Զարմացած
Արխիվ 12-16
Օրերս տեղի է ունեցել մի զարմանալի իրադարձություն, այն էլ` Երուսաղեմում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ ունենալով սիոնիստական ֆորումում` ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ չէր ցանկանում կոտորել հրեաներին, այլ ուզում էր ընդամենը արտաքսել Եվրոպայից, սակայն 1941-ին երուսաղեմցի ոմն մահմեդական հոգեւորական նրան համոզել է, որ պետք է կոտորել: Պատկերացնո՞ւմ եք, այդպիսի հայտարարություն անում է ոչ թե ինչ-որ սափրագլուխ նեոֆաշիստ, կամ Հոլոքոստը ժխտող որեւէ պատմաբան, այլ հրեական պետության վարչապետը: Երեւի թե, իսլամի նկատմամբ ատելությունն այնքան է մթագնել նրա ուղեղը, որ ծերուկը լրիվ անտանելի է դարձել:
Լոռու մարզում տեղի ունեցած խայտառակ, ամոթալի համասեռամոլական ֆորումին արդեն անդրադարձել ենք: Սակայն այստեղ արձանագրվել է մի շատ հետաքրքիր «լեզվի սայթաքում»` լրիվ ըստ Ֆրեյդի: Այդ խայտառակության կազմակերպիչների կայքում հաղորդագրությունն սկսվում է այսպիսի նախադասությամբ. «Հոկտեմբերի 17-18 Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նեխաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը»: Զարմանալիորեն, ճիշտ էլ գրել են` ոչ թե նախաձեռնություն, այլ` ՆԵԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ: Զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ կազմակերպիչներն էլ ենթագիտակցաբար հասկանում էին, որ իրենց կազմակերպածից նեխահոտն ընկել է աշխարհով մեկ:
Զարմանալիորեն, բախտը ժպտացել է ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ: Ճիշտ է, նրա այն հայտարարության կապակցությամբ, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովը, «վենետիկցիները» ահավոր կատաղած էին եւ ակնկալում էին, որ սույն կերպարանքը կպատժվի, բայց մեր իրավապահները որոշեցին քրեական գործի հարուցումը մերժել: Դե պարզ է, որ զրո փաստերի կապակցությամբ կաշառքի առնչությամբ գործ չէր կարող հարուցվել, բայց. «Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ, որ Լ. Զուրաբյանի հայտարարությունը չի պարունակում սուտ մատնության հանցակազմ` նկատի ունենալով, որ նրա արարքում բացակայում է տվյալ հանցագործության հանցակազմի սուբյեկտիվ կողմը (սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետեւանքները եւ ցանկացել է դրանց վրա հասնելը)»: Դե ինչ ասես, երեւի թե ոստիկանության քննիչները եւ դատախազությունը համարել են, որ Զուրաբյանը չէր հասկանում, թե ինչ է անում, այսինքն` նրան դրել են անմեղսունակի տեղ:
Զարմանալի հանցագործություն է կատարվել Երեւանում` հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Դա տեղի է ունեցել Գրիբոյեդովի փողոցում, երբ իր վարած տաքսիում նստած նախաճաշում էր: Զարմանալի է, ինչ էին ուզում այդ համեստ մարդուց, ով վաղուց հեռացել է քաղաքականությունից եւ տաքսի վարելով է ապահովում իր համեստ վաստակը: Միգուցե կենցաղայի՞ն էր պատճառը, կամ հանդիպել է սովորական խուլիգանների... Բայց, գրողը տանի, ինչո՞ւ հանցագործների ճանապարհին պետք է հենց նա հայտնվեր:
Եվ վերջապես, մի զարմանալի աբսուրդային լուր է պտտվում համացանցով մեկ` իբր ԱՄՆ-ի տիեզերագնացության եւ օդագնացության գործակալությունը հաստատել է, որ նոյեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 29-ը մեր մոլորակը ԽԱՎԱՐԻ մեջ է ընկղմվելու: Ճիշտն ասած, այդ իբր գիտական լոլոն ամբողջովին կարդացի, եւ ակնհայտ էր, որ այդպիսի ապուշություն կարող էր գրել ու համապատասխանաբար այդ ապուշությանը կարող էր հավատալ միայն նա, ով ծանոթ չէ աստղագիտության դպրոցական դասագրքին: Ավաղ, արդեն երկար տարիներ է, որ Հայաստանի դպրոցների ծրագրից աստղագիտությունը հանված է, եւ դրա զարմանալի հետեւանքը եղավ այն, որ այդ հիմարությունը նաեւ հեռուստաալիքներից մեկով հաղորդվեց: Ճիշտ է, հեռուստաալիքը հետո ներողություն խնդրեց, բայց... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է նախարար Աշոտյանին խնդրել եւ պահանջել, որ աստղագիտությունը վերադարձվի դպրոցական ծրագիր, թե չէ մեր երիտասարդությունը մնում է լրիվ անտեղյակ տիեզերքի իրական կառուցվածքին, եւ դա 21-րդ դարում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

