ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՋԵՐՄԱՔԱՐՇԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՈՒՂԻՆ
Արխիվ 12-16ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՋԵՐՄԱՔԱՐՇԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՈՒՂԻՆ
Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի լոկոմոտիվային դեպոյում տոնական տրամադրություն էր: Իսկ առիթն այն էր, որ շահագործման հանձնվեց առաջին վերանորոգված ջերմաքարշը: Երկաթգծի, կարելի է ասել, պատմական այս իրադարձությանը ներկա էին ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ այլք: Անդրադառնալով ջերմաքարշի վերագործարկմանը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ ընդգծեց, որ բավական մեծ գումար է ծախսվել, որպեսզի այն իրականություն դառնա. «Այսպիսի վերանորոգում առաջին անգամ է կատարվում Հայաստանի տարածքում: Ի պատիվ մեր ինժեներների, պետք է ասեմ, որ կՀ3 ծավալով վերանորոգման համար գրեթե գործարանային աշխատանք է կատարվել: Այնպես որ, համոզված եմ, որ ապագայում էլ մեր աշխատակիցները նոր հաջողությունների կհասնեն»:
Շնորհավորելով երկաթուղայիններին` կատարված մեծ աշխատանքի համար` ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ շեշտեց. «Այսպիսի իրադարձությունները, որոնց հաճախ ենք մասնակցում, ցույց է տալիս, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ապրում է եւ առաջ է ընթանում: Այն, ինչ հաջողվել է անել առ այսօր, համարում եմ հիանալի ցուցանիշ, որ Հայաստանում ապրող մարդիկ լավ աշխատողներ են, որոնք ի վիճակի են անել այն, ինչը շատ-շատերի ուժերից վեր է»: Մանրամասնելով կատարված աշխատանքը` ՀԿԵ Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետ ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆՆ ասաց. «Ջերմաքարշն անցել է ընթացիկ նորոգում կՀ3 ծավալով. էլեկտրական մեքենաները ուղարկել ենք Գյումրի, որտեղ վերանորոգել են, իսկ այստեղ հավաքել ենք: Վերանորոգումը տեւել է երկու ամիս: Նման վերանորոգումը 90-ականներից հետո առաջին անգամն է արվում: Այս տարի եւս մեկն է վերանորոգվելու: Նմանատիպ 14 շոգեքարշ ունենք, առաջինը վերանորոգեցինք, մյուսները եւս վերանորոգման կարիք ունեն ու հերթի մեջ են: Վերանորոգման համար ծախսվել է մոտավորապես 5 մլն դրամ: Ջերմաքարշը կայարաններում մանեւրային աշխատանքներ է կատարում: Ջերմաքարշի մեքենաները էլեկտրական են, աշխատում են դիզել գեներատորներով»:
Հավելենք, որ ջերմաքարշին հանդիսավոր ծափերով ճանապարհելուց հետո` միջոցառմանը ներկա պատվավոր հյուրերը շրջայց կատարեցին ու քննարկումներ անցկացրին` արդեն իսկ կատարված աշխատանքի ու անելիքների շուրջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk