«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ՕՐ ՕՐԻ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԻՍՏՈՒԿԱՑԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ՕՐ ՕՐԻ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԻՍՏՈՒԿԱՑԻ ՎՐԱ»
Վերջերս կրկին Հայաստանում էր Նիդերլանդներում բնակվող հայ երգիչ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով ապրելով Եվրոպայում` երգում է ժողովրդական, իսկ իր նոր տեսահոլովակը` «Ջեյրան աղջիկը», նկարահանել է ոչ թե եվրոպական տեսարժան, այլ հայաստանյան գեղատեսիլ վայրերում: Իր ստեղծագործական ուղու, ինչպես նաեւ Հայաստանի ու Նիդերլանդների մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
-Համլետ, Ձեր նոր «Ջեյրան աղջիկ» երգի տեսահոլովակը կարճ ժամանակում լայն արձագանք գտավ: Նախ անդրադառնանք տեսահոլովակի նկարահանումներին` որքա՞ն տեւեց եւ ի՞նչ խնդիրների բախվեց Նիդերլանդներից ժամանած երիտասարդ երգիչը հայրենիքում:
- Տեսահոլովակի նկարահանումների ընթացքը տեւեց 3 օր: Ունեինք նպատակ, կամքի ուժ եւ նկարահանման փայլուն անձնակազմ (Կարեն Գալստյանի գլխավորությամբ), ուստի` բոլոր խնդիրները գտան իրենց լուծումը, նաեւ մեր աշխատասիրության եւ համառության շնորհիվ:
- Հաճա՞խ եք Հայաստանում լինում ու ի՞նչ տպավորություններ ունեք հայրենիքից:
- Փորձում եմ գոնե տարին 1-2 անգամ գալ, սիրտս է ինձ բերում հայրենիք: Սիրում եմ Հայաստանը: Ինչքան էլ որ խնդիրներ լինեն` արտագաղթ, սոցիալ-տնտեսական վատ պայմաններ, միեւնույնն է, Հայաստանն իմ սրտում է ու կանչում է ինձ:
- Լինելով սասունցու թոռ` ինչպե՞ս եք հարմարվել նիդերլանդական իրականության հետ ու, ըստ Ձեզ, ի՞նչ առանցքային տարբերություններ կան մեր եւ նիդերլանդցիների միջեւ:
- Տարբերություններն ակնհայտ են: Այստեղ գերիշխում են արեւմտյան արժեքները, որոնք, ցավոք սրտի, օր օրի ավելի են ազդում հայ երիտասարդների նիստուկացի վրա` թե՛ Եվրոպայում, եւ թե՛ նույնիսկ Հայաստանում` աղավաղելով հայկական մշակույթն ու մեր պապերից ժառանգած բարքերը: Բայց շնորհիվ ծնողներիցս ստացած դաստիարակության եւ հպարտությամբ կրելով հայկական ազգանունս` Նիդերլանդներում ես չեմ փոխվել, ապրում եմ որպես ավանդապաշտ հայ երիտասարդ` հայեցի կենսակերպով:
- Հնարավո՞ր է ապագայում նաեւ այլ ժանրում տեսնենք Ձեզ, թե՞ ժողովրդական երգերով կշարունակեք ներկայանալ ունկնդիրներին:
- Դեռ չեմ պլանավորել ժանրի փոփոխություն, երգում եմ այն, ինչ հոգեհարազատ է ինձ: Եթե ապագայում լինեն երգեր այլ ժանրերում, որոնք կդիպչեն սրտիս, այնպես, ինչպես ազգագրական, ժողովրդական երգերն են, ապա չեմ բացառում ուրիշ ժանրում հանդես գալը:
- Շատերն այսօր «միքսում» են տարբեր ոճեր կամ դարձնում այն իրենց ապրած երկրի մոտիվներով: Հետաքրքիր է` հնարավո՞ր է, առաջիկայում հանդես գաք հայ-նիդերլանդական ինչ-որ երգով:
- Հնարավոր է, որ ապագայում զուգերգով հանդես գամ այլազգի արտիստների հետ, բայց իմ շուրթերից կհնչեն միայն մաքրամաքուր հայերեն բառեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

