Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԱՄԱՐ
Ինչպես հայտնում է «ԷկոԼուրը». «Սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով»: Նրանք ահազանգ էին ստացել ականատեսներից, որ հոկտեմբերին` 2 օրվա ընթացքում, իրենց աչքի առաջ լիճն իջել է: Թե ինչով է պայմանավորված լճի ջրի մակարդակի նվազումը` այն էլ տասը օրվա ընթացքում, փորձեցինք պարզել ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեից, որտեղից մեզ պատասխանեց մի տղամարդ, ով պետական հիմնարկությանը ոչ հատուկ ձեւով չցանկացավ ներկայանալ` նշելով. «Աշխատակից եմ եւ պատասխանատու` նման հարցերով, ասեք խնդրեմ»: Բայց լսելով հարցը` միայն պատասխանեց.
- Սխալ հասցեով եք զանգել, որովհետեւ Սեւանից մենք արդեն վաղուց ջուր չենք վերցնում, մեր ջրի պաշարը վերցրել եւ փակել ենք: Երեւի թե, Բնապահպանության նախարարությանը ուղղեք Ձեր հարցը:
- Այսինքն՝ Սեւանի ջրի մակարդակը իջել է, իսկ հիմնական պատասխանատուն՝ Ջրային տնտեսությունը, դրա հետ կապ չունի՞:
- Իհարկե կապ չունի: Մենք ջուր չենք վերցնում Սեւանից արդեն բավական ժամանակ: Մեր օրենքով սահմանված լիմիտը` 170, նույնիսկ 160 քանի միլիոն վերցրել ենք ու էլ ջուր չենք վերցնում:
- Այդ դեպքում` ի՞նչն է նվազման պատճառը:
- Ես ասացի արդեն, խնդրում եմ հարցերը ուղղեք մյուս գերատեսչությանը, որն ավելի կոմպետենտ է այդ հարցերին պատասխանելու:
- Այսինքն՝ Դուք հրաժարվո՞ւմ եք կոնկրետ պատասխանից:
- Ես արդեն ասացի չէ՞ Ձեզ այն, ինչը, որ մեր մասով էր:
Մեկ բան հիշեցնենք. Սեւանից սահմանված նորմաներով ջուր վերցնելու միակ պետական պատասխանատուն Ջրային տնտեսության կոմիտեն է: Իհարկե, Բնապահպանության նախարարությունից եւս դեռ կփորձենք պարզել, թե այս ինչ է կատարվում: Բայց երբ ոչ ոռոգելի սեզոնին Սեւանը նվազում է 10 սմ-ով, դա նշանակում է, որ լճից ահռելի ծավալով ջուր են... գողացել: Նկատի ունենք, որ լճի 1 սմ մակարդակին համապատասխանում է մոտ 12,5 մլն խմ ջուր, այսինքն՝ պակասել է 125 մլն խմ: Թույլատրված 170-160 մլն-ից, ինչպես ասում է մեր զրուցակիցը, իրենք իրենց «սահմանված լիմիտը վերցրել են», իսկ այս 10 սմ-ից, այսինքն՝ 125 մլն-ից տեղյակ չեն: Իսկ դա նշանակում է, որ այդ 125 միլիոնը «լիմիտավորված» ջուր չէ, եւ այն առանց օրենսդիրի հավանության, վերցնել ոչ ոք չի կարող: Եվ եթե իրոք ինչ-որ մեկը վերցրել է, ուրեմն խոսքը մեծ ապօրինության մասին է: Մի խոսքով՝ առաջիկայում կփորձենք գլուխ հանել, թե այս ինչ է կատարվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

