ՉՊԵՏՔ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՋԵՑՎԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Արխիվ 12-16ՉՊԵՏՔ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՋԵՑՎԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Երեկ խորհրդարանում` բավական թեժ մթնոլորտում` փոխադարձ վիրավորանքների, բոցաշունչ ելույթների ներքո, շարունակվեց «2014 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» ՄԻՊ զեկույցի քննարկումը, որը ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ամփոփելով զեկույցի քննարկումն ու տեղի ունեցած խորհրդարանական ելույթների «փոխհրաձգությունը»` «Իրավունքը» զրուցեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ նշեց, որ չի ցանկանում պատասխանել քաղաքական հարցերի:
«ՀՈՒՍԱՄ` ՍԽԱԼՎԵԼ ԵՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՈՒՄ»
–Տիկին Վարդանյան, վերոնշյալ զեկույցի վերաբերյալ Ձեր ամփոփիչ ելույթում նշեցիք, որ ՄԻՊ-ի զեկույցում բարձրացված մի շարք խախտումների մասին Ձեր հանձնաժողովի ձեռքում են համապատասխան գերատեսչությունների պատասխանները: Հետաքրքիր է, թե մեծամասամբ որքանո՞վ էին դրանք հուսադրող` զեկույցում առկա խնդիրները հերքելու կամ հաստատելու տեսանկյունից:
– Այո, գերատեսչություններից ունենք պատասխաններ, եւ մինչ այդ, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը մեր հանձնաժողովում քննարկվել է նաեւ այդ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բնականաբար, գերատեսչությունների մի մասը, պարզապես, անհամաձայնություն է հայտնում նշված խախտումների հետ` բերելով հիմնավորումներ: Իսկ համակարգային որոշ խնդիրների վերաբերյալ կան համաձայնություններ, հատկապես, եթե խնդիրը օրենսդրական որոշակի փոփոխությունների հետ է կապված: Օրինակ, այդպիսի համակարգային խնդիրների վերաբերյալ համաձայնություններ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը, եւ իր կողմից արդեն իսկ կան հիմնավորված որոշակի օրենքների նախագծեր, որոնք կարծես թե շրջանառության մեջ են: Կար նաեւ մի այսպիսի տպավորություն. գերատեսչությունների կողմից ասվում էր, որ` այո, ընդունում ենք, կան այդպիսի խնդիրներ եւ այլն, բայց պատրաստակամություն` այդ խնդիրները լուծելու, թերեւս իմ անձնական կարծիքն է, չէր նկատվում: Ինչեւէ, հուսամ` սխալվել եմ իմ անձնական կարծիքում, եւ գերատեսչությունները եւս պատրաստակամ կլինեն վերացնելու այն համակարգային խնդիրները, որոնք ծնում են հազարավոր մարդկանց իրավունքների խախտումներ:
«ԻՄ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ»
–Խորհրդարանականները պահանջում էին ՄԻՊ-ից լուծումներ ներկայացնել իր զեկույցում մատնանշված խախտումների շուրջ: Ըստ Ձեզ` կարո՞ղ է այս ինստիտուտը լուծումներ գտնել, օրինակ, ինչպես ասվեց ԱԺ ամբիոնից, խաղողի մթերման հարցում:
– Այստեղ իմ որոշ գործընկերների տեսակետների հետ համաձայն չեմ, որովհետեւ իրավասություն ունի օմբուդսմենը բարձրաձայնել խնդիրներ եւ ներկայացնել առաջարկներ այդ խնդիրների լուծման ուղղությամբ, բայց այստեղ անհրաժեշտ է համապատասխան մարմինների, այդ թվում նաեւ Ազգային ժողովի պատրաստակամությունը խնդիրները լուծելու: Եթե տարիներ շարունակ մարդու իրավունքների պաշտպանը խնդիրները բարձրաձայնում է, եւ դրանք այդպես էլ լուծումներ չեն ստանում, առանձին դեպքերում հենց, օրինակ, Ազգային ժողովի մեղքով, բարդել այդ ամենը Մարդու իրավունքների պաշտպանի վրա, կարծում եմ, այդքան էլ արդար չէ:
«ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ ՈՐՈՇԱԿԻ ԷՄԻՈՑԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԷՐ»
–Իր ամփոփիչ ելույթում Կարեն Անդրեասյանը խոսեց «հոգեցունց» շեշտադրումներով: Ի՞նչ կասեք այս մասին:
– Կարող եմ իմ գնահատականը հնչեցնել, որ, բնականաբար, պարոն Անդրեասյանի վերջին ելույթը որոշակի էմոցիաների ազդեցության տակ էր, բայց ասել, թե արդյոք ճիշտ մոտեցում էր, թե` ոչ, այս պահին չեմ պատրաստվում:
– Գուցե պարոն Անդրեասյանը կիսվե՞լ է Ձեզ հետ, թե ում նկատի ուներ` ասելով, որ «գիտի այն ոտքը, որը իջեցրել է իր դեմ վիրավորական ելույթ կազմակերպող անբարո պատվերը»:
– Ո՛չ, այդպիսի խոսակցություններ չեն եղել...
– Այնուամենայնիվ, նա բոլոր քննադատություններից առանձնացրեց մեկն ու տվեց պատասխան: Ինչպե՞ս եք վերաբերվում այս «փոխհրաձգությանը»:
– Կարծում եմ` ընդհանրապես Ազգային ժողովի նիստերի դահլիճն այն դահլիճը չէ, որտեղ պետք է փոխադարձ մեղադրանքներ հնչեցվեն: Եվ չպետք է ինստիտուտների խնդիրները եւ գործառույթները իջեցվեն անձնական մակարդակի, այս դեպքում` երկուստեք պետք է պահպանվի փոխադարձ հարգանքը: Ի վերջո, սա քաղաքական ամբիոն է, եւ միմիայն քաղաքական հարցերին պետք է անդրադարձ կատարվեն:
«ՈՐՈՇ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԻՊ-Ը ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ»
–Արդեն որերորդ անգամ է, ինչ ՄԻՊ-ը հայտնվում Ազգային ժողովում եւ ենթարկվում, այսպես ասած, «կտտանքների» պատգամավորների կողմից` իր դեմ ուղղված ելույթների պատճառով: Իրականում խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանի՞, թե ինստիտուտի մեջ է:
– Ճիշտն ասած, չէի ցանկանա, այդպիսի ձեւակերպումներ տալ: Ազգային ժողովում ցանկացած հարց եւ հատկապես այն հարցերը, որոնք ունեն հասարակական կարեւոր նշանակություն, լայն արձագանք են գտնում: Իսկ այստեղ մարդու իրավունքների մասին է խոսքը, որը, բնականաբար, բավականին բուռն քննարկումների առարկա է դառնում: Եվ շատ բնական էր, որ տարբեր պատգամավորներ, այդ թվում` նաեւ խմբակցությունների անունից ելույթ ունեցողները անդրադարձան ե՛ւ զեկույցին, ե՛ւ առկա խնդիրներին: Կարծում եմ` որոշ ելույթներից մարդու իրավունքների պաշտպանը հետեւություններ է անում: Որոշ ելույթներ էլ, իր գնահատմամբ, անարդարացի են լինում: Բայց, գիտեք, երբ մեղադրանքներն անձնավորված են հնչում, սա ամենեւին խնդիրների լուծմանը չի տանում: Այսինքն` անձին մեղադրել նրանում, ինչ իրականություն գոյություն ունի Հայաստանում, այնքան էլ արդար չէ: Մենք պետք է փորձենք հասկանալ` ինչ խնդիրներ են զեկույցում դրված, ինչ իրավունքներ են խախտվում, եւ ինչպիսի քայլեր պետք է անենք նաեւ մենք` Ազգային ժողովի պատգամավորներս, այդ խնդիրները լուծելու ուղղությամբ եւ չփորձենք այդտեղ մեղադրել խնդիրները ներկայացնողին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk