Ջոնի Հովհաննիսյանը խոստանում է. «ԵՍ «ԶՈՄԲԻՆԵՐԻՆ ԱՐԹՆԱՑՐԵՑԻ, ԵՍ ԷԼ ԿՔՆԵՑՆԵՄ»
Արխիվ 12-16Ջոնի Հովհաննիսյանը խոստանում է. «ԵՍ «ԶՈՄԲԻՆԵՐԻՆ» ԱՐԹՆԱՑՐԵՑԻ, ԵՍ ԷԼ ԿՔՆԵՑՆԵՄ»
«Երազ» գործարանում, ապա Թոխմախի Աղի լիճ կոչվող տարածքում հայտնված հայելազգեստ հերոս, հայկական դհոլի զարկեր, զոմբիներ… Հենց այսպիսին կլինի իր ոճով մշտապես առանձնացող հայտնի դհոլահար ՋՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նոր տեսահոլովակը, որն ընդամենը մի քանի օրից կհանձնվի հանրության դատին: Տեսահոլովակի նկարահանման մանրամասների ու բովանդակության մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Ջ. Հովհաննիսյանի հետ:
- Ջոնի, տեսահոլովակի անոնսից կարելի է եզրակացնել, որ բավական յուրօրինակ անակնկալ է սպասվում Ձեր արվեստի սիրահարներին: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս ծնվեց տեսահոլովակի գաղափարը:
- Գաղափարը ծնվել էր հենց իմ առաջին տեսահոլովակի ժամանակ, որովհետեւ ուզում էի, որ գործունեությունս շարունակական լիներ: Միտքը հիանալի ռեժիսոր եւ իմ պրոդյուսեր Արսեն Երեմյանինն էր, ու մեզ հաջողվեց ստանալ գեղեցիկ լուծումներով, համենայն դեպս, տարբերվող տեսահոլովակ:
- Որքա՞ն ժամանակ է տեւել նկարահանումները:
- Նկահարահանումները տեւել են 28 ժամ, եղանակը ցուրտ էր եւ խոնավ, բայց ամբողջ անձնակազմը քրտնաջան աշխատեց:
- Հակիրճ կներկայացնե՞ք, թե ինչ է սպասվում տեսահոլովակի սյուժեում:
-Սյուժե չկա…Փոխարենը կան պարային գեղեցիկ ու յուրօրինակ լուծումներ եւ նորովի քոչարի:
- Ի վերջո, հայկական դհոլի ազդեցության տակ հաջողվո՞ւմ է բարիացնել տեսահոլովակում առկա «զոմբիներին»:
- Ավելի ճիշտ հաջողվում է հետ պահել ինձ վտանգից: Եվ այն հաջողվում է անել հենց դհոլի զարկերի շնորհիվ, որովհետեւ եթե չլինեն դհոլի հզոր զարկերը, զոմբիների վտանգը կավելանա:
- Ի՞նչ հետաքրքիր միջադեպեր են եղել, հատկապես «զոմբիներին» նկարահանելու ընթացքում:
- Հիշեցի, որ նկարահանման ամբողջ անձնակազմը զգուշանում եւ խուսափում էր մթության մեջ «զոմբիներին» հանդիպելուց, որովհետեւ ահավոր սարսափելի էր: Անգամ հենց «զոմբիներն» էին խուսափում հայելու մեջ նայելուց:
-Անդրադառնանք նաեւ Ձեր հայելանման հագուստին` ո՞վ է հեղինակը եւ արդյոք սա ընդամենը լուսային էֆեկտի արդյունք չէր:
- Ո՛չ, հագուստը կազմված էր կոտրտված հայելիներից եւ ասեմ, որ բավական ծանր էր, մոտավորապես կշռում էր 10 կիլոգրամ: Իսկ հագուստի դիզայները Անուշ Հովհաննիսյանն է:
- Ջոնի Հովհաննիսյանին հաջողվեց անգամ իր դհոլի զարկերի ներքո արթնացնել «զոմբիներին»: Էլ ի՞նչ սպասել Ձեզնից առաջիկայում:
- Իսկապես, երեւի թե, սա էլ հաջողվեց: Այնպես որ, ես արթնացրեցի, ես էլ կքնեցնեմ «զոմբիներին» (ծիծաղում է Ջ. Հովհաննիսյանը-հեղինակ):
- Ե՞րբ վերջապես կդիտենք այս տեսահոլովակն ամբողջությամբ, որովհետեւ այս օրերին հատկապես համացանցում այն արդեն իսկ դարձել է լայն քննարկման առարկա:
- Շնորհակալ եմ իմ ստեղծագործական գործունեությանը հետեւողներին: Իմ երկար սպասված տեսահոլովակի պրեմիերան կկայանա նոյեմբերի 5-ին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk