ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՋԵՐՄԱՔԱՐՇԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՈՒՂԻՆ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՋԵՐՄԱՔԱՐՇԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՈՒՂԻՆ (Ֆոտոշարք)
Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի լոկոմոտիվային դեպոյում տոնական տրամադրություն էր: Իսկ առիթն այն էր, որ շահագործման հանձնվեց առաջին վերանորոգված ջերմաքարշը: Երկաթգծի, կարելի է ասել, պատմական այս իրադարձությանը ներկա էին ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԸ, Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ այլք: Անդրադառնալով ջերմաքարշի վերագործարկմանը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ ընդգծեց, որ բավական մեծ գումար է ծախսվել, որպեսզի այն
իրականություն դառնա. «Այսպիսի վերանորոգում առաջին անգամ է կատարվում Հայաստանի տարածքում: Ի պատիվ մեր ինժեներների, պետք է ասեմ, որ PR3 ծավալով վերանորոգման համար գրեթե գործարանային աշխատանք է կատարվել: Այնպես որ, համոզված եմ, որ ապագայում էլ մեր աշխատակիցները նոր հաջողությունների կհասնեն»: Շնորհավորելով երկաթուղայիններին` կատարված մեծ աշխատանքի համար` ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ շեշտեց. «Այսպիսի իրադարձությունները, որոնց հաճախ ենք
մասնակցում, ցույց է տալիս, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ապրում է եւ առաջ է ընթանում: Այն, ինչ հաջողվել է անել առ այսօր, համարում եմ հիանալի ցուցանիշ, որ Հայաստանում ապրող մարդիկ լավ աշխատողներ են, որոնք ի վիճակի են անել այն, ինչը շատ-շատերի ուժերից վեր է»: Մանրամասնելով կատարված աշխատանքը` ՀԿԵ Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետ ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆՆ ասաց. «Ջերմաքարշն անցել է ընթացիկ նորոգում ПР3 ծավալով: Էլեկտրական մեքենաները ուղարկել ենք Գյումրի, որտեղ վերանորոգել են, իսկ այստեղ հավաքել ենք: Վերանորոգումը
տեւել է երկու ամիս: Ի դեպ, նման վերանորոգումը 90-ականներից հետո առաջին անգամ է արվում: Այս տարի եւս մեկն է վերանորոգվելու: Նմանատիպ 14 շոգեքարշ ունենք, առաջինը վերանորոգեցինք, մյուսները եւս վերանորոգման կարիք ունեն ու հերթի մեջ են»:
Հավելենք, որ ջերմաքարշին հանդիսավոր ծափերով ճանապարհելուց հետո` միջոցառմանը ներկա պատվավոր հյուրերը շրջայց կատարեցին ու քննարկումներ անցկացրեցին` արդեն իսկ կատարված աշխատանքի ու անելիքների շուրջ:







Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

