ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց տոնի կազմակերպիչը` ՌԴ ում բնակվող մեր հայրենակցուհի, հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ: Միջոցառման շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայազգի 7 մոդելավորողի հագուստների հավաքածուները`ամենօրյայից մինչեւ կուտյուրային: «Այս յուրատեսակ տոնին, որը կրում է «armFASHIONday» խորագիրը, մասնակցում են ինչպես ռուսաստանյան նորաձեւության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ` Նարինե Հարությունյանը` «NARNY», Անի Մանուկյանը` «Ani Manoukian»,ինչպես նաեւ սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝ Արաքսիա Վիտան`«Araksia Vita», Արմինա Գոմցյանը`«A.Գreeg», Րեգինա Ակոպովան`«Regina Akopova», Աննա Մուրադյանը`«Amurstyle», որոնց առաջ, համոզված ենք, կբացվեն նորաձեւության` շքեղ եւ, միեւնույն ժամանակ, բարդ աշխարհի դռները», -
վստահեցնում է Ն. Նիազյանը: Ի դեպ, Հայաստանից մոսկովյան նորաձեւության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյունեցին`«Artem Syuneci»:
Իսկ թե ինչպես ծնվեց գաղափարը` համախմբելու հայ դիզայներներին` մեկ միջոցառման ներքո, մեզ հետ զրույցում «armFASHIONday»-ի կազմակերպիչը մանրամասնեց. «Ես հաճախ եմ տարբեր հաղորդումների շրջանակներում կրում վերոնշյալ հայ դիզայներների հագուստները, ինչպես նաեւ մասնակցում բազում ֆոտոշարքերի`որպես ֆոտոմոդել: Եվ սա էլ առիթ դարձավ, որ ծնվի այս գաղափարը, եւ մեր դիզայներները ներկայանան մոսկվաբնակ հայ հանրության ուշադրությանը մասշտաբային միջոցառման շրջանակներում, ինչպիսին նոյեմբերի 27-ին կայանալիք «armFASHIONday» է, որի կազմակերպման վրա մեծ թիմ է աշխատում: Այնպես որ, սիրով հրավիրում ենք մոսկվաբնակ մեր հայրենակիցներին մասնակցելու աշնանային` հայկական երանգներով հագեցած գեղեցիկ երեկոյին:»:
Հավելենք, որ միջոցառումն իր նախապատրաստական փուլում հասցրել է մի շարք ռուսաստանյան անվանի պարբերականների եւ նորաձեւության աշխարհում հայտնի անձանց ուշադրությանն արժանանալ, որոնք ցանկություն են հայտնել ներկա գտնվել եւ լուսաբանել «armFASHIONday»-ը: Չմոռանանք նշել նաեւ, որ երեկոյի երկրորդ հատվածում հյուրերին սպասում է համերգային ծրագիր` էստրադային հայտնի կատարողների մասնակցությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk