ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՆԻԿՈԼՆ ԱՐՏԱԳԱ՞ՂԹ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՆԻԿՈԼՆ ԱՐՏԱԳԱ՞ՂԹ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Ինչպես հայտնի է, վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի մի քանի այլ անդամների հետ իրենց կուսակցության գործունեության շրջանակներում մի քանի օրով մեկնել էր ԱՄՆ: Դե իհարկե նորմալ է, որ մարդիկ մեկնում են արտերկիր կուսակցական գործերով, իրենց գործերն անում են ու հետ են վերադառնում, բայց Փաշինյանի դեպքը այլ է. բանն այն է, որ այս դեպքում հետ են վերադարձել ոչ բոլորը, այսինքն պատվիրականությունը վերադառնալիս մեկ անձով պակասել է, եւ այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանի նախկին վարորդ, ապա ՔՊ-ի անդամ Հակոբ Սիմիդյանն է, ում երեւի շատերն են տեսել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա Փաշինյանի հետ ամենուր էր, նույնիսկ հանրահավաքների ժամանակ, փողոցներում քայլելիս մշտապես սուսուփուս հետեւից գնում էր:
Եվ ահա Փաշինյանը Սիմիդյանին իր հետ տարավ ԱՄՆ, տարավ ու էլ հետ չբերեց, դասավորեց ու թողեց նրան այնտեղ: Առաջին հայացքից` ոմանք կասեն, թե ի՞նչ կա զարմանալու, չէ՞ որ շատերն են ձգտում իրենց գործերը դասավորել եւ ԱՄՆ-ում կամ որեւէ այլ բարեկեցիկ երկրում ապրել: Բայց եկեք չմոռանանք, թե այս դեպքում ով է Հակոբ Սիմիդյանին օգնողը. մի մարդ, որն իրեն հռչակել է ժողովրդի մասին մտածող ու հոգ տանող ընդդիմադիր, որն իր բոցաշունչ ու ամպագոռգոռ ելույթներում ամեն անգամ ջանքեր չի խնայում մեղադրել գործող իշխանություններին` երկիրը դատարկելու, արտագաղթին նպաստելու հարցում: Ու հիմա արտագաղթի դեմ պայքարող այդ գործիչը փաստացի արտագաղթ է կազմակերպում իր մտերիմի համար, անձնական հարցեր է լուծում այսպիսով: Իսկ ո՞ւր մնացին Նիկոլ Փաշինյանի սկզբունքները, եթե դրանք իհարկե երբեւէ եղել են:
Սա եւս մեկ ապացույց է մեր բազմաթիվ ընդդիմադիր գործիչների անսկզբունքայնության, անազնվության եւ երկերեսանիության: Ավաղ, նման գործիչներին վստահողներ կան, եւ ցավոք այդ վստահողները հաճախ խաբվում եւ հուսահատվում: Արդյունքում արժեզրկվում է ընդդիմադիր դաշտը, քաղաքական պայքարը, անվստահություն է առաջանում նաեւ իսկապես ազնիվ ընդդիմադիրների նկատմամբ: Հետաքրքիր է, թե ինչ բացատրություն կտա այս ամենին Նիկոլ Փաշինյանը, ո՞ւր է իր հավատարիմ ուղեկիցը...
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

