ԱՆԱԼՈԳԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՀՈՒՆՎԱՐԻՆ ԳՈՒՑԵ ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՆԱ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ԱՆԱԼՈԳԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ.
«ՀՈՒՆՎԱՐԻՆ ԳՈՒՑԵ ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՆԱ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ»
2016 թ-ի հունվարի մեկից Հայաստանում գործելու է հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգը: Դա արվելու է` համաձայն 2006թ-ին հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրի:
Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէ։ Թվային հեռուստատեսություն դիտելու համար քաղաքացիները պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանն «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ թվային ցանցի ներդրման աշխատանքներն ավարտված են, ազդանշանը հասանելի է բոլոր վայրերում:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե անալոգային համակարգից թվայինի անցնելու դեպքում, այսպես ասած, ափսեանման ալեհավաքները պիտանի չեն լինի, Սահակ Դավթյանը հերքեց այդ լուրերը` ասելով, որ մեկը մյուսի հետ կապ չունի:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն, «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառվում` հունվարի մեկին խուճապ առաջանա հանրության շրջանում, քանի որ հանրային իրազեկումը բավարար չափով չի արվել: Ընդ որում` իրազեկումը չի արվել ոչ միայն բավարար, այլեւ մեր քաղաքացիներն անգամ չգիտեն` թվային հեռարձակման առավելությունները:
Մյուս խնդիրը, որը կառաջանա գալիք տարվա հունվարին, ըստ Պիպոյանի, այն է, որ ձեռքբերվող սարքերի գինը կտրուկ կավելանա: Այս պահին կենցաղային տեխնիկայի խանութներում դեկոդեր սարքի արժեքը մոտավորապես 8000-24.000 դրամ է: «Եթե բիզնեսն ինքնակարգավորվի` ակցիաներ սկսվեն, մրցակցություն լինի, որպեսզի սարքը վաճառող առեւտրային որոշ կառույցները թանկ չվաճառեն սարքերը, գնային կարգավորում կլինի, թանկացում էլ չի լինի: Բայց արդյոք էդպես կլինի, դժվարանում եմ ասել»,- մանրամասնեց հասարակական շահերի պաշտպանը:
Հանրության 70-80%-ը, Բաբկեն Պիպոյանի խոսքով, ստիպված է գնել դեկոդեր սարքը, քանի որ քչերն ունեն լայնէկրան HD հեռուստացույցներ:
Ինչով համոզված լինի սպառողը, որ իր հեռուստացույցի մեջ տեղադրվելիք սարքը որակով է եւ կարճ ժամանակ անց ստիպված չի լինի նորը գնել: Պարզվում է, որ ՀՀ-ում ոչ պարենային ապրանքների որակն ու անվտանգությունը որեւէ վերահսկողություն չի իրականացվում: Էկոնոմիկայի նախարարությանը սպառողակենտրոնության տեսանկյունից ոչինչ հետաքրքիր չէ: Եթե դեկոդեր սարքը, օրինակ, փչանա եւ չաշխատի, երաշխիքային կտրոն ունենալու դեպքում հնարավոր է խնդիրը մի կերպ լուծել: «Բայց ոչ ոք չգիտի` ինչ ճառագայթներ է արձակում: Իսկ քաղաքակիրթ երկրներում այդ մասին տեղեկատվություն տրվում է»,-եզրափակեց Պիպոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

