ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԹՈՂ ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԲԱՑԱՏՐԻ, ՈՐ ՈՏՔԵՐՆ ԱՄՊՈՏ ՀՐԵՇՏԱԿ Է, ԴԱ ՍՈՒՏ Է»
Արխիվ 12-16ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԹՈՂ ՈՉ ՈՔ ԻՆՁ
ՉԲԱՑԱՏՐԻ, ՈՐ ՈՏՔԵՐՆ ԱՄՊՈՏ ՀՐԵՇՏԱԿ Է, ԴԱ ՍՈՒՏ Է»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ իր տված հարցազրույցում խստորեն քննադատել է սահմանադրական բարեփոխումներին «այո» եւ «ոչ» ասող ճամբարներին: ««Բոլոր նրանք, ովքեր հիմա ասում են, որ սահմանադրական փոփոխությունների տապալումը կկանխի Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, խաբում են ժողովրդին, լկտիաբար ստում են: Եվ նրանք, ովքեր ասում են, որ այսքան ժամանակ երկիր չենք դարձել, եւ սահմանադրական փոփոխություններով մենք շանս կունենանք երկիր դառնալու, նրանք նույնպես լկտիաբար ստում են»,- հայտարարել է կուսակցության անդամը:
«Իրավունքը» ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրեց անդրադառնալ վերոնշյալ հայտարարությանը: «Ես կարող եմ ասել, որ նրանք, ովքեր մտածում են` մարդ փոխելով կարելի է այս երկիրը շտկվի, պահպանելով համակարգային նույն արատները, նրանք են ժողովրդին ցանկանում խաբեությամբ ապակողմնորոշել»,- ասաց դաշնակցական գործիչը:
Ա. Ռուստամյանը անգրագիտություն է համարում այն հայտարարությունը, թե սահմանադրությունը կապ չունի մեր կենցաղի հետ: «Նրանք, ովքեր ասում են` առանց սահմանադրության էլ կարելի է խնդիրները լուծել, ենթադրում եմ` առանց սահմանադրության էլ կարելի է ապրել: Առանց սահմանադրության մարդիկ ապրում էին նախնադարում` առանց նոտաների, տառերի, կրակի: Առանց սահմանադրական ճիշտ կարգի`ոչ մի բան էլ չի կարող փոխվել»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` նրանք, ովքեր «ոչ» են ասում սահմանադրական բարեփոխումներին, «այո» են ասում այս վիճակին:
«Իսկ նրանք, ովքեր ասում են, որ սահմանադրական բարեփոխումները կեղծ օրակարգ են»,- հետաքրքրվեցինք քաղաքական գործչից` նկատի ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Արմեն Ռուստամյանն ասաց.
«Ուզում են մնա այս կեղծ վիճակը, որովհետեւ իրենց ձեռք է տալիս վիճակը: Նրանք խնդիր ունեն գան, օգտագործեն իշխանության տված հնարավորությունները եւ իբր թե հայ ժողովրդի համար օգտագործեն իշխանության լծակները: Մինչդեռ այս համակարգում իշխանության եկողներն ասել են, որ չեն գալիս վայելելու, այլ գալիս ենք` ծառայելու ժողովրդին: Բայց ով եկել է, ծառայել է իր շահերին, քանի որ համակարգն է տալիս հնարավորություն յուրացնել իշխանությանը: Թող ոչ ոք ինձ չբացատրի, որ ոտքերն ամպոտ հրեշտակ է, այ դա սուտ է»,- եզրափակեց օրենսդիրը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

