«ԱԽՊԱՐԱԿԱՆ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16«ԱԽՊԱՐԱԿԱՆ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Չորեքշաբթի Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում հայ հանրությունը առիթ ուներ միանգամից մեկտեղված տեսնել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են բազմաչարչար հայ ժողովրդին փրկել նոր Սահմանադրությունից: Ճիշտն ասած, երբ տեսնում ես այդ «փրկիչներին» իրար գլուխ հավաքված, առաջին հարցը, որ ուզում ես տաս` եթե ինքներդ ձեզ փրկելու պիտանի չեք, ապա ինչպե՞ս եք պատրաստվում փրկել մեզ բոլորիս, այն էլ` առանց հարցնելու, թե արդյո՞ք փրկվելու ցանկություն ունենք: Ու երեւի թե դժվար է պատկերացնել «այո»-ի ավելի լավ քարոզչություն, քան «ոչ»-իստների բոլոր սֆաթները մեկտեղ ցույց տալը: Ակամա ուզում ես հենց այն, ինչից քեզ ձգտում են «փրկել»:
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»` ՀԻՆ ԴԵՄՔԵՐՈՎ
Հետաքրքիրն այն է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համաժողովին թարսի պես այնպես ստացվեց, որ գլխավոր դերակատարները ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Սփյուռքի հետ:
Սփյուռքից է գլխավոր «փրկիչ» Ժիրայր Սէֆիլյանը, Սփյուռքից է «Ժառանգության» առաջնորդ աննման Րաֆֆի Հովհաննիսյանը, ու նաեւ Սփյուռքից է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով երկար տարիներ Հայաստանին փորձում էր «փրկել» Սփյուռքի ամենամեծ երազանքից` Հայ Դատից: Ճիշտ է, Լեւոն Ակոպիչն անձամբ չի երեւում, սակայն մշտապես երեւում եւ շատախոսում է նրա հավատարիմ ստվեր, ՀՀ վաստակավոր ձախողակ Լյովիկ Զուրաբյանը:
Հիմա ի՞նչ են պատրաստվում անել մեր սիրասուն «փրկիչները»: Նախ` «Նոր Հայաստանը» եւ Դավիթ Սանասարյանի խմբակը չարագուշակ ամսաթվին` հոկտեմբերի 27-ին պատրաստվում են փողոցային ակցիա անել, դրա նախորդ երեկոյից նաեւ նստացույց սկսելով: Դե, եթե փորձեն որեւէ փողոց փակել, ապա դրա վերջաբանը պարզ է` մեր ոստիկանությունը սովորել է արագ, առանց տուժողների արգելաբացել փակ փողոցները:
Հետո` հոկտեմբերի 30-ին, գալիս է ՀԱԿ-իստների եւ գրանտակեր «քաղաքացիական հասարակության» հանրահավաքը, որը միգուցեեւ իրականում մանրահավաք լինի:
Եվ վերջապես, ինչպես հայտարարեց գլխավոր «փրկիչը»` դեկտեմբերի 1-ից նստացույցով սկսում են, եւ «առանց տուն գնալու» շարունակում են «ռեժիմը հեռացնող» ակցիաները: Դե, այդ թիմին տեսանք, թե ինչի էր պիտանի նրանց «100-ամյակն առանց ռեժիմի» ծրագիրը, ու հերթական «հեղափոխությունը» մոտավորապես նույնն է լինելու:
Սակայն սփյուռքյան «սկզբնաղբյուրը», բացի առաջին դեմքերից, որոնց կարելի է գումարել եւ Վարդան Սիվիլիթասիչին, դրանով ավարտվում է: Որոշ չափով Սփյուռքից են սնվում միայն «Հիմնադիր խորհրդարանի» «փրկիչները», իսկ մնացյալ բոլորը սնվում են պարզապես Արեւմուտքից, այդտեղ նույնիսկ Սփյուռքը, որպես միջնորդ, հիմնականում բացակայում է: Ի դեպ, կրկին արանքում հայտնվում է իբր կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն: Եթե մինչ այդ, նրանք հոգում էին թռուցիկների եւ այլ քարոզչական նյութերի ծախսը, ապա հիմա էլ հավար-հավար մտադիր են պատրաստել դիտորդների: Սակայն այդ դիտորդները նախատեսված են ոչ թե կաշառակեր չինովնիկների գլխին կանգնելու, այլ ընտրատեղամասերում հանրաքվեի օրը Սահմանադրության դեմ պայքարելու համար: Ու եթե այդ կառույցին հետեւես, ապա կստացվի, որ հայ ժողովուրդը կպրծնի կոռուպցիայից, եթե ազատվի նոր Սահմանադրության նախագծից: Լավ, եթե սույն հակակոռուպցիոն ՀԿ-ն կոռուպցիայի արմատ է համարում այդ նախագիծը, ապա մինչ նախագծի մշակումը, որ մի այլ մոլորակից էին մեր երկրում հայտնվել կոռումպացված չինովնիկները:
«ԱՆՈՆԻՄՈՒՍՆԵՐԻՑ», ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ
Ինչպես հայտնի է, Շանթ Հարությունյանի ձախողակ «հեղափոխության» տարեդարձին` նոյեմբերի 5-ին, «Անոնիմուսների երթ» է նախատեսված: Սկզբում դրա շուրջ բավականին մեծ աժիոտաժ կար, հայտնվել էին ինչ-որ նոր «մայդանչիներ», ովքեր մտադիր էին ե՛ւ Հելլոուինի գիշերը, ե՛ւ այդ օրը պայթուցիկներով ու այլ միջոցներով իրականացնել «ամենեւին ոչ խաղաղ» ակցիաներ: Նրանք իրենց հակասահմանադրական կոչով կեղտոտել էին ամբողջ «Ֆեյսբուքը», սակայն հիմա իրենց գրառումներն անհետացել են: Նման է, որ իրենց հետ էլ իրավասու կառույցները բացատրական աշխատանք են անցկացրել...
Սակայն «հեղափոխական» մեթոդների դեմ քանիցս հրապարակավ արտահայտվեց եւ նոյեմբերի 5-ի «Անոնիմուսների երթի» գլխավոր կազմակերպիչ համարվող Շահեն Հարությունյանը` Շանթի 16-ամյա որդին: Չգիտենք` ինչքանով է նա անկեղծ, սակայն բացառապես խաղաղ ակցիայի մասին պնդումներում բավականին հետեւողական եղավ: Եվ, ի դեպ, նա այդ ակցիան ավելի վաղ տարանջատել էր Սահմանադրության դեմ պայքարողներից` հայտարարելով, որ իր ունեցած քաղաքագիտական գիտելիքները բավարար չեն Սահմանադրության նախագծի վերաբերյալ միանշանակ կարծիք կազմելու համար: Իհարկե, դրանով այդ 16-ամյա պատանին դրսեւերում իրեն որպես շատ ավելի հասուն, քան «Ոչ»-ի ամբողջ ճակատը միասին վերցված` իր բոլոր «նավթալինոտ» գործիչներով հանդերձ:
Ինչեւէ, նոյեմբերի 5-ին տեղի է ունենալու քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաք եւ երթ` ճիշտ է, «Անոնիմուսների» դիմակներով, սակայն այդ դիմակները դնելու են ոչ թե դեմքներին, այլ ծոծրակներին: Դա միակ արտոնված միջոցառումն է, եւ քանզի կազմակերպիչները քանիցս պնդել են դրա խաղաղ բնույթի մասին, ապա զուգահեռաբար այլ, ագրեսիվ ակցիաների նկատմամբ ոստիկանությունն ունենալու է ամենակոշտ վերաբերմունքը դրսեւորելու բոլոր հիմքերը:
Ուստի, դժվար թե, առաջիկա մեկ-երկու շաբաթում ինչ-որ նշանակալի միջադեպեր լինեն: Սակայն ի՞նչ կարելի է սպասել Ժիրայր Սէֆիլյանի գրոհայիններից դեկտեմբերին` այս պահին դժվար է կողմնորոշվել: Բայց միանշանակ է մի բան` հանրությունը որեւէ պատճառ չունի հետեւելու «Ոչ»-իստների հորդորներին, առավել եւս, որ նրանց բոլորին վաղուց ճանաչում է որպես իշխանափոխություն խոստացող, սակայն դրան բացարձակ անընդունակ անհաջողակներ, ու առավել եւս, որ նույն հանրությանը պարզ չէ` այդ ինչո՞ւ հանկարծ նոր Սահմանադրությունը մերժելը պետք է նշանակի իշխանափոխություն, եթե իշխանությունն ունի վերարտադրվելու նույն հնարավորությունը, անկախ նրանից դա նոր, թե հին Սահմանադրությամբ կլինի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

