Ռուսական ինքնաթիռը կործանվել է արտաքին գործոնների ազդեցության հետևանքով
Արխիվ 12-16Ռուսական ինքնաթիռը կործանվել է արտաքին գործոնների ազդեցության հետևանքով
«Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որին պատկանում էր Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռը, կարծում է, որ А321 ինքնաթիռը կործանվել է արտաքին միջամտության հետևանքով, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնագովսկին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Սինայի թերակղզում վթարված ինքնաթիռը չէր կարող տեխնիկական ինչ-որ համակարգի խափանման պատճառով ոչնչացվել օդում: Մինչ ինքնաթիռի ընկնելը, այն, հավանաբար, զգալի կառուցվածքային վնաս է կրել, կարծում են «Կոգալիմավիայում»:
Ավիաընկերության ներկայացուցիչը նաև հաղորդել է, որ А321 ինքնաթիռի երկու շարժիչները հոկտեմբերի 26-ին փորձաքննություն էին անցել, և որևէ խնդիր չէր հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ էին տեղափոխվել ավիավթարի հետևանքով զոհված 224 մարդկանցից 144-ի մարմինները:
Ըստ ռուսական իշխանությունների՝ ավիաաղետի զոհերի մարմինները տեղափոխող 2-րդ ինքնաթիռը «Պուլկովո- 2» կժամանի նոյեմբերի 2-ի երեկոյան:
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։
Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk