Պ. Մակեյանն իր անձնական հարաբերությունները դրել է մի կողմ ու խաղում է լեվոնզուրաբյանական կանոններով
Արխիվ 12-16Պ. ՄԱԿԵՅԱՆՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ, ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԵԼ Է ՄԻ ԿՈՂՄ ՈՒ ԽԱՂՈՒՄ Է ԼԵՎՈՆԶՈՒՐԱԲՅԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատում գործող «Նոր Հայաստան» նախաձեռնությունն իր քաղաքական դեմքերի բազմազանությամբ իսկապես ուշագրավ է: Սակայն որոշ բացառություններով վերջիններիս միավորում է ոչ թե սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու գաղափարը, այլ այն, որ նրանք ունեն արեւմտյան կողմնորոշում եւ միգուցե արեւմտյան հովանավորչություն: Իսկ թե նրանց շարքում ինչպե՞ս հայտնվեց նախկին ՀԱԿ դաշինքի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:
– Պարոն Մակեյան, Ձեզ դժվար էր պատկերացնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ «Նոր Հայաստանի» մաս կազմող մյուս քաղաքական գործիչների կողքին, որոնք ընդգծված արեւմտյան կողմնորոշում ունեն: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք միանալ նրանց:
– Մեզ մոտ այդ հարցը քննարկվել է. կա արեւմտամետ կողմնորոշում ունեցող, կա` ռուսամետ եւ կա բուն հայամետ` Հայաստանի, հայ ժողովրդի շահերը պաշտպանող: Չեմ կարծում, որ ռուսամետները կամ արեւմտամետները Հայաստանի շահերը չեն պաշտպանում: Եվ բոլոր Ձեր թվարկած ու չթվարկած մարդիկ եւ ուժերը վեր են դասել Հայաստանի շահերը եւ, բնականաբար, ժամանակավորապես մի կողմ են դրել իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումները:
– «Նոր Հայաստանում» հայտնվել են այնպիսի քաղաքական դեմքեր, որոնք վերջին շրջանում իրենց բավական վարկաբեկել են հանրության առաջ: Չե՞ք կարծում, որ նրանց հետ համագործակցությունը նաեւ ստվեր է գցելու Ձեր եւ Ձեր կուսակցության վրա:
– Նախ համամիտ չեմ Ձեր հարցադրմանն ու նաեւ պնդմանը, որ համախմբված ուժերը վարկաբեկված են: Ուղղակի, հայաստանյան վարչախումբը, ՀՀ իշխանությունները, հայաստանյան կառավարման քրեաօլիգարխիկ մոդելն այնպիսին է, որ ցանկացած արդարամիտ եւ վճռական քաղաքական ուժի կարող է ինչ-որ մի պահի նման իրավիճակում դնել, որ չկողմնորոշվի` կա՛մ պետք է արյունահեղություն լինի, կա՛մ զիջի: 2008-ը մեզ փաստ, երբ ընդդիմությունը, հասարակությունը շատ ավելի վճռական գտնվեց, իսկ վարչախումբը ավելի անկառավարելի եւ անվերահսկելի դուրս եկավ ու կրակեց ժողովրդի վրա: Հիմա այսպիսի պարագայում գնահատականներ տալ ու նման որակավորումներ տալ, կարծում եմ, տեղին չէ:
– Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի շտաբի պետ է դարձել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ում հետ այսօր հայտնվել եք նույն ճամբարում, մինչդեռ, Դուք էլ լավ գիտեք, որ հենց նա մեծ ներդրում ունեցավ ՀԱԿ դաշինքի կազմալուծման գործում:
– Վերջին հարցադրմանը համամիտ եմ, բայց չեմ ուզում այսօր անդրադառնալ ՀԱԿ-ի գործողություններին: Բոլոր դեպքերում, մենք այսօր գործում ենք նույն դաշտում եւ ունենք պայմանավորվածություն` չխոչընդոտել, չքննադատել: Հետեւաբար, ես պարտավոր եմ` անկախ անձնական կամ կուսակցական մեր հարաբերություններից, նախկինում արվածից ու չարվածից, խաղալ խաղի կանոններով:
– Ըստ Ձեզ` այսօր «ոչ»-ի ճակատն ունի՞ որեւէ հեռանկար` հաջողության հասնելու:
– Կյանքը ցույց կտա, կարծում եմ` եթե հաշվի առնենք հասարակության տրամադրությունները եւ հասարակության վերաբերմունքը գործող վարչախմբին, հնարավորությունները շատ մեծ են: Ուղղակի, ժամանակը ցույց կտա, թե այդ հնարավորությունները մենք եւ «ոչ»-ի ճակատը կկարողանա՞նք իրականություն դարձնել, թե` ոչ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

