ՖԱՐՄԱՆՅԱՆ VS ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՖԱՐՄԱՆՅԱՆ VS ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ`
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում սուր քննադատեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին` ասելով, որ նա գրեթե բոլոր ոլորտներում մարդու իրավունքների խախտում է տեսնում: «Եթե մեր իշխանությունն այնքան գռեհիկ լիներ, որ ստեղծեր միջատների նախարարություն, դուք անգամ էնտեղ մարդու իրավունքների խախտում կհայտնաբերեիք»,- ասաց Ֆարմանյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ զեկույցում օմբուդսմենը անհարկի ու բազմաթիվ մեջբերումներ է արել միջազգային կազմակերպությունների զեկույցներից՝ ՀՀ մասին. «Մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ իրենք հղում անեն ՀՀ ՄԻՊ բացահայտումներին: Իսկ զեկույցում վերաբերմունքը լրիվ փնթի է՝ անգլերենով ներկայացված աղյուսակներ. լրիվ քոփի փեստ: Ես կարծում եմ, որ օմբուդսմենի ինստիտուտի ոչ թե հեղինակության աճ ունենք, այլ նախկինում ստեղծվածի տոտալ մսխում»:
Նա անդրադարձավ նաեւ թուրքական մարտական երկու ուղղաթիռների՝ ՀՀ սահմանը հատելու դեպքին ու Կարեն Անդրեասյանի արձագանքին. «Ի՞նչ արեց մեր օմբուդսմենը: Նա ընդամենը նամակով դիմեց մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին: Որտե՞ղ էին ձեր գործողությունները, արդյունքը: Ոստիկանությանը մեղադրում եք ցածր պրոֆեսիոնալության մեջ, մինչդեռ ձեր ներկայությունը չկար ոչ Բաղրամյանում, ոչ Գյումրիում. երկրում ձեր ներկայությունը չկա: Պարզվում է՝ օմբուդսմենը հարյուր տասը հայտարարությամբ է հանդես եկել, մի հատ էլ գրեիք, որ հինգ հատուկ երազ եք տեսել: Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»:
Ֆարմանյանի ելույթը, սակայն, ոչ բոլորի կողմից կարծես դրական ընդունվեց: Ելույթի ավարտից հետո դահլիճից դուրս եկող պատգամավորները, օրինակ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց` լավ է, որ մեծամասնական ընտրակարգը հանեցին, թե չէ բոլորի պոպուլիզմով հագեցած ելույթները պետք է լսեինք:
Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանն անդրադարձավ ՀՀԿ պատգամավորի ելույթին: «Ում շահերը, որ ներկայացնում էր Սամվել Ֆարմանյանը, հենց նրա սրտից էլ արտահայտվեց, բայց այդ սրրտում այնքան կեղծիք ու չարություն, ստորություն կար»,- ասաց պրն Անդրեասյանը:
«Իրավունք»-ի դիտարկմանը, թե ՄԻՊ-ը ամեն տեղ մարդու իրավունքների խախտում է տեսնում, եւ սա էր ՀՀԿ պատգամավորի ելույթի բովանդակությունը, Կարեն Անդրեասյանն ասաց. «Ոչ մի տրամաբանություն չկար, բացի կեղտոտ լուտանքներից, որոնք գալիս են իր պատվիրատուի ու շեֆի սրտից»:
Թե ով է Ֆարմանյանի շեֆը, ՄԻՊ-ն անուն չտվեց, քանի որ փաստ չունի, բայց հիշեցրեց` հաճախ որտեղ է լինում Ֆարմանյանը:
Մեր այն դիտարկմանը, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ քննադատում են նրա օմբուդսմենի աշխատանքը, պաշտպանը դա պայմանավորեց իր օբյեկտիվ աշխատանքով:
«Միգուցե անձնական խնդիրներ ունեն ձեզ հետ»,- հակադարձեցինք մեր զրուցակցին:
«Մեկ-երկուսը, այո: Մի մասն էլ ուզեցել են, որ իրենց սրտով ինչ-որ բան անեմ, չեմ արել կան ոտքեր, որոնք տրորվում են իմ աշխատանքի մեջ, սովորական է, նորմալ»,- ասաց
Սամվել Ֆարմանյանը նաեւ հայտարարել էր` Կարեն Անդրեասյանին հետապնդում է անհաջող կադր լինելու պիտակավորումը: Ի պատասխան` պաշտպանն ասաց, որ հիմարություններին չի արձագանքում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

