ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ. «ՄԵՐ ՓԱՌԱՊԱՆԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԳՏԵԼ»
Արխիվ 12-16ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ. «ՄԵՐ ՓԱՌԱՊԱՆԾ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԳՏԵԼ»
«Իրավունքը» նախորդ տարի անդրադարձել էր Երեւանի Բաբաջանյան փողոցի 103 շենքի 22 բնակարանի բնակիչ Սողոմոնյանների ընտանիքի խնդրին: Հիշեցնենք` Սողոմոնյանների ընտանիքը, ինչպես պնդում է Հովհաննես Սողոմոնյանը, դարձել է խաբեության զոհ, որում իր ուրույն դերակատարությունն է ունեցել, ինչպես մեզ հետ զրույցում նշում է Սողոմոնյանը, վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը: Նա ամեն կերպ ցանկանում է վերականգնել Սողոմոնյանների բնակարանի կեղծ առք ու վաճառքի պայմանագիրը, որը դատական երեք ատյանները չեղյալ են համարել: Իսկ նման վաշխառուներ մեր երկրում քիչ չեն:
Բնակարանի կեղծ առքուվաճառքի պայմանագիրը անօրինական համարելու համար վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին: Որպես երրորդ կողմ՝ դատական սույն գործում ներգրավված են նաեւ Սողոմոնյանների ընտանիքը: Սույն գործով դատական վճիռը կայացվեց 2014 թվականի հոկտեմբերի 22-ին. վարչական դատարանը մերժեց Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ կադաստրի պետական կոմիտեի:
Դատական սույն գործը նոր փուլ է թեւակոխել: Վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը, ինչպես «Իրավունք»-ին հայտնեց Հովհաննես Սողոմոնյանը, դիմել է վերաքննիչ դատարան` բողոքարկելու վարչական դատարանի դատավճիռը: Վերաքննիչն էլ ետ է ուղարկել գործը` վերանայման նպատակով:
Ինչ վերաբերում է սույն դատական գործով առաջին վաշխառուին` Արթուր Միրզոյանին քրեական պատասխանատվության ենթարկելուն, Հովհաննես Սողոմոնյանի խոսքով` չորս անգամ դիմել է իրավապահներին. «Մեր փառապանծ ոստիկանությունը, սակայն, ոչինչ էլ չի գտել, փաստեր չկան, անզոր են»:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի վեցին` ժամը 11:00-ին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk