ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԸ
Արխիվ 12-16ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԸ
Սպասվում էր, որ անցած կիրակի Թուրքիայում ¥նաեւ՝ Ադրբեջանում¤ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կդառնան անցած շաբաթն ամփոփող հիմնական իրադարձությունը: Բայց ահա դրա նախորդ օրը Եգիպտոսի՝ Սինայի թերակղզու երկնքում Շարմ-Էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ռուսական Airbus 321 ինքնաթիռի կործանման պատմությունն ստվերեց մյուս բոլոր իրադարձությունները: Եվ ոչ միայն այն պատճառով, որ պատահարը ողբերգական էր բառիս բուն իմաստով եւ խլեց 214 մարդու, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ երեխաների կյանք: Դրանից զատ՝ կա նաեւ մեկ այլ պատճառ, որն այդ ողբերգությունն էլ ավելի ցցուն է դարձնում: Խոսքը աղետի, գոնե նախնական տվյալներով` միանգամայն տարօրինակ պատճառների մասին է:
ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ
Առաջին տարօրինակության մասին դեռ քիչ է խոսվում, սակայն այն կարող է միանգամայն առանձնահատուկ դեր ունենալ այս պատմության մեջ: Աղետի նախօրեին Վիեննայում 19 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ ծանր քննարկումներ ունեցան սիրիական հակամարտության շուրջ եւ արդեն ուշ երեկոյան հայտարարեցին համատեղ պայմանավորվածությունների մասին: Մանրամասնենք. խոսքը հիմնականում միմյանց հետ սուր հակասություններ ունեցող երկրների մասին է, օրինակ՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի կամ, գագաթնակետում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Գումարած դրան՝ թե ինչ սրություն ունի պայմանավորվածության թեման՝ սիրիական հակամարտությունը, թերեւս հիշեցնելու կարիք էլ չկա: Եվ, վերջապես, պայմանավորվածությունները, ըստ էության, այն քաղաքական ծրագրի շրջանակներում էին, որը տարիներ շարունակ ներկայացնում էր Ռուսաստանը: Այն է՝ Սիրիայում ներքին բախումները պետք է դադարեցվեն եւ ոչ թե զենքով, այլ՝ քվեաթերթիկներով. հենց սիրիական ժողովուրդն է որոշելու, թե ինչ ապագա եւ իշխանություն է ուզում: Իսկ ահաբեկչական ուժերը, որոնք, չմոռանանք, որ սերտ կապեր ունեն այդ համաժողովին մասնակցող պետություններից շատերի հետ, հայտարարվում են չարիք եւ ենթակա են ոչնչացման: Մի խոսքով՝ այս համաձայնագիրն արդեն իսկ փաստացի ցույց է տալիս, թե ինչ խորքային փոփոխության է ենթարկվել աշխարհի կառավարման համակարգը եւ դրանում ինչ առանցքային դեր է ստանձնել Ռուսաստանը: Եվ պատահակա՞ն էր, որ այդ փաստն այդքան ակնհայտ ֆիքսվելուց հաշված ժամեր անց նույն Սիրիայից ոչ շատ հեռու կործանվեց ռուսական ինքնաթիռը: Այն էլ, երբ աղետի պատճառների հետ կապված` համառորեն առաջին պլան է շարժվում ահաբեկչության վարկածը:
Համենայնդեպս՝ փաստերը, որոնք սկսել են բացահայտվել, հենց այդ վարկածն են ավելի առաջնային դարձնում: Մասնավորապես՝ օդաչուները արտառոց իրավիճակի մասին որեւէ հաղորդագրություն, ինչպես արդեն հաստատվել է, չեն փոխանցել: Իսկ դա հուշում է, որ տեխնիկական առումով թռիչքը նորմալ էր, եւ ամեն ինչ տեղի է ունեցել վայրկենապես: Նույնը երեկ հաստատեց նաեւ ՌԴ միջպետական ավիացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն. «Ինքնաթիռը կործանվել է օդում...»: Այսինքն՝ ինքնաթիռը, մասնագիտական լեզվով ասած, վայրկնապես ապահերմետիկացվել է: Իսկ նման դեպքերում այնտեղ գտնվողները գրեթե ակնթարթորեն զոհվում են, ինքնաթիռն էլ բեկորների բաժանվելով, ընկնում է ցած:
Իհարկե՝ ապահերմետիկացման տարբեր պատճառներ կարող են լինել: Նախ՝ թռչող այլ օբյեկտի կամ մթնոլորտային գերկտրուկ եւ անոմալ ուժեղ տատանումների հետ բախումը, ինչը կոնկրետ դեպքում արդեն իսկ բացառվել է: Երկրորդը, եթե շարժիչներից մեծ բեկորներ պոկվեն եւ հարվածեն ինքնաթիռին: Սա հավանական տարբերակ է, բայց խոսքը միանգամայն թարմ եւ բավականին հուսալի Airbus 321-ի մասին է, որը, պաշտոնական տվյալներով, բոլոր տեխնիկական ստուգումներն անցել էր: Այսինքն՝ տեխնիկական մասնատման վարկածը կա, սակայն բավականին փոքր հավանականությամբ:
Այսպիսով՝ գոնե այս պահի տվյալներով գերիշխող է դառնում ներքին պայթյունի պատճառով ապահերմետիկացման տարբերակը: Այդ պայթյունն էլ կարող էր ամենատարբեր պատճառներով լինել, սակայն ոչ պաշտոնապես ահաբեկչության տարբերակը դարձել է ամենաքննարկվողը: Ավելին՝ քննարկումներն սկսել են տեղափոխվել նաեւ այն հարթություն, թե ով կարող է պայթյունների մեղավորը լինել եւ ահաբեկչության վարկածի հաստատման դեպքում Ռուսաստանից ինչ ռեակցիա է սպասելի:
ԿԱ՞Ր ՄՈՍԿՎԱՅԻՆ ԵՎ ԿԱՀԻՐԵԻՆ ԳԺՏԵՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ
Իհարկե՝ ահաբեկչության վարկածի հաստատվելու դեպքում ռուսական ռեակցիայի հարցում անգամ նախնական գնահատականներ դեռ հնարավոր չէ առաջ քաշել, առավել եւս, որ ՌԴ ԱԳՆ-ն էլ է հայտարարում, որ սպասում է աղետի հետաքննության պաշտոնական արդյունքներին: Բայց մեկ է՝ հավանական մեղավորների փնտրտուքն օրակարգում է, եւ հիմնական սլաքներն արդեն իսկ ուղղված են նման իրավիճակներում արդեն ավանդական մեղավորի վերածված «Իսլամական պետության» դեմ: Տրամաբանությունը հետեւյալն է. միշտ էլ կարելի է Շարմ-Էլ-Շեյխի` այսինքն արաբական օդանավակայանում ինքնաթիռի ասենք՝ բեռնարկղ պայթուցիկ մտցնել: Միգուցե, բայց ԻՊ-ին ի՞նչ կտար այս ահաբեկչությունը, բացի նրանից, որ ռուսները կարող են էլ ավելի ծանր ռազմական գործողությունների դիմել Սիրիայում: Միգուցե ԻՊ-ում կամ, չբացառենք, նրա պատվիրատուների մոտ ա՞յս հաշվարկն էր: Շարմ-Էլ-Շեյխը եգիպտական օդանավակայան է, այնուհետեւ՝ օդանավն ուղեկցում էին եգիպտական դիսպետչերները եւ բուն աղետն էլ այդ երկրի տարածքում էր: Այսինքն՝ անվտանգության ողջ պատասխանատվությունը, առավել եւս ահաբեկչության դեպքում, եգիպտական իշխանությունների վրա է: Եվ նկատենք, որ եթե իրոք պայթյուն է եղել, ապա այն կազմակերպված էր հենց այնպես, որ դա հնարավոր լիներ արագորեն բացահայտել եւ բոլոր հարցերով պատասխանատվությունը մնար Եգիպտոսի վրա. հակառակ դեպքում՝ ինքնաթիռը պարզապես կընկներ ծովը եւ վերջ: Այս առումով, անշուշտ, պատահական չէ, որ պաշտոնական Կահիրեն աղետի պատճառների քննությանը ՌԴ-ին մասնակցության ամենալայն, աննախադեպ համարվող հնարավորություններ տվեց՝ միանգամից հասկացնել տալով, որ իրականության բացահայտումն իրեն չի անհանգստացնում: Պատահական չի կարող լինել նաեւ, որ Եգիպտոս մեկնած ռուսական պատվիրակությունն ունի նման դեպքերի համար աննախադեպ բարձրաստիճան՝ նախարարական կազմ: Այսինքն՝ այն տպավորությունն է, որ ինչպես Կահիրեն, այնպես էլ՝ Մոսկվան հասկանում են, որ այս աղետը կարող է ծանր խնդիրներ առաջացնել վերջին ժամանակներս բավականին լուրջ ընթացք ունեցող երկկողմ հարաբերություններում: Մասնավորապես՝ սիրիական հակամարտությունն ընդգծված ներիսլամական՝ շիա-սուննիական բախման երանգ չստացավ նաեւ այն պատճառով, որ ՌԴ-ին հաջողվեց իր այդ զարգացող հարաբերություններով հնարավորինս չեզոքացնել շիայի առաջատարներից մեկը հանդիսացող Եգիպտոսին: Բայց ահա այս փուլում, երբ Վիեննայում ռուսներին հաջողվեց նման դիվանագիտական ճեղքման հասնել, սիրիական այդ տեսանելի դարձող հավասարակշռությունը կարող է եւ խախտվել, եթե Եգիպտոսի հետ խնդիրներ առաջ գան:
Եվ նկատենք, որ հենց այն պահին, երբ սիրիական թեմայով սպասվում է նաեւ Թուրքիայի դիրքերի հստակեցում: Կիրակի օրվա ընտրություններում, ինչպես որ քանիցս ենթադրելու առիթ ունեցել էինք, Էրդողանին հաջողվեց վերականգնել կորցրած խորհրդարանական մեծամասնությունը: Բայց նաեւ՝ այնպիսի ծանրագույն խախտումներով եւ ճնշումներով, որ հիմա միանգամայն խոցելի է դարձել ինչպես արեւմտյան «դեմոկրատական» քննադատությունների, այնպես էլ՝ հետագա ներքին «հեղափոխությունների» եւ քրդերի հետ պատերազմի առաջ: Իհարկե՝ Էրդողանը պահպանում է իր ռազմական ուժը եւ հնարավորություն ունի ճնշել ամեն մի անհնազանդություն: Սակայն դրա տեսանելի ապագան ծայրահեղ քաոսն է, որին տնտեսական առանց այն էլ ծանր իրավիճակը հազիվ թե դիմանա: Այս իրավիճակում Էրդողանն ի՞նչ նոր ընթացք կտա մեծամասնությունը կորցնելուց առաջ ռուս-ամերիկյան հակամարտության արանքում կողմնորոշվելու իր քաղաքական մանյովրներին, մոտ ժամանակներս պարզ կդառնա: Սակայն այս պահին էլ է փաստ, որ հետ ստանալով կառավարություն կազմելու հնարավորությունը, Էրդողանը պետք է փորձի նաեւ բավականին խարխլված տարածաշրջանային դիրքերը, այդ թվում՝ սիրիական ուղղությամբ հետ վերցնել: Բայց նաեւ հաշվի առնելով ներքին ցնցումների վտանգը, որը շատ բանով կախված է Վաշինգտոնից: Սրան էլ ավելացնենք, որ եթե Airbus 321-ի հարցով պաշտոնապես հաստատվի ահաբեկչության վարկածը, ապա թերեւս Ռուսաստանը բոլոր սլաքները կուղղի ԻՊ-ի դեմ, հնարավոր է նաեւ՝ Սիրիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու միջոցով...
Մի խոսքով՝ հարցականները դեռ շատ են, բայց կարելի է կռահել, որ Վիեննայի հիշատակված գագաթաժողովը տարածաշրջանում ինչ-որ նոր խաղի մեկնարկ տվեց, որտեղ կարող է եւ ուժային գործոնը առաջնային դիրքերում լինել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk