ՔՈՔՈԲԵԼՅԱՆ VS ՇԱԲՈՅԱՆ. «ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԻ ՄԵՋ ԵՆՔ ԹԱՂՎԱԾ, ԴՊՐՈՑԻ ԲՈՒՖԵՏՆԵՐԻՑ ԵՔ ԽՈՍՈՒՄ»
Արխիվ 12-16ՔՈՔՈԲԵԼՅԱՆ VS ՇԱԲՈՅԱՆ. «ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԻ ՄԵՋ
ԵՆՔ ԹԱՂՎԱԾ, ԴՊՐՈՑԻ ԲՈՒՖԵՏՆԵՐԻՑ ԵՔ ԽՈՍՈՒՄ»
Պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հարց ուղղեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: «Պրն Շաբոյան, ամբողջությամբ թաղված ենք մենաշնորհների մեջ, դուք եկել դպրոցի բուֆետներից եք խոսում: Կարող եք ասել մի բնագավառ, որտեղ լուծվել են խնդիրները ձեր հանձնաժողովի միջամտությամբ: Ամբողջ աշխարհում իջնում է գազի, վառելիքի գինը, Հայաստանում չի իջնում: Մտնում ես խանութներ, տեսնում ժամկետանց սննդամթերք, դեղատներում վաճառվում են ժամկետանց դեղորայք»,- ասաց պատգամավորը:
Արտակ Շաբոյանն ասաց, որ պատգամավորը բարձրաձայնում է հարցեր` ժամկետանց սննդամթերք, ժամկետանց դեղորայք, որոնք մեր հանձնաժողովի գործառույթներից դուրս են: «Խնդիրները պետք է լինեն կոնկրետ եւ առարկայական»,- ասաց ՏՄՊՊՀ-ի նախագահը:
Արտակ Շաբոյանի այս պատասխանը զայրացրեց Քոքոբելյանին: Վերջինս պահանջեց Շաբոյանից փաստերով խոսել, անուններ տալ: Սակայն Շաբոյանն այդպես էլ անուններ չտվեց` ասելով, որ ցանկն այս պահին իր մոտ չէ, ապա սկսեց ընդհանուր, դասախոսությանը բնորոշ մտքեր հայտնել: Քոքոբելյանը բորբոքվեց.«Պրն Շաբոյան, դեմագոգիայիով մի զբաղվեք»:
«Դուք եք զբաղվում դեմագոգիայով»,- հակադարձեց Շաբոյանը:
Հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց առանց զայրանալու, առանց էմոցիաների բանավիճել: Սակայն Քոքոբելյանը տեղի չտվեց. «Պրն Շաբոյան, սա դպրոց չէ, այլ ԱԺ: Հարց եմ տալիս, հարցիս ուղիղ պատասխանի: Եթե չէ, ներողություն խնդրի ասա, չեմ կարող պատասխանել»:
Միքայել Մելքումյանի հորդորներն իզուր էին, Շաբոյանի ու Քոքոբելյանի լեզվակռիվը շարունակվում էր: «Պարոն Շաբոյան, ես գիտեմ, որ ձեր գործը դժվար է, բայց դա չի նշանակում, որ պետք է ասեք` բազում հիմնարկներ, բազում դպրոցներ: Շատ վիրավորական է, որ ասում եք դպրոցի բուֆետներում: Դա հասկացանք, ցավդ տանեմ»:
Քոքոբելյանը նաեւ ասաց, որ անձնական որեւէ խնդիր չունի Շաբոյանի հետ, ավելին` նույնիսկ կարեկցում է նրան, քանի որ անհարմար իրավիճակում է: «Առաջարկում եմ հանձնաժողովի անունը փոխել եւ դնել գների հիմնավորման հանձնաժողով»,-ասաց պատգամավորը:
Արտակ Շաբոյանն էլ ասաց, որ Քոքոբելյանը չի տիրապետում ՏՄՊՊՀ-ի գործունեությանը:
«Լսի, ես քեզ կոնկրետ բան եմ ասում: Քո շարժուձեւին էլ, քո հանձնաժողովին էլ ,քո ինֆորմացիային էլ եմ տիրապետում»,- վրդովված ասաց օրենսդիրը:
«Լավ, լավ»,- փորձեց կրքերը հանգստացնել Միքայել Մելքումյանը, ապա հարցի իրավունքով ձայն տվեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

