայլեր են, բայց կցանկանայի, որ մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ինքնուրույն իրենց ճակատագիրը որոշեին եւ ինքնուրույն քայլեր կատարեին:
– Կրկին վերադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշվին` եւս մեկ հարց` չե՞ք կարծում, որ «այո»-ի քարոզարշավը այս շրջանում մի փոքր դանդաղում է:
– Ոչ, ամեն ինչ իր ընթացակարգում է: Մենք ներքին կազմակերպչական աշխատանքներ ենք կատարում եւ նոյեմբերի 6-ից կսկսենք նոր թափով իրականացնել այդ աշխատանքները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

