ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ԾԱԽԵՔ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ»
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ԾԱԽԵՔ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ»
«Ալյանս» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, նույնակացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին նախագիծ ներկայացրեց:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով` կան քաղաքացիներ, որոնք նույնականացման քարտ ունեն անձնագրի փոխարեն: «Եթե անձը հաստատող փաստթուղթը՝ անձնագիրը ներկայացնելիս ընտրատեղամասերում ֆիքսվում է ընտրություն կատարելու հանգամանքը դրոշմակնիքով, այն հնարավոր չէ անել նույնականացման քարտ ներկայացնելու պարագայում: Եթե մարդկանց տալիս ենք էլեկտրոնային փաստաթղթեր` նույնականացման քարտեր, պետք է փաստաթղթերում ֆիքսելու հնարավորություն եւս տրվի: Այլ դաշտ ինձ մի տեղափոխեք»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորն առաջարկում է վերահսկողական մեխանիզմներ ներդնել` նույնականացման քարտերը ստուգվեն 1.5 դոլար արժողությամբ էլեկտրոնային սարքերով:
Ինչ վերաբերում է որոշ պատգամավորների այն դիտարկմանը, թե ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, Ուրիխանյանը հռետորական հարց հնչեցրեց` փողի մասին արդյոք արժե խոսել, եթե խոսքն ընտրությունների մասին է:
Կուսակցության առաջնորդն առաջարկում է այդ ֆինանսական միջոցները հայթայթել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից` նրանից պահանջելով բիոզուգարանի գումարը: «Նախկին վարչապետին, որ ուղարկում եք ԵԱՏՄ, նրա գնած բիոզուգարաններն ծախեք, կամ մի շարք գերատեսչություններին ուռճացված ծախսերից, ծառայողական շքեղ մեքենաներից հրաժարվեք, որպեսզի կազմակերպվի ընտրական նորմալ գործընթաց, քանի որ ցանկության դեպքում փող կգտնվի»:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ կատակով ասաց, որ Տիգրան Ուրիխանյանին դժվար է այլ դաշտ տեղափոխել. «Ծանր մարդ եք, ձեզ դժվար է քաշքշել»,- կատակելով ասաց պրն Սահակյանը:
ԲՀԿ պատգամավորն էլ հակադարձեց. «Կշեռք ունե՞ք, թույլ տեղերիս մի կպեք»:
Մեկ ձայնի տարբերությամբ Ուրիխանյանի նախագիծն քառօրյայի օրակարգ չընդունվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

