ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՄԻՇՏ ԿԱ, ԻՍԿ ԳԵՂԱՍԱՀՔԻ` ՈՉ
Արխիվ 12-16ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՄԻՇՏ ԿԱ, ԻՍԿ ԳԵՂԱՍԱՀՔԻ` ՈՉ
Նոյեմբերի 20-ին սառցե բեմի արքա, գեղասահքի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայ հանդիսատեսի համար հանդես կգա շոու ծրագրով: Այս առիթով Պլյուշչենկոն օրերս Հայաստանում էր եւ անձամբ ներկայացրեց առաջիկա շոու ծրագիրն ու հորդորեց շոուին այցելել ընտանիքներով, քանի որ չմուշկներով սահելը հետաքրքիր է հատկապես երեխաների համար: Նա մեկ անգամ եւս բարձրաձայնեց, որ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երեխաներ, որոնք չունեն գեղասահքով զբաղվելու հնարավորություն` չկա սահադաշտ, չկան նաեւ համապատասխան մարմինների կողմից գործողություններ` սահադաշտ ստեղծելու համար:
Իրականում Պլյուշչենկոյի խոսքերն ամբողջությամբ ճշմարիտ էին, քանի որ մեզանում գեղասահորդները սահելու հնարավորություն ունենում են միայն ձմռանը` 2-3 ամիս, երբ Կարապի լիճը ժամանակավորապես վերածում են սառցադաշտի: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նույնպես ունի ժամանակավոր սառցադաշտ, սակայն տարածքի փոքր լինելու պատճառով շատերը զրկվում են սահելու ցանկությունից եւ պրոֆեսիոնալ գեղասահքով զբաղվելու հնարավորությունից: Ահա այս խնդիրներից ելնելով էլ, տարիներ առաջ Ե. Պլյուշչենկոն առաջարկել էր, որ Երեւանում բացվի իր անունը կրող գեղասահքի դպրոց, որտեղ կսովորեն հայ շնորհալի երեխաները: Ճիշտ է, առաջարկից հետո դպրոց ստեղծելու ուղղությամբ տարվեցին որոշակի աշխատանքներ, սակայն ոչ մի առաջընթաց, ավելին` Հայաստանում սկսեցին քննադատել վերջինիս, ով ըստ «քննադատների»` եկել է մեր երկիր ու իրեն լրիվ «տանտիրոջ» կարգավիճակում է զգում, ու այսքանը դեռ քիչ է, մի բան էլ ուզում է դպրոց բացել ու իր անունով կոչել:
Անցել է մի քանի տարի ու թվում էր, թե այն մարդիկ, ովքեր այդքան ջանասիրաբար քննադատում ու փնովում էին Պլյուշչենկոյին, այնքան պատվախնդրություն կունենան, որ հենց իրենք քայլեր կձեռնարկեն դպրոց ստեղծելու համար, որը կկրի որեւէ նշանավոր հայի անուն: Սրա փոխարեն` այդ տարիների ընթացքում Երեւանում շատացան «էլիտար» սրճարաններն ու «բրենդային» սուպերմարկետները, որոնց նմանը չկա անգամ ամենամեծ քաղաքներում: Դե պարզ է, զանազան անվանումներով սրճարանների ու սուպերմարկետների համար գումար ու տարածք միշտ կա, իսկ դպրոցի համար չկա ոչ մեկը, ոչ էլ մյուսը:
Սա խնդիր է, որն արդեն քանիերորդ անգամ տարբեր անձանց կողմից բարձրացվում է: Հույս ունենանք, որ այս անգամ մեր Սպորտի նախարարությունը հետամուտ կլինի գեղասահքի դպրոց ստեղծելուն եւ կընդունի, որ իրականում գեղասահքն էլ է գեղեցիկ սպորտաձեւ, որը Հայաստանին կարող է տալ այնպիսի չեմպիոններ, ինչպիսին ունենք սպորտի տարբեր ոլորտներում:
Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

