ՀՖՖ-Ն ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԵՐԿԱՐ ԼՌԵԼ
Արխիվ 12-16ՀՖՖ-Ն ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԵՐԿԱՐ ԼՌԵԼ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի համար սկսվել է «արձակուրդային» շրջան: Եվրո-2016-ի ընտրական փուլն այլեւս անցյալում է, իսկ մյուս ֆուտբոլային իրադարձություններին եւ, մասնավորապես, Աշխարհի առաջնության նախընտրական փուլին դեռ պետք է սպասել:
Սակայն, չնայած խաղեր չկան, բայց այս պասսիվությունն էլ անհասկանալի է: Այսինքն՝ Եվրո-2016 կոչվող կատաստրոֆայից հետո պետք է, որ արդեն իսկ սկսված լինեին առնվազն թիմի ապագայի մասին քննարկումները: Սակայն քննարկումներ չկան եւ մոտ ժամանակներս, ըստ տրամաբանության, չեն էլ լինի: Համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է պահպանել համառ լռությունը, ձեւացնելով, որ ամեն բան ընթանում է ըստ նախատեսվածի: Անգամ այն բանից հետո, երբ համացանցը ողողվեց սերբական եւ ալբանական մամուլի այն հոդվածներով, որ Հայաստան-Ալբանիա հանդիպումը վաճառված էր, ու հայկական ֆուտբոլի գլխին կախվեց բավականին լուրջ վտանգ, ՀՖՖ-ն ոչ մի հայտարարություն չարեց, չպարզաբանեց ու նույնիսկ չհերքեց:
Բայց ասել, թե սա նոր բան է, սխալ կլիներ. նույն քաղաքականությունը արդեն երկար տարիներ է, որ «հաջողությամբ» ծառայում է ՀՖՖ-ին. իսկ ինչի՞ համար ինչ-որ բաներ ասել կամ արդարանալ, եթե կարելի է պարզապես լռել ու թողնել, որ բոլոր խոսակցությունները եւ քննադատություններն իրենք իրենց սպառվեն եւ ինքնուրույն հանդարտվեն: Մինչդեռ՝ հիմնախնդիրներին արդեն թիվ ու համար չկա: Նախ՝ հավաքականի գլխավոր մարզչի հարցն է: Սարգիս Հովսեփյանի մնալու կամ գնալու մասին նունպես ոչ մի խոսք ՀՖՖ-ից չի լսվում: Իհարկե հավաքականում Հովսեփյանի մարզչական կարճ փորձը հուշեց, որ շարունակության իմաստն իսկապես չկա: Բայց ահա նույնիսկ մարզչին փոխելու-չփոխելու հարցով իր լռությամբ ՀՖՖ-ն արդեն իսկ հասցրել է խոսակցությունների տեղիք տալ, որ Ռուբեն Հայրապետյանը փորձելու է ամեն կերպ Հովսեփյանին պահել, դրա համար էլ նախընտրում է այս պահին ուղղակի կրակի վրա յուղ չլցնել: Արդյունքում մեկ պարզ հարց է առաջ գալիս՝ ի վերջո ո՞ւմ առաջ է պատասխանատու ՀՖՖ-ն՝ իր գործունեության համար, եթե ոչ այն ֆուտբոլասերների, որոնք անկախ ամեն ինչից, մշտապես աջակցում են թիմին: Ամենայն հավանականությամբ, ֆեդերացիան սպասում է, որ երկրպագուները մոռանա՞ն մարզչին փոխելու իրենց պահանջների եւ առաջարկների մասին: Լավ, բայց չէ՞ որ այդ մասին կհիշեն հավաքականի առաջին իսկ խաղից եւ պարտությունից հետո...
Չնայած՝ շրջանառվում են նաեւ խոսակցություններ, որ ՀՖՖ-ն փորձում է խնդրին մյուս կողմից մոտենալ. նախ վերանայել հավաքականի կազմը՝ փորձելով այն համալրել «դրսի» մի շարք առաջնություններում վերջին ժամանակներս աչքի ընկնող, բայց ՀՖՖ-ի «աչքը չմտած» ֆուտբոլիստների հաշվին, եւ այս ուղղությամբ, ի դեպ, բավականին լուրջ ռեսուրսներ կան: Այսինքն՝ հասնել գոնե Աշխարհի առաջնության ընտրական փուլին նախատեսված ընկերական հանդիպումների փուլ, եւ եթե ուժեղացված կազմով հնարավոր լինի ինչ-որ հուսադրող մակարդակ ցուցաբերել, ապա Հովսեփյանի պաշտոնակնության հարցն էլ միանգամից դուրս կգա օրակարգից: Չնայած, ըստ մեր նույն աղբյուրների, ՀՖՖ-ում ֆուտբոլից իրոք գլուխ հանող մասնագետները «մի փոքր» այլ կարծիք ունեն. ցանկացած կազմի դեպքում անգամ, Հովսեփյանը հաջողության քիչ շանսեր ունի, եւ Աշխարհի առաջնության մեկնարկին մարզչի փոփոխությունը կարող է զրոյականացնել անգամ լավագույն հայազգի ֆուտբոլիստներով համալրված հավաքականի շանսերը: Այսպիսով՝ գնդակը նորից տեղափոխվում է ՀՖՖ նախագահի կիսադաշտ, ով արդեն երկար լռելու հնարավորություն չի ունենա, եւ, ըստ մեր աղբյուրի, մոտ ժամանակներս, այնուամենայնիվ, ՀՖՖ-ի արձագանքը կլինի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk