«Նույնիսկ Բագրատյանն է գիտակցում, որ 1995 թվականի հանրաքվեում չի եղել ժողովրդի ընտրությունը»
Արխիվ 12-16«ՆՈՒՅՆԻՍԿ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ Է ԳԻՏԱԿՑՈՒՄ, ՈՐ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ»
Իրեն ամենաընդդիմադիրի տեղ դրած ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ այնքան ոգեւորվեց ընդդիմությունում լիդերի դեր զբաղեցնելու գաղափարով, որ սկսեց ընդդիմությանը մեղադրել ընտրակեղծիքներին նպաստելու ու իրենց ուժերը ճիշտ չօգտագործելու մեջ, ինչն առաջացրեց մի շարք օպոզիցիոն պատգամավորների վրդովմունքը: Սակայն, «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ այլաբանորեն մեկնաբանեց մարուքյանական ելույթը.
– Ես այդպես չեմ գնահատում, որ ընդդիմությանը որեւէ մեկը մեղադրում է: Մեղադրանքները եղել են միտված` կոչով բոլորին դիմելուն: Եթե վերցնում ենք այսօրվա օրենքի խնդիրը, թե ինչպես են կարգավորում ընտրական հանձնաժողովները, ապա ստացվում է, որ 6 քաղաքական ուժ կարող են ներկայացնել այնտեղ իրենց անդամներին: Եվ եթե դրան գումարում ենք դիտորդների խնդիրը, ապա հանձնաժողովը դառնում է մոտավորապես 10 անձ, որը պետք է ներկայացվի ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից: Եվ ընդամենը 4-5-ը ներկայացվում է իշխող ուժի կողմից: Հասկանալի է, որ սա արդեն մեծ բան է, որ ընդդիմությունն ունի մեծամասնություն, ընդամենը պետք է փորձեն իրենց մարդկանց ասել, որ այդ ամենը ճիշտ անեն, այսինքն` օրենքի տառին համաձայն: Ինձ այդ «վստահված անձ» բառի մեջ հենց վստահության խնդիրն է հետաքրքիր, եթե քաղաքական ուժը չի կարողանում վստահի նույնիսկ իր սեփական վստահված անձին, ապա այստեղ կա մեծ խնդիր: Այնպես որ, ինձ չի թվում, թե որեւէ ելույթ, որը հնչել է, եղել է ինչ-որ մեկին մեղադրելու համար: Երեւույթներն են քննարկվել, իսկ եթե որեւէ մեկն իր վրա է վերցրել, շատ ցավում եմ այդ իմաստով: Միգուցե, էմոցիոնալ դաշտի մեջ այդպես է ընկալվել շատերի համար, բայց ես սովոր եմ ոչ թե էմոցիոնալ էլեմենտը լսել, եւ եթե խոսքերը մեկնաբանում ես, ապա մեղադրանքը ուղղվում է բոլորիս: Չմոռանանք նաեւ, որ այս ամենը խնդիր է մեծ անվստահության: Վստահ եմ, որ անգամ 1995 թվականին էլ է քննարկվել ընտրողների թանաքոտման հարցը, բայց այն ժամանակվա իշխող կուսակցությունները այնպիսի հանրաքե անցկացրին, որ մինչեւ հիմա շատ մարդիկ, նույնիսկ Հրանտ Բագրատյանն իր ելույթի մեջ, ըստ էության, ասաց, որ 1995 թվականի հանրաքվեում չի եղել ժողովրդի ընտրությունը: Եթե ինքն է ասում, որ «եկեք գոնե մեկ անգամ» արդար ընտրություն անցկացնենք, այլ ոչ թե` «այս անգամ էլ», արդեն ամեն ինչ պարզ է: Ի դեպ, մարդիկ լավ հիշում են նաեւ 2005 թվականի սահմանադրության հանրաքվեն անցկացնող վհուկներին: Բոլոր հարցերի պատասխանները կան, ընդամենը պետք է թերթել եւ տեսնել, թե ովքեր են եղել այդ ամենի գլխին կանգնած:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk