ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ երկու օր` 680 տեղանոց լեփ-լեցուն հանդիսասրահում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը: Ինչպես «Իրավունքին» փոխանցեց դերասանուհին, հանդիսատեսը ջերմ է ընդունել իր խաղը, հատկապես բարձր են գնահատել հոր` ներկայացման բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը: Դերասանուհին նաեւ փոխանցեց, որ հյուրախաղերի հրավերն ստացել են Ստամբուլի Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերիից:
«Իրավունքն» առաջիկայում կներկայացնի դերասանուհու հետ զրույցը, որտեղ նա կմանրամասնի Ստամբուլի հյուրախաղերի դժվարությունների, ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին:
Իսկ մինչ այդ նշենք, որ «Մարսել» մոնոներկայացման երեւանյան առաջնախաղը կայացել է 2011-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում` «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:
«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահից հետո: Հերոսուհին փորձում է կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ և ոգեհմայության միջոցով ետ կանչել Նրան: Նա աղոթում է և իրեն թվում է, թե խոսում է Մարսելի հետ: Նրա աղոթքը երգն է: Ներկայացման մեջ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը երգերը կատարում է դրամատիկ խաղի միջոցով (ներկայացման ընթացքում հնչում են 12 երգ Է. Պիաֆի երգացանկից): Ներկայացման մեջ հերուսուհու շուրթերից հնչում է միայն մեկ բառ` Մարսել…
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

