ՔԱՀԱՆԱ. «ՀԵԼՈՈՒԻՆԸ ԴԵՎԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ, ՉԱՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
Արխիվ 12-16ՔԱՀԱՆԱ. «ՀԵԼՈՈՒԻՆԸ ԴԵՎԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ,
ՉԱՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
Հոկտեմբերի 31-ին կաթոլիկները նշում են Հելոուինը, արդեն սկսել են նախապատրաստվել տոնին, բայց արի ու տես, որ նրանց հավասար եւ ավելի ջանասիրաբար նախապատրաստվում են նաեւ որոշ հայաստանցիներ: Հելոուինի օրը երեւանյան փողոցները վերածվում են իսկական դժոխքի, որտեղ կիսախելագար եւ դիմակավորված մարդիկ սարսափ են տարածում անցորդների շրջանում: Ու այս ամենը հելոուինյան ջատագովների համար դառնում է զվարճանք, որն իրականացնելու համար ոչինչ չեն խնայում: Ամեն տարի տոնի հիմքերը մեզանում ավելի են ամրապնդվում` շնորհիվ այն մարդկանց, ովքեր դեռ այդ «տոնից» շաբաթներ առաջ սկսում են իրենց «քարոզարշավը»: Այս դեպքում, գոնե հայ «հելոուինամոլները» պետք է օրինակ վերցնեն Վրաստանից, որտեղ օրերս տեղի ունեցավ բողոքի ակցիա` դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում Հելոուինը արգելելու համար:
Իսկ թե Հայաստանում ինչու են շարունակում նշել կաթոլիկների տոնը, «Իրավունքը» փորձեց պարզել մշակույթի որոշ գործիչներից եւ հոգեւորականից:
«ՆՄԱՆ ՏՈՆԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ»
Օձունի ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆ.
- Այս տոնի հետ կապված` մեզանում ոչ թե ընդօրինակում են, այլ կապկում ամերիկացիներին: Ցավալի է, որ մարդիկ նշում են Հելոուինը եւ չգիտեն դրա իմաստն ու բովանդակությունը: Հայոց ցեղասպանությունից հետո մազապուրծ եղած մեր հայրենակիցները կարողացել են օտար երկրում պահել իրենց հավատքն ու լեզուն, հիմնադրել եկեղեցիներ ու դպրոցներ: Բայց այսօր Հայաստանից մեկնողները շատ արագ ձուլվում են այլ ժողովուրդներին, նույնիսկ մեկ սերունդ հետո նրանց երեխաները դադարում են խոսել հայերեն: Հելոուինը դեւերին նվիրված, չարի պաշտամունքի երեւույթ է, որը դեմ է Հայ առաքելական եկեղեցուն, նման տոնը մենք չենք խրախուսում: Դեմ չենք լինի այլ ժողովուրդների տոներին, եթե դրանք ունենան հոգեւոր ու բարոյական, ինչպես նաեւ դաստիարակիչ հիմնավորում: Մեր եկեղեցին տոների պակաս չունի, եւ հայ երիտասարդությունը պետք է նախեւառաջ դրանք ընկալի, այլ ոչ թե առանց գիտակցելու, ներմուծի օտարներինը: Կոնկրետ Օձունում այդ տոնին երեբեւէ չեն նախապատրաստվել, փոխարենը նշում ենք ազգային եւ եկեղեցական տոները:
«ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ»
«Կարին» ավանդական երգ ու պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական
ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ.
- Սա սխալ լուսաբանման եւ օտար փողերի լուրջ ներդրման արդյունք է: Ցավոք, մեզանում կան մարդիկ, որոնց միջոցով դրսից ներդնում են ամենը եւ աղճատում մեր տեսակը: Թերանում ենք ազգային տոները լրջորեն իրականացնելու ու լուրջ վերաբերվելու մեջ: Հելոուինը հենց այնպես չէր կարող տեղի ունենալ, կան հատուկ տարածքներ, որտեղ այն իրականացնում են` մեծ գումարների հաշվին ապահովում մարդկանց արդուզարդը, դիմակներն ու գլխարկները: Եթե հետեւենք Շ. Հոլմսի խոսքերին, ապա յուրաքանչյուր հանցագործության մեջ պետք է փնտրել ֆինանսական հետքեր: Որոշ կառույցներ եւ կազմակերպություններ անում են ամեն ինչ, որ մեր տոների փոխարեն օտարածինները նշենք:
«ՉԳԻՏԵՄ` ԱՅՍ ՏՈՆՆ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ»
Գեղանկարչուհի, ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.
- Մեզ մոտ կա Բարեկենդան, որի ժամանակ երեխաները գեղեցիկ հագուստներով գնացել են մուտքերի մոտ եւ ստացել խնձոր` որպես տիեզերքի պտուղ: Իսկ այսօր մարդիկ հրեշի կերպարներով են այդ ամենն անում: Այն ավանդույթները, որոնք ունենք, ունեն նաեւ բոլոր ազգերը, նայած, թե որ ազգն ինչպես է տոնում եւ ձեւակերպում դրանք: Այսօր մեր ավանդույթները շատ չեն լուսաբանվում, հեռուստատեսությունը դրանց վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է տալիս ու վերջ: Իսկ մեկ օրվա ընթացքում մարդկանց կողմից չեն կարող ընկալվել հազարավոր տարիների արժեքները: Գիտելիքի պակասի հետեւանքով է, որ Հայաստանում նշում են Հելոուինը: Չգիտեմ` այս տոնն ինչպե՞ս հասավ Հայաստան, երեւի, Եվրոպայի հետ շփման արդյունքում էր, որից հետո էլ երիտասարդությունը սկսեց ճոխ նշել: Եթե հայ երիտասարդներն այդ ճոխությունը ներդնեն իրենց ազգային տոները նշելիս, ապա ամեն ինչ շքեղ կլինի, ինչն էլ կարող ենք փոխանցել հաջորդ սերունդներին, այլապես ոչինչ չենք կարող ասել հաջորդ սերունդներին:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk