ՀՀ-ԵՄ, ԹԵ՞ ԵՏՄ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՀՀ-ԵՄ, ԹԵ՞ ԵՏՄ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դեռ միայն վերջերս էր, որ մեծ շուքով հայտարարվեց, թե Եվրամիությունն ու Հայաստանը տապալված տխրահռչակ «եվրաասոցացման» փոխարեն սկսում են խորացված համագործակցության նոր փաստաթղթի մշակման շուրջ աշխատանքներ: Թե դա ինչ տեսք կունենա եւ երբ կյանքի կկոչվի, դեռ ենթադրությունների դաշտում է: Բայց ահա սրան զուգահեռ` նորից սկսում է գործնական օրակարգ մտնել Եվրասիական միության եւ Եվրամիության միջեւ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարը: Իսկ եթե դա նույնիսկ քննարկումների փուլ մտնի, ապա վերջնականապես է անհասկանալի դառնալու ԵՄ-ի եւ ԵՏՄ անդամ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության ամեն մի ծրագիր, քանի որ դա, ըստ էության, դառնալու է ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի համագործակցության դրվագներից մեկը:
ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այլ հարց է, թե որքանով է տեսանելի ապագայում ռեալ ԵՄ-ԵՏՄ միասնական տնտեսաառեւտրական տարածքի գաղափարը: Նախ հիշեցնենք՝ այն դեռ տարիներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր առաջարկել՝ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընդհանուր տիրույթի տեսքով: Այն ժամանակ այդ նախաձեռնությունը համարվում էր Լոնդոն-Ստամբուլ-Պեկին գլոբալ առեւտրային սխեմայի ծրագրի այլընտրանք: Երկու դեպքում էլ իմաստը նույնն էր՝ Չինաստան-Եվրոպա հսկայական առեւտրային հոսքերը ¥այդ թվում՝ էներգետիկ¤ համապատասխան ուղղությամբ ուղղել: Ընդ որում՝ Լոնդոն-Պեկին սխեման թեեւ ուներ զուտ եվրոպական եւ մասնավորապես՝ բրիտանական ծագում, եւ ԱՄՆ-ը պաշտոնապես հիմնականում կողմ էր արտահայտվում դրան, սակայն մեկ խորքային նյուանս կար: Չինաստան-Եվրոպա առեւտուրը ներկայումս մեծ մասամբ իրականացվում է ծովային երթուղիներով, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն ունի կայուն վերահսկողություն: Այսինքն, եթե այդ առեւտրի որոշակի մասը տեղափոխվեր ցամաք՝ թեկուզեւ Ռուսաստանը շրջանցող Լոնդոն-Ստամբուլ-Պեկին ուղղությամբ, դա, ըստ էության, ենթադրում էր ԱՄՆ-ից զգալի եկամուտներ խլել, եւ պատահական չէ, որ այդպես էլ այդ ծրագիրը որեւէ առաջխաղացում չունեցավ, թեեւ այն առաջարկում էր ծովային առեւտրի համեմատ էականորեն էժան ու շահավետ պայմաններ:
Ըստ էության՝ նույն եւ մի բան էլ ավելի կարճ եւ ձեռնտու ճանապարհներով ցամաքային առեւտրի գաղափարն էր առաջ քաշում նաեւ Վ. Պուտինի առաջարկած ծրագիրը՝ Չինաստան-Եվրոպա առեւտրաշրջանառությունն ուղղորդել Ռուսաստանով, որն էլ ավելի հստակեցվեց չինական «Մետաքսի ուղու» հետ կապելով եւ ծրագրի հիմքում դնելով Չինաստան-ԵՏՄ-Եվրոպա գլոբալ ուղու գաղափարը: ԵՏՄ-ն լուծում է մի շարք պետություններով, այսինքն՝ մաքսային սահմաններով անցնելու փոխարեն` ընդհանուր մաքսային սահմանի սկզբունքի կիրառման հարցը, եթե ազատ առեւտրի համաձայնագրեր է ունենում մասնավորապես՝ Չինաստանի, Իրանի եւ ԵՄ-ի հետ: Եվ այս դեպքում արդեն նման ճանապարհը ամենակարճը լինելուց զատ` միանգամից դառնում է նաեւ ֆինանսապես ամենաշահավետը, այդ թվում՝ ծովային առեւտրի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ տնտեսական տեսանկյունից ծրագիրը ձեռնտու է բոլոր անմիջական կողմերին, միայն թե Չինաստան-Եվրոպա ահռելի առեւտրում անմիջական կողմ չհամարվող ԱՄՆ-ն է, որ կորցնում է ծովային դիրքերը:
Կա վարկած, որ նաեւ այս՝ առեւտրային գլոբալ ուղիների համար պայքարով պետք է բացատրել ներկայիս բոլոր հիմնական հակամարտությունները. Մերձավոր Արեւելքի ներկայիս վիճակը խոչընդոտում է «Մետաքսի ուղու» հարավային թեւի զարգացմանը: Այնուհետեւ՝ Աֆղանստանի իրավիճակն ու ահաբեկչական շարժումների Կենտրոնական Ասիա դուրս գալու փորձերը հարվածի տակ են պահում «Մետաքսի ուղու» կենտրոնական հատվածը: Եվ, ավելի խորքային. Ռուսաստանի ուղղությամբ հարձակումները, ուկրաինական իրավիճակը, այդ պատճառաբանությամբ՝ Արեւելյան Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ սահմաններին ամերիկյան զինուժի նկատելի աճն արդեն իսկ նշանակում է «դասական» Եվրոպային ՌԴ-ից ՆԱՏՕ-ով տարանջատելու փորձ: Եվ մյուս կողմից էլ այն աստիճան են սրվել չին-ամերիկյան հարաբերությունները, որ մասնագետներն օրակարգային են դարձրել նույնիսկ ռազմական բախման հավանականության հարցը: Իսկ տնտեսական հարթակում ԱՄՆ-ի այդ դիմակայությունը տեսանելի է մի կողմից՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ազատ առեւտրի գոտու մասին վերջերս կնքված պայմանագրով, որը ակնհայտորեն Չինաստանին մեկուսացնելու խնդիր ունի: Մյուս կողմից էլ՝ նմանատիպ պայմանագիր, այն էլ, գերգաղտնիության պայմաններում, ԱՄՆ-ը փորձում է պարտադրել նաեւ Եվրոպային՝ ինչքան էլ որ վերջինիս ակնհայտորեն ձեռնտու է եվրասիական ուղղությամբ Չինաստանի հետ առեւտրի տարբերակը: Արդյունքում՝ այդ երկու պայմանագրերը միասին Վաշինգտոնին Եվրոպա-Խաղաղ օվկիանոս տարածաշրջանում կտան առեւտրային մոնոպոլիստի կարգավիճակ:
Ո՞ՐՆ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ
Այն, որ ներկայումս հասել ենք այս գլոբալ հակամարտության պիկային փուլին, դժվար չէ նկատել: Հանգուցալուծումը, անշուշտ, կախված է մի շարք գործոններից, որոնց թվում ընդգծված են նախ՝ սիրիական պատերազմը, որից հետո էլ՝ եվրոպական միգրացիոն ճգնաժամը:
Սիրիական պատերազմի հետ կապված` օրերս մեկ հետաքրքիր դրվագ նկատվեց. Սիրիայի նախագահ Ասադը պաշտոնապես Ռուսաստանին հրավիրեց մասնակցել ոչ միայն սիրիական նավթագազային հանքավայրերի շահագործմանը ¥խոսքը նաեւ ծովային ահռելի պաշարներ ունեցող հանքավայրերի մասին է, որոնք վերջերս են հայտնաբերվել¤, այլեւ Սիրիայի հետպատերազմյան ենթակառուցվածքային վերականգնման ծրագրերին՝ հաստատելով, որ ոչ մի դեպքում այդ աշխատանքները չեն տրվի Արեւմտյան երկրներին. դրանցում մասնակցություն կունենան Սիրիային օգնող երկրներն ու առաջին հերթին՝ Ռուսաստանն ու Իրանը: Վերջին ժամանակներս քիչ չեն նաեւ պաշտոնական հայտարարությունները ռուս-իրանական խորացված տնտեսական եւ, մասնավորապես, էներգետիկ համագործակցության, Թեհրանի եւ Դամասկոսի եվրասիական ուղղվածության ծրագրերի մասին: Եվ դա նշանակում է, որ ուրվագծվում են այն գործոնները, որոնք, բացի ռազմականից, Ռուսաստանի համար Մերձավոր Արեւելքում տնտեսական դիրքեր ձեւավորելու հիմքեր կդառնան: Այդ թվում՝ էներգետիկ, եւ թե համաշխարհային էներգետիկ քարտեզն ինչ վերահսկողական փոփոխությունների կենթարկվի, եթե ռազմավարական համագործակցություն սկսեն Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան՝ իր միջերկրածովյան հիշատակված հանքավայրերով, Ասիայի ու Եվրոպայի մեջ կապող օղակի իր հարմար դիրքով, դժվար չէ ենթադրել: Առավել եւս, որ այդ համագործակցությունը, այդ թվում՝ «Մետաքսի ուղով» հոսքերը, կողմնակի ազդեցությունները պահպանելու համար համապատասխան ուժային միջոցների պակաս չունի:
Սրան զուգահեռ, ինչպես օրերս տեղեկացրեց ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, ԵՏՄ հանձնաժողովը ԵՄ-ին պաշտոնապես առաջարկեց՝ սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ բանակցություններ: Թե ինչպես կարձագանքի Եվրոպան, դեռ կտեսնենք: Սակայն այս նյուանսը պետք է հաշվի առնել: Թեեւ ԱՄՆ-ը շարունակում է մեծ ջանքեր գործադրել ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի պայմանագրի ուղղությամբ, սակայն փախստականների հոսքերը եւ դրա շուրջ առաջացած աժիոտաժը բառացիորեն աչքի առաջ հիմքից փոխում են Հին աշխարհամասի տրամադրությունները: Փորձագետները գնահատում են, որ, օրինակ, ներկայումս միայն Գերմանիա փախստականների օրական մուտքը հասել է 20 հազար մարդու, որի արդյունքում գերմանական սահմանները լայնորեն բացած կանցլեր Մերկելը հազիվ թե «ձգի» մինչեւ իր պաշտոնական պաշտոնավարման ավարտը՝ 2017թ.: Նույն կանխատեսումները կան նաեւ Ֆրանսիայի՝ Օլանդի եւ եվրոպական մի շարք այլ լիդերների հետ կապված: Փոխարենը, նույն գնահատականներով, ներկայումս Եվրոպայով մեկ բուռն ծաղկում է ապրում ազգայնականության գաղափարախոսությունը, որի թիրախում են ոչ միայն ԱՄՆ-ի հետ ներկայիս կարգի հարաբերությունները, ՆԱՏՕ-ն, այլեւ Եվրամիության եթե ոչ ոչնչացումը, ապա գոնե անդամ-պետությունների վրա ազդելու դերի էական նվազեցումը: Կարճ ասած՝ Եվրոպայում բուռն թափով վերակենդանանում է սեփական եւ ոչ թե թելադրված շահերից եւ արժեքներից ելնելով ապրելու գաղափարը: Այդ թվում նաեւ՝ սեփական շահին համապատասխան առեւտրային գործընկերների ու առեւտրային ուղիների ընտրությունը: Համենայնդեպս՝ դժվար թե պատահական լիներ, որ երեկ ՌԴ նախագահի մասնակցությամբ տրվեց դեպի Եվրոպա՝ Գերմանիա գնացող հսկայածավալ՝ տարեկան 55 մլրդ խմ թողունակությամբ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության մեկնարկը...
Բայց չմոռանանք, որ Վաշինգտոնի դիրքերը Եվրոպայում դեռ շատ ամուր են, եւ կանխատեսումների մեջ առաջ չընկնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk