ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ««ՈՉ«-Ի ՃԱԿԱՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ ՓԵՏՐՎԱՐԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈԿԱՈՒՏԻՑ ՈՒՇՔԻ ՉԵՆ ԵԿԵԼ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ««ՈՉ«-Ի ՃԱԿԱՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈԿԱՈՒՏԻՑ ՈՒՇՔԻ ՉԵՆ
ԵԿԵԼ»
Սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը «Ոչ»-ի ճակատ եւ շտաբ են ստեղծել: «Ոչ»-ի ճակատի առանցքային ուժերն են ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն, որոնց միասնական շտաբը ղեկավարում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանից պարզեց` ինչպե՞ս է Լեւոն Զուրաբյանը շտաբը ղեկավարելու, եթե նա մի խմբակցություն չի կարողանում ղեկավարել: «Դուք ձեր հարցին արդեն պատասխանեցիք: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց պատգամավորը:
Համաձա՞յն է ՀՀԿ պատգամավորն այն տեսակետին, թե «Ոչ»-ի մի քանի ճակատի ձեւավորումը իշխանությանը մի քանի տեղից հարվածելու համար է:
«Սահմանադրական փոփոխություներին «ոչ» ասելն ու իշխանությանը հարվածելը չեմ հասկանում` ինչ կապ ունեն: Ի վերջո, այդ երկու հարցերը տարբեր հարթությունների վրա են»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
«Ոչ»-ի ճակատի ուժերը հիմնականում արեւմտամետ են, հետեւաբար կարելի է ենթադրել, որ Արեւմուտքի անուղղակի աջակցությունը կա «Ոչ»-ի ճակատին: «Շատ ցավալի բան եք ասում: Մեր երկրում կան արեւմտամետներ, ռուսամետներ: Իհարկե կան նաեւ Հայաստանակենտրոններ: Կարծում եմ` սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ-ում քաղաքական դաշտում կունենանք բացառապես հայամետներ ու հայաստանամետներ: Տարբեր տիպի «մետ»-երին, բացի հայամետերին, պետք է լուսանցքում թողնել»,- հույս ունի իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Ինչու ակտիվ չեն ու հարթակում չեն «Ոչ»-ի ճակատի` ՀԱԿ-ի, «Ժառանգության» ղեկավարները` Լեւոն տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե նրանք մինչեւ փետրվարի քսանի հանրահավաքի չեղյալ համարվելը, տեսնում էինք, ապա հիմա գրեթե չենք նկատում: Պատճառը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, քաղաքական նոկաուտի ենթարկվելն է: «Քանի անգամ պիտի քաղաքական նոկաուտի ենթարկվեն, որ կարողանան ոտքի վրա մնան: Փետրվարյան նոկաուտից չեն կարողացել ոտքի կանգնել»,- կարծում է Արտակ Դավթյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

