ՎԵՐԱԴԱՐՁԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԲԵՐԵԼ ԲԵԼԳԻԱՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀՈՒՆ
Արխիվ 12-16ՎԵՐԱԴԱՐՁԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԲԵՐԵԼ ԲԵԼԳԻԱՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀՈՒՆ
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնում է Վերադարձի
Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 2-ին, Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը տեղի կունենա Վերադարձի դասական Երաժշտության 8-րդ Փառատոնի Դաշնամուրային երաժշտության երեկո-համերգ, որտեղ դաշնամուրային երկացանկի բարդագույն ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բելգիաբնակ տաղանդաշատ մեր հայրենակցուհի, ՀՀ Նախագահի մրցանակակիր ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանի մասին աշխարհահռչակ Մարիա-Ժոաո Պիրեսն ասել է. «Լիլիթն ունի գերհզոր, վճռական, հստակ եւ հաստատակամ երաժշտական լեզու»:
Լիլիթ Գրիգորյանը սկսել է դաշնամուր սովորել 7 տարեկան հասակում` Արքուհի Հարությունյանի մոտ: Նրա ուսուցիչների շարքում են Սերգեյ Սարաջյանը, Աբդել Ռահման Էլ Բաչաանդը եւ Մատիաս Կիրշներեյտը: Նա նաեւ խորհրդատվություններ է ստացել անվանի երաժիշտներ Մենահեմ Պրեսսլերի, Էլիզաբեթ Լեոնսկայայի, Դմիտրի Բաշկիրովի, Լարս Վոգտի, Զոլտան Կոսսիզի կողմից:
Գերազանց ավարտելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Ռոստոկի երաժշտական ակադեմիան, ներկայումս Լիլիթը ստեղծագործում է Ելիզավետա Թագուհու երաժշտական դպրոցում Մարիա-Ժոաո Պերեսի դասարանում: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մի շարք միջազգային հայտնի երաժշտական փառատոների:
2012-ի փետրվարին թողարկվել է Լիլիթ Գրիգորյանի առաջին սկավառակը` Սկարլատիի, Շումանի, Բարտոկի եւ Խաչատրյանի գործերով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk