Սոս Սարգսյանն այսօր կդառնար 86 տարեկան. «ՇԱՏԵՐԸ ԳՆԱՑԻՆ ԵՎ ԵՍ ԳՏԱ, ՈՐ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱՄ ՈՒ ՀԵՌԱՑԱ...»
Արխիվ 12-16Սոս Սարգսյանն այսօր կդառնար 86 տարեկան. «ՇԱՏԵՐԸ ԳՆԱՑԻՆ ԵՎ ԵՍ ԳՏԱ, ՈՐ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱՄ ՈՒ ՀԵՌԱՑԱ...»
Այսօր ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն էր, ինչի կապակցությամբ Տերյան 65 հասցեում բացվեց Վարպետի հուշատախտակը: Հատկանշական է, որ տարեդարձից երկու օր առաջ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Համազգային թատրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել «ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Իհարկե, թերեւս հետմահու ամենամեծ նվերը մեծ հայի համար կլիներ այն, որ այսօր թատրոնը գործեր նոր շենքում, որը վաղուց նախագծված է, սակայն իրագործման համար անհրաժեշտ միջոցների կարիք ունի:
«ԵՍ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԹԱՏՐՈՆ»
Իսկ «Համազգային թատրոնի» գաղափարը, պարզապես, երազանք էր վարպետի համար, ինչի մասին մի առիթով «Իրավունքի» հետ զրույցում նշել էր. «Ես երազում էի ստեղծել մի թատրոն, որովհետեւ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը սկսվել էր փլուզվել: Թատրոնից հեռացավ Ֆրունզիկը, նա շատ դժգոհ էր թատրոնից, հետո Մետաքսյան, Կարեն Ջանիբեկյանը, Մայիս Կարագյոզյանը, Աննա Էլբակյանը: Շատերը գնացին եւ ես գտա, որ պիտի հեռանամ ու հեռացա: Այնպես պատահեց, որ այս մարդիկ հավաքվեցին իմ շուրջ, եւ ես մտածեցի` էլ ինչպե՞ս է ստեղծվում թատրոնը, եթե միասին ենք, կարող ենք խաղալ ինչ-որ բան: Չնայած շատ դժվար էր, բայց մենք խաղացինք, հաճախ մոմերի լույսի տակ, որովհետեւ հոսանք չկար, ցուրտ էր: Ինձ թվում է` մեր առաջին ներկայացումները հիանալի էին, այսօր էլ մեր թատրոնն ունի շատ լավ ներկայացումներ, որովհետեւ թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ»:
«ԻՄ ԹԱՏՐՈՆԸ ԵՍ ԳԻՏԵՄ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»
Անդրադառնալով ընդհանրապես մերօրյա թատրոնին ու դերասաններին` Ս. Սարգսյանը կամ, ուղղակի, հայ թատրոնի բարի պապիկը ասել էր. «Թատրոնը, որը գոյություն ուներ սովետական միությունում եւ դրանից առաջ, ես համարում եմ այն համաշխարհային երեւույթ թատրոնի աշխարհում, այդպիսին այսօր չկա: Վերջերս ես ասել եմ, որ թատրոնի մասին գիտեմ ամեն ինչ, իսկ ինչ չգիտեմ, ինձ պետք չէ, որովհետեւ իմ թատրոնը ես գիտեմ սկզբից մինչեւ վերջ: Պետք է ամբողջ ուժով պահպանել ավանդական թատրոնը: Դերասանը չի կարող դառնալ մեծ դերասան առանց իր թատերախմբի, իր մշտական խաղացանկի: Մեր ժամանակներում ինչ-որ շատ հեշտ է դարձել դերասան լինելը: Երբեմն դիտում եմ մեր հեռուստասերիալները, ինչ հեշտ ու պարզ է թվում, յուրաքանչյուրը կարող է խաղալ եւ բառեր ասել: Գտնում եմ, որ թատրոնի ուժը իր ավանդականության մեջ է: Ես կողմ եմ ավանդական, դասական թատրոնի եւ նույնն էլ սերմանում եմ իմ երեխաներին: Կարծում եմ ` աշխարհում թատրոնի ճգնաժամ է, չկան մեծատաղանդ քամյուներ, բրեխտներ, միլլերներ»:
«ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ԷՍ ԱՄԵՆԸ ԼՈՒՐՋ ՉԸՆԴՈՒՆԵՔ, ԵՍ
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՉԵՄ»
Ի դեպ, Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ դերասան էր, այլեւ մեծ գրող ու հրապարակախոս, թեպետ իր գրած ու հրատարակված գրքերի մասին խոսում էր իրեն բնորոշ համեստությամբ. «Ժողովո՛ւրդ, էս ամենը լուրջ չընդունեք, ես Դեմիրճյանը չեմ: Ուղղակի, ապրել եմ այնպիսի մարդկանց հետ, որ վիրավորական է, երբ նրանց քիչ են հիշում: Չէ որ նրանք մեծ դեր են խաղացել: Օրինակ, Հրաչյա Ներսիսյանը, ինչպե՞ս կարող էի չգրել նրա մասին, ինչպե՞ս կարող էի չգրել Ֆրունզիկի մասին, որը ստիպում էր բոլորին ծիծաղել եւ գրեցի ինչպես կարողացա: Իմ կարծիքով` վատ չեմ գրել: Մնացածը ինչ գրել եմ, ինքնբերաբար է ստացվել: Իհարկե, ես գրող չեմ ուղղակի սիրտս թրի նման խփում է ասելով` դե գրի այս խոսքը: Եվ գրում եմ, վերջում ստացվում է մի բան, որը մեկը հենց ինձ դուր է գալիս, մնացածներին` չգիտեմ: Չէի կարող չգրել այդ մարդկանց մասին: Միշտ պարտքի զգացում եմ ունեցել այդ մեծ մարդկանց առաջ: Նրանց պետք է հիշել, իմանալ, դրանում է մեր ուժը», - խոսելով իր գրքում մեծ արվեստագետների վերաբերյալ գրի առած հուշերի մասին` ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստը:
«ԵԹԵ ՉԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ »
Ս. Սարգսյանն այն մտավորականն էր, ով երբեք չէր խորշում խոսել քաղաքականության մասին, եւ նրա խոսքը կշիռ ուներ, որի հետ հաշվի էին նստում բոլորը: Եվ, իհարկե, մեզ հետ զրույցում վարպետն անդրադարձավ նաեւ հայ-ռուսական հարաբերություններին, եւ այս միտքն այսօր էլ, քան երբեւէ, նույնքան դիպուկ ու տեղին է ասված. «Խնդիրն այն է, որ դարերով մեր շուրջը քիչ բան է փոխվել, հատկապես հարեւանները, նրանք նույնն են ինչ-որ եղել են` իրենց մտածելակերպով եւ ապրելակերպով: Ստացվել է այնպես, որ մեր փոքրիկ քրիստոնյա երկիրը հայտնվել է այդ միջավայրում: Մենք պետք է հարմարվենք այդ ամենին: Փառք Աստծո, գոյություն ունի Ռուսաստանը, որի հետ 200 տարի միասին ենք, անբաժան, ինչպես սիամական երկվորյակներ: Ռուսաստանում ինչ կատարվում է, վերաբերում է նաեւ մեզ: Մենք վաղուց մեր բախտը կապել ենք այդ ազգի, նրա մեծ մշակույթի հետ: Շատ կարեւոր է մեզ համար, թե ինչ է կատարվում այնտեղ, իսկ այնտեղ անհասկանալի բաներ են կատարվում: Իրենց համար կարգախոս են հնարել` Ռուսաստանը ռուսների համար է: Ռուսները ճանաչում են միայն կովկասյան արտաքինը, նրանք չգիտեն ինչ ազգեր են դրանք, նրանք սպանում են հայերին, որովհետեւ անգամ չգիտեն, որ մենք քրիստոնյա ենք: Դրա համար առաջին հերթի, իհարկե, մեղադրում եմ ռուս մտավորականությանը, քանի որ չեն լուսավորում իրենց ժողովրդին: Այդ մեծ ազգը չպետք է անտեղյակ լինի: Ռուսները ցանկանում են եվրոպացի դառնալ,բայց չի հաջողվի, նույնիսկ Պետրոս 1-ին դա չհաջողվեց եւ պետք էլ չէ, որովհետեւ ռուսականությունը լրիվ ուրիշ մտածելակերպ է, ուրիշ փիլիսոփայություն , ինչպես հիմա են ասում` ուրիշ մենթալիտետ: Այնուամենայնիվ, խորհուրդ կտամ մեր մտավորականությանը կապը չկորցնել ռուսական մշակույթի հետ: Կարծում եմ, որ եթե չլինի Հայաստանը, Արցախը, Ռուսաստանի համար շատ դժվար կլինի այս տարածաշրջանում», - «Իրավունքի» հետ մտերմիկ մի զրույցում շեշտել է մեծ մտավորականը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk