«Սահմանադրությանը «կողմ» լինելը իշխանությանը լավություն անել չէ, ոչ էլ «դեմ» լինելը` վատություն»
Արխիվ 12-16«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ «ԿՈՂՄ» ԼԻՆԵԼԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՉԷ, ՈՉ ԷԼ «ԴԵՄ» ԼԻՆԵԼԸ` ՎԱՏՈՒԹՅՈՒՆ»
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկից անցել է ուղիղ 17 օր, իսկ թե ինչպիսի պատկեր ունենք այսօր «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարներում, «Իրավունքն» ամփոփեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ` անդրադառնալով նաեւ մի քանի այլ քաղաքական հարցերի.
- Չեմ կարծում, որ պետք է «այո»-ի եւ «ոչ»-ի ճակատների բաժանենք մեր հասարակությունը, եւ, առհասարակ, սահմանադրական բարեփոխումների նպատակն ընդդեմ ինչ-որ մեկի գործողություն իրականացնելը չէ: Սահմանադրական բարեփոխումների նպատակը մեր Սահմանադրությունն ավելի կիրառելի, ավելի մեծ հնարավորություններով եւ ավելի ժողովրդավարական դարձնելն է, որպեսզի նույն կառավարման համակարգն առավել ճկուն լինի, հնարավոր բախումները բացառվեն, քաղաքական կուսակցությունների դերակատարումը, մրցակցությունը մեծանա, ընդդիմության լիազորություններն ավելանան, մեծանա նաեւ խորհրդարանի դերակատարումը: Եվ բացառվի այն, որ բոլոր որոշումները կայացվեն մի անձի կամ մի կուսակցության կողմից: Սա է մեր նպատակը, եւ խնդիրը ոչ թե «ոչ»-ի կամ ինչ-որ մեկի դեմ պայքարելն է, այլ ներկայացնելն այս առավելությունները մեր հանրությանը, որը դեկտեմբերի 6-ին իր որոշումը կկայացնի: Կարծում եմ` նորացվող Սահմանադրությունն այն է, ինչի մասին 25 տարվա ընթացքում խոսում էին տարբեր ընդդիմադիր ուժեր: Այն ընդդիմադիր ուժերը, որոնք մեզ մեղադրում էին, որ իշխանությունն ունի 41 մեծամասնական տեղ` որպես «բոնուս», եւ Հայաստանում կա քաղաքական մենաշնորհ, հիմա մենք սա հանում ենք:
– Բայց էլի ընդդիմախոսները նույն երգն են երգում` փորձելով համոզել հանրությանը, թե նոր սահմանադրությամբ իշխանությունը կվերարտադրվի...
– Զարմանում եմ` աշխարհում կա՞ մի կուսակցություն, որ չի ուզում վերարտադրվել: Եթե կուսակցությունը գնում է ընտրությունների եւ չի ուզում հաղթահարի համապատասխան շեմը եւ իր դերակատարումը բարձրացնի, այդ կուսակցությունն էլ ինչի՞ համար է ստեղծված: Սա նույնն է, որ ֆուտբոլի թիմը մտնի խաղադաշտ եւ ասի` մտել եմ պարտվելու համար: Քաղաքական դաշտում էլ կուսակցություններն են խաղացող, եւ ցանկացած կուսակցություն` ընդդիմություն կլինի, թե իշխանություն, ցանկանում է, որ ընտրությունների միջոցով իր դիրքերն ուժեղացնի կամ գոնե պահպանի: Եվ այդ իմաստով աբսուրդ կլինի, որ Հանրապետականը կամ մեկ այլ կուսակցություն ասի` գնում եմ ընտրությունների, որ պարտվեմ: Սա աբսուրդ է: Նրանց, ովքեր այսօր խոսում են իշխանության վերարտադրության մասին, հարց եմ տալիս` այս գործող սահմանադրությա՞մբ է հեշտ վերարտադրվելը, երբ, ինչպես իրենք են ասում, մենք ունենք «+41 բոնուսային» մեծամասնական տեղեր, որտեղ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ընդդիմության առաջնորդներից մեկն էր, պարտվում էր ՀՀԿ-ական գործիչներին, օրինակ, Խաչիկ Մանուկյանին, եւ չորրորդ տեղն էր գրավում ընտրությունների ժամանակ: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ պարտվել է ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին (այժմ` ՀՀԿ խմբակցության մեծամասնական պատգամավոր): Մինչդեռ այս բարեփոխմամբ բարձրացնում ենք կուսակցությունների դերակատարումը, եթե սրան դեմ են, խնդիր չկա, ժողովուրդն ինչպես կորոշի` «դեմ» կլինի, ուրեմն` 41 մեծամասնական տեղերը կպահպանվեն, եւ իշխանությունը, ինչպես իրենք են ասում, թող վերարտադրվի: Այնպես որ, ես իրենց ասելիքը չեմ հասկանում, բայց սա իրենց խնդիրն է:
– Ի դեպ, ինչ-որ առումով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը կոալիցիոն է` ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ: Քարոզարշավին կարո՞ղ է հաջորդել կոալիցիոն կառավարումը:
– Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ոչինչ չի կարելի բացառել, բայց այս պահին մենք կոալիցիա ստեղծելու, ձեւավորելու հարց չենք քննարկում: Կա ձեւավորված շտաբ, որը ղեկավարում է ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, եւ մեր խնդիրն է հանրությանը ներկայացնել բարեփոխված սահմանադրության փաստաթղթի առավելությունները:
– Ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր սահմանադրական բարեփոխումների նախագծին «կողմ» արտահայտվեցին, տպավորություն է, որ արդեն իսկ սխրանք են համարում այն, որ իրենց դրական դիրքորոշումն արտահայտել են խորհրդարանում քվեարկությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Քաղաքական գործիչները եւ, առհասարակ, պատգամավորնեը գործում են եւ քվեարկում են իրենց խղճի համաձայն եւ համապատասխան: Չեմ կարծում, որ «կողմ» լինելը իշխանությանը լավություն անել է, ոչ էլ «դեմ» լինելը` վատություն: Մի առիթով ասել եմ ու էլի կրկնում եմ` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իշխանության եւ ընդդիմության առճակատում չէ: Այն չպետք է դիտել իշխանություն-ընդդիմություն հակասության դաշտում, որովհետեւ գոնե խորհրդարանում ներկա ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը «կողմ» է քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին: Եվ չկա որեւէ ընդդիմադիր խմբակցություն, որն ամբողջությամբ «դեմ» քվեարկեր, նույնիսկ ՀԱԿ-ում եղել է պատգամավոր, որը կողմ է արտահայտվել նախագծին եւ համապատասխանաբար «կողմ» է քվեարկել: «Կողմ» են քվեարկել նաեւ «Ժառանգությունից» երեք հոգի, «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել եւ «կողմ» է քվեարկել, Հանրապետականն ամբողջությամբ կողմ է: Սա կարելի է ասել, կոնսենսուսային, միասնական փաստաթուղթ է: Իհարկե, այն ՀՀ նախագահի առաջարկությամբ է ներկայացվել, բայց այս ընթացքում հանձնաժողովը վերցրել է հնարավոր բոլոր առաջարկությունները եւ քննարկել է հազար ու մի առաջարկ, որը տրվել է հենց նաեւ ընդդիմության կողմից: Եվ սա դիտարկել որպես միայն Հանրապետական կուսակցության փաստաթուղթ, կարծում եմ` իրավացի չենք լինի, քանի որ փաստաթղթում ընդունվել են ե՛ւ ՀՅԴ-ի առաջարկները, ե՛ւ ԲՀԿ-ի, եւ «Ազատ դեմոկրատների», ՍԻՄ-ի եւ շատ այլ կուսակցությունների: Նույնիսկ ՀԱԿ-ի` Ազգային ժողովի նախագահի ընտրության շեմի հետ կապված առաջարկությունը տեղում ընդունեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
– Քանի որ խոսեցիք ՀԱԿ-ից, հետաքրքիր է Ձեր տեսակետը այն մասին, որ իր խմբակցությունը վաղուց այլեւս չկառավարող ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ստանձնել է սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի շտաբի պետի առաքելությունը:
– Ինձ առհասարակ հետաքրքիր չէ «ոչ»-ի ճակատում ով է ղեկավար, ով է շարքային գործիչ: Այդ մասին թող «ոչ»-ի շտաբը մտածի, եթե իրենք տեսնում են Լ. Զուրաբյանին` որպես շտաբի ղեկավար, ես առհասարակ ոչ մի խնդիր չեմ տեսնում:
– Եվ մի վերջին հարց. այսօր մեր օրացույցի սեւ օրերից մեկն է` հոկտեմբերի 27-ը, ի՞նչ դասեր պետք է քաղենք կատարվածից այսքան տարի անց:
– Հոկտեմբերի 27-ին մեր պետության, իշխանավորների գրեթե մեծ մասը գլխատվեց` սպանվեցին գործադիրի եւ պառլամենտի ղեկավարները, բազում պատգամավորներ, նախարար... Սա հայոց պատմության ահաբեկչական, ամենաողբերգական էջերից մեկն է: Իհարկե, նմանատիպ ոճիրները ցանկացած պետությանը հետ են գցում մի քանի տարով, միգուցե մի քանի տասնամյակով: Պառլամենտի ղեկավարը եւ վարչապետը այն նվիրյալ անձնավորություններն էին, ովքեր եկել էին գործ անելու, եկել էին դրական քայլեր կատարելու մեր երկրի համար, եւ նրանց հետ նաեւ մեծ հույսեր էր կապում մեր հասարակությունը: Մեզ համար կատարվածը կրկնակի ցավ էր, որովհետեւ մեր կուսակցության առաջնորդը սպանվեց` վարչապետ Վազգեն Սարգսյանը: Եվ այդ իմաստով, բնականաբար, հարվածները շատ են եղել, բայց մենք պետք է միավորվենք, միասնական լինենք, դժվարությունները հաղթահարելով առաջ գնանք, որպեսզի բարձր պահենք թե՛ Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված մեր հերոսների, թե՛ մինչեւ այդ անկախության համար պայքարող մեր ավագ ընկերների եւ թե՛ նաեւ հենց հոկտեմբերի 27-ին սպանված մեր պետության առանցքային գործիչների պատիվը: Եվ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ապացուցենք նվիրվածությունն այն արժեքներին, որոնք դավանել են պառլամենտի լուսահոգի ղեկավար Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

