«ЗАПАД НАМ ПОМОЖЕТ!», ԿԱՄ ԻՆՉՈՒ ԵՆՋՂԱԿԾԿՎՈՒՄ 5-ՐԴ ԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ
Արխիվ 12-16«ЗАПАД НАМ ПОМОЖЕТ!», ԿԱՄ ԻՆՉՈՒ ԵՆՋՂԱԿԾԿՎՈՒՄ 5-ՐԴ ԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ
Քաղաքական իրողություններին ծանոթ ցանկացած ոք կարող է վստահաբար ասել, որ եթե ինչ-որ գլոբալ ֆորսմաժոր չլինի, ապա նոր Սահմանադրության ընդունումը դեկտեմբերի 6-ին անխուսափելի հեռանկար է, ապագա փաստ: Դրական վերաբերմունքի ֆոնը առկա է համաշխարհային ուժային բոլոր կենտրոնների կողմից` ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Եվրոպայի: Եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որ դարձել է լրիվ տերվռազ ղարաբաղյան կարգավորման հարցում, շեշտում է համապատասխան գործընթացները հանրաքվեից հետո միայն մեկնարկելու մասին: Բայց... Ոմանց համար դժվար է համակերպվել իրականության հետ:
ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ` ԲՈՑԱՇՈՒՆՉ ՃԱՌԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ
ԱԺ-ում բավականին ծավալուն եւ կրքոտ քննարկումների առարկա դարձավ հանրաքվեի հետ կապված, կարելի է ասել, տեխնիկական մի խնդիր: ԱԺ-ի դատին բերվել էր մի օրինագիծ, որով պետք է ապահովվի ID քարտ ունեցող քաղաքացիների քվեարկության հնարավորությունը: Բանն այն է, որ, ըստ ընտրական օրենսգրքի, մտցվել էր կարգ, որ կրկնակի քվեարկությունը բացառելու համար ընտրատեղամասում անձնագրի մեջ կնիք է դրվում, սակայն ներպետական անձնագրի գործառույթ կատարող ID քարտի վրա կնիք դնել հնարավոր չէ, բայց միաժամանակ այս պահի դրությամբ բոլոր գրեթե 2000 ընտրատեղամասերը այդ քարտերը կարդացող սարքերով ապահովելն էլ հնարավոր չէ:
Անշուշտ, մեր ընդդիմադիրների այդքան սիրած «քաղաքակիրթ» երկրներում նույնիսկ այս հարցադրումը չէին հասկանա, թե արդյոք կարելի է քվեարկության մասնակցել ID քարտով, քանզի դա համարվում է անձը հաստատող լիարժեք փաստաթուղթ, իսկ անձագիրը նախատեսված է զուտ արտերկրում ճանապարհորդելու համար: Սակայն մեր սիրասուն ընդդիմադիրները անասելի աղմուկ բարձրացրին իբր ID քարտերով քվեարկելու հնարավորություն տալը համատարած ընտրակեղծիքների բուն է: Հատկապես էմոցիոնալ էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթը, իսկ եթե հանրագումարի բերենք ընդդիմադիրների շահարկումները, ապա կստանանք հետեւյալը` բարձրագույն ժողովրդավարությունն ապահովելու համար պետք է ID քարտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացիների զրկել քվեարկության իրավունքից, որպեսզի մենք` սրբազնագույն ընդդիմադիրներս չկասկածենք, թե ընտրակեղծիք եք անում: Բնականաբար, անգամ եթե իդեալական ձեւով կազմակերպվի քվեարկությունը, մեր ընդդիմադիրները, միեւնույնն է, ճչալու են, թե համատարած կեղծված է: Դե, եթե Լյովիկ Զուրաբյանը կարող է հայտարարել, իբր Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովը, ապա ցանկացած պնդում էլ սպասելի է:
Ի դեպ, ID քարտերի հարցի վրա քաղաքական միավորներ հավաքելու առիթը բաց չթողեցին նաեւ դաշնակները: Ճիշտ է, նրանք առաջ չէին քաշում քարտատերերին ընտրական իրավունքից զրկելու աբսուրդային պահանջը, սակայն ասում էին` իսկ մեր ի՞նչ գործն է, թե իշխանությունը մինչեւ հիմա չի կարող բոլոր ընտրատեղամասերն ապահովել քարտ կարդացող սարքերով:
ԿՐՔԵՐ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՈՒՐՋ
Բնականաբար, ընդդիմադիրները չէին կարող առիթը բաց թողնել եւ բոցաշունչ ելույթներ չունենալ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի 2014-ի զեկույցի վերաբերյալ: Ու կրկին ամենաօրիգինալը Լյովիկ Զուրաբյանն էր` իր համախոհներով հանդերձ:
Նրանք հաջողացրին օմբուդսմենին մեղադրել, թե ինչու է, օրինակ, զբաղվում այնպիսի հարցերով, ինչպիսիք են քաղաքացիների սոցիալական իրավունքները, թեկուզեւ դատարաններում փաստաթղթերի պատճենահանման թանկությունը, բայց չի զբաղվում ընդդիմադիր պատգամավորների իրավունքների «ահավոր ոտնահարումների» փաստերով: Բնական է, որ ՀՀ հասարակ քաղաքացուն շատ ավելի հուզում է հասարակ դատական գործի վրա քսերոքսին աստղաբաշխական գումարներ չտալը, քան ինչ-որ Լյովիկ Զուրաբյանի եղած կամ չեղած իրավունքների «խախտումները», բայց ինչ փույթ` օմբուդսմենին պատրաստ են մեղադրել անգամ մեծամասնության ռեալ խնդիրներով զբաղվելու միանգամայն ողջունելի գործի համար: Չէ՞ որ արեւմտամետների համար մարդու իրավունքներ հասկացողությունը ոչ թե մարդկանց մեծամասնության իրական իրավունքներն են, այլ փոքրամասնությունների իռացիոնալ եւ հաճախ հակաբարոյական «իրավունքները»: Նույն Արեւմուտքում «մարդու իրավունքներ» կատեգորիան ոչ թե իրավական ոլորտին է վերաբերում, այլ վաղուց վերածվել է նորագույն կեղծ կրոնի:
Բնականաբար, ՀՀԿ-ի դուրը չէր եկել այն, որ օմբուդսմենը բավականին մեծ ուշադրություն է դարձնում ազգավնաս փոքրամասնությունների` աղանդավորների եւ համասեռամոլների իրավունքների պաշտպանության վրա եւ առաջ է տանում ֆեմինիստների մոգոնած «ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի լոբբինգը, սակայն այդ հարցերում ընդդիմադիրների մեծ մասը որեւէ առարկություն չուներ: Ավելին, օրինակ, բավականին զարմանալի էր լսել, թե ինչպես ԲՀԿ խմբակցությունը ոջունելի էր համարում այդ «ընտանեկան բռնության» թեմայով օմբուդսմենի ակտիվությունը, բառ առ բառ ձայնակցելով ԲՀԿ-ից հեռացված Էլինար Վարդանյանին:
Ինչեւէ, նաեւ խոշոր կոնֆլիկտի ականատես եղանք, թե ինչպես ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ոչնչացնող քննադատության ենթարկեց ե՛ւ օմբուդսմենի անձը, ե՛ւ զեկույցը, ինչին ի պատասխան Կարեն Անդրեասյանը իր ելույթում բավականին կոպիտ ասաց, որ գիտի, թե «ում ոտքով» պատվեր է իջեցված Ֆարմանյանին: Այդ գաղտնիքը նա չբացահայտեց, բայց թերեւս կարելի է ենթադրել, որ դա արտացոլում է ինչ-ինչ ինտրիգների հանրությանն անտեսանելի հանգամանքները: Բայց բոլոր դեպքերում տեղին էր պատգամավորի այն դիտարկումը, որ ոչ թե օմբուդսմենը պետք է մեջբերումներ անի ինչ-որ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներից, այլ այդ կառույցները պետք է իրենց զեկույցներում հենվեն օմբուդսմենի ներկայացրածի վրա: Դա էլ, թերեւս, արտացոլում է աշխարհաքաղաքական որոշ իրողություններ, մասնավորապես այն, որ Սիրիայում ռուսների վճռական ռազմական գործողությունների շնորհիվ աշխարհում ահագին թուլացել են «քեռի Սեմի» դիրքերը, ու ամերիկյան արժեքներով երդվելու նորաձեւությունն աստիճանաբար հօդս է ցնդում:
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԿՐՔԵՐ
Սակայն վերադառնանք նրանց, ովքեր փողոցային ակցիաներ են անում` բողոքելով նոր Սահմանադրության դեմ, առաջ տանելով այն կեղծ թեզը, իբր նոր Սահմանադրությունը միակ միջոցն է, որը թույլ է տալիս ՀՀԿ-ին վերարտադրել սեփական իշխանությունը: Խոշոր հաշվով, տարբերություն չկա, թե որ Սահմանադրության ներքո ՀՀԿ-ն շարունակաբար հաղթանակներ է տանելու բոլոր տեսակի ընտրություններում, սակայն երեւի թե «Ոչ»-ի ճամբարին թվում է, որ եթե նոր Սահմանադրությունը չանցնի, ապա ՀՀԿ-ն կգոլորշիանա կամ այդ կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա երկնաքար կընկնի:
Ամենաջանասեր «նարնջագույններն» էլ շարունակում են հին բայաթին` «ռեժիմը տապալելու» վերաբերյալ, որից հոգնել են անգամ ՀՀԿ-ին սրտանց ատողները: Բայց ամեն ինչի գագաթնակետն, անշուշտ, ԱՄՆ-ում բազում շպիոնական կուրսեր անցած Զարուհի Փոստանջյանի ճղճղան ելույթն էր ԱԺ-ում: Նա հայտարարեց, որ պետք է անպայման շարունակել անհնազանդության ակցիաները, եւ այդ դեպքում «մեզ կօգնեն»: Թե ո՞վ կօգնի` պարզ է, որ Արեւմուտքի մասին է խոսքը: Չգիտենք` այդ օգնության մասին միտքը տիկնոջը ներշնչել է Մադլեն Օլբրայթը, որը Զարուհուն անվանել էր «միակ կին քաղաքական գործիչ», թե դա սեփական երեւակայության պտուղն է (մեկը լիներ Արեւմուտքին օգներ` պրծնելու ծանր խնդիրներից): Բայց նաեւ պարզ է, որ արեւմտյան տերերը Փոստանջյանին հաստատ ավելի բարձր են գնահատում, քան դեպրեսիայի մեջ խրված Րաֆֆի Հովհաննիսյանին, ով, ըստ որոշ հրապարակումների` օրերով իր քիթը չի հանում համակարգչի էկրանի միջից եւ արդեն հասցրել է ալկոհոլիկ դառնալ:
Բայց պարզ է, որ իրականում լուսանցքում հայտնված ծայրահեղ արեւմտամետները ուղղակի իրենց ճղճղան հակաիշխանական կոչերով փորձում են մի կերպ պահպանել բողոքավոր ժողովրդի համակրանքը: Սակայն, դժվար թե, ամենաբարձրաձայն եւ գեղեցիկ հեղափոխական ճառերը փրկեն այնպիսի քաղաքական դիակներին, ինչպիսիք են` ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», ինչպես նաեւ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է, որի դեմքերի իսկական տեղը քաղաքական հնոտիքների թանգարանում է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk