«ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԷ ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԻՆ ՊԱՏԱՆԴ»
Արխիվ 12-16«ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԷ ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԻՆ ՊԱՏԱՆԴ»
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցեցին Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Իսկ այսօր արդեն նրանք կլինեն Բաքվում: Հերթական այցելությունը Հայաստան-Արցախ-Ադրբեջան առանձնացավ նրանով, որ այսօր արդեն համանախագահները հայտարարում են Արցախյան հիմնախնդրին վերջակետ դնելու մասին: Ավելին` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսում է «հակամարտության համընդգրկուն լուծումներից»: Այս համատեքստում, թե արդյոք կարելի է ասել, որ Արցախյան հիմնախնդիրն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը հասնում է իր կուլմինացիային, «Իրավունքը» պարզեց խնդրից քաջատեղյակ պատգամավորներից` այն ներկայացնելով «Կլոր սեղան» ձեւաչափով:
«ՈՐԵՎԷ ԲԵԿՈՒՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ` բանակցությունների գործընթացում որեւէ բեկում չի սպասվում. «Ուղղակի, կարծում եմ, որ այդ բառակազմը, որն օգտագործվում է համանախագահների կողմից, նույնպես ինչ-որ իմաստով գործիք է հանրությունների վրա ազդեցություն թողելու համար` հաշվի առնելով, որ վերջին սահմանային սրացումների արդյունքում նահանջ է կատարվել բանակցային գործընթացի նկատմամբ եղած լավատեսությունից, ի դեպ, երեք հանրություններում էլ` Արցախում, Հայաստանում, Ադրբեջանում: Այսինքն` եթե մի պահ, մեզ պատկերացնենք համանախագահների գործառույթային դաշտի ներքո, ապա առաջին հերթին մի կողմից պետք է ամեն ինչ անել եղած լարվածությունը թուլացնելու եւ բերելու ինչ-որ նոր իրավիճակի` շատ լավ հասկանալով մեղավորներին: Ըստ էության, համանախագահները կփորձեն մի կողմից այդ լարվածությունը թուլացնել, մյուս կողմից կփորձեն հանրություններին ինչ-որ լավատեսության որոշակի իմպուլս հաղորդել: Եվ այս առումով կփորձեն նաեւ ակտիվացնել բանակցային գործընթացի հնարավորությունը, օրինակ, նույն նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու խնդրի եւ, իհարկե, քայլեր ձեռնարկելու` վստահության միջոցների եւ հետաքննության մեխանիզմների հետ կապված: Սա է նրանց աշխատանքային ուղղությունը: Այնպես որ, որեւէ բեկում չեմ տեսնում, եւ սա կապված չէ ո՛չ Ուորլիքի խոսքից, ո՛չ էլ մյուս համանախագահների հայտարարություններից: Բեկում արձանագրելու համար հասունության որոշակի աստիճան է պետք, ինչը կախարդական փայտիկով արվող բան չէ»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, արցախցի ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ նույնպես գտնում է, որ հիմնախնդրի լուծման մասին խոսելը բավական վաղ է. «Մինչեւ չունենանք այնպիսի իրավիճակ, որտեղ բանակցային սենյակում նստած կլինեն երեք կողմ` ՀՀ, ԼՂՀ ներկայացուցիչներն ու Ադրբեջանը, ես չեմ էլ ասի, որ հիմնախնդրի լուծման համար բանակցությունները սկսվել են: Իսկ մինչ այդ, ընդամենը Մինսկի խմբի համանախագահները փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի պահպանեն զինադադարը: Եվ իրենք էլ են գիտակցում, որ ամեն անգամ, երբ բանակցությունները պետք է պատրաստեն, ցանկացած կողմը ձգտում է ուժեղ դիրքերից մտնի բանակցային սենյակ»: Պարոն Պողոսյանի կարծիքով` այսպես թե այնպես, Հայաստանն ուժեղ դիրքերում է. «Իրավական դաշտում, պատմական դաշտում որեւէ խնդիր չունենք, իսկ ռազմական դաշտից էլ, եթե խնդիրը դիտարկենք, ապա միայն եւ միայն հաղթանակներ է գրանցվում մեր հզոր բանակի շնորհիվ` լինի ԼՂՀ Պաշտպանության բանակը, թե ՀՀ Զինված ուժերը»:
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՀ-Ն ԵՎ ԼՂՀ-Ն ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ»
Հիմնախնդրի լուծման հարցում «սայլը տեղից չշարժվելու» եւ բանակցային գործընթացի տեղում դոփելու հարցում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները միաձայն շեշտում են Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը ու մատնանշում ադրբեջանական իշխանությունների ռադիկալ վարքագիծը: Այս մասին ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց. «Մենք այսօր տեսնում ենք Ադրբեջանի հռետորաբանությունը, եւ դրան գումարվել է նաեւ ագրեսիվ կեցվածքի, պահվածքի ահավոր մեծ, լրացուցիչ մի էլեմենտ, այդ թվում` նախընտրական տրամադրություն կոչվածը: Ընտրությունների անմիջական նախաշեմին` մինիմալ ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ ճաղերի հետում են հայտնվում: Ընդ որում քաղաքական ընդդիմադիր ուժերը տարիուկես առաջ էին ձերբակալվում, հիմա արդեն անձերին է հերթը հասել: Եվ այս ռադիկալիզմի դաշտում ակնկալել ինչ-որ բեկումնային զարգացումներ բանակցային գործընթացում, խելքին մոտ չէ»: Շարունակելով թեման` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորն էլ հավելեց. «Ադրբեջանն ամեն անգամ փորձում է ինչ-որ մի բան նախաձեռնել բանակցային փուլից առաջ, որ ավելի հզոր դիրքերից երեւա եւ փորձում են մինչեւ հաջորդ հանդիպում սրել իրավիճակը, որպեսզի հանդիպումն ընդամենը քննարկում լինի սրացման մասին: Չնայած վստահ եմ, որ երեք համանախագահող երկրներն էլ այն կարողությունների տեր են, որոնք կարող են իրենց եղած նույն արբանյակներն օգտագործել` փաստահավաք առաքելությունով պարզելու համար, թե ովքեր են խախտում կամ ով է սկսում խախտումներ անել սահմանին: Եվ եթե որեւէ այսպիսի լուրջ քայլերի չդիմեն, ապա մենք կունենանք մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանի ագրեսայի պատճառով Հայաստանը եւ ԼՂՀ-ն ստիպված են լինելու անվտանգության գոտին ընդլայնել: Այդ ժամանակ պետք է նոր բանակցություններ սկսել` նոր զինադադարների իմաստով, ոչ թե հիմնախնդրի, այնպես որ, հիմնախնդրի մասին խոսելը հիմա շատ շուտ է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk