ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ` ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄՈՐ ԽՆԴՐԱՆՔԻՆ
Արխիվ 12-16ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ` ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄՈՐ ԽՆԴՐԱՆՔԻՆ
Ադրբեջանում նախորդ տարի գերի ընկած ու գերությունից ազատված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը բժիշկների հսկողության տակ է: «Իրավունք»-ի հետ զրույցում տիկին Սվետլանան ասաց, որ Արսենը չի աշխատում, ապրում է Հրազդանում` իր բարեկամներից մեկի տանը: «Բժիշկները մեզ ասացին, որ Արսենի առողջական վիճակը վատանում է, երբ նա գյուղ է գալիս` «Վերին Կարմիրաղբյուր: Մեր գյուղի օդը սուր է եւ Արսենի առողջական վիճակի վրա այն բացասական է անդրադառնում»,- ասաց տիկին Սվետլանան:
Արսենի համար փոքրիկ կացարանի խնդրանքով Խոջոյանների ընտանիքը դիմել էր նախագահական, սակայն, որքան կարողացել է հասկանալ նամակ բովանդակությունից տիկին Սվետլանան, իրեն պատասխանել են` բնակարանով եւ կացարանով աջակցում են միայն Ադրբեջանից Հայաստան գաղթած փախստականներին:
Տիկին Սվետլանայի խոսքով` մյուս որդին էլ առողջական խնդիրներ ունի: «Մի խոսքով` ամբողջ օրը հիվանդանոցներից տուն չեմ գալիս»,- ասաց Արսենի մայրը:
Գյուղատնտեսական աշխատանքների համար բանկից վերցրած վարկն էլ Խոջոյանների ընտանիքը դեռ չի մարել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

