Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան «Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է 10 հրթիռ հարվածել է Պոլտավայի նավթավերամշակման գործարաններին և հիդրոէլեկտրակայանին ԱԺ նիստը ուղիղ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հոկտեմբերի 30. Օրվա խոսք Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ «ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ» 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ «ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ» 50 ՏԱՐԵԿԱՆ Է

 

1965 թվականի սեպտեբերի 4-ին Կիեւի «Ուկրաինա» կինոթատրոնում կայացավ Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերան: Չնայած ուկրաինական ծագմանը` ֆիլմը 50 տարի անց էլ սիրված է հայ հասարակության կողմից:

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀՅՈՒՐԱՆՈՑԻՑ ՈՒ ԱՊՐԵԼ ԳՈՒՑՈՒԼԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Փարաջանովն իր «Հավիտենական շարժում» էսսեում «Ստվերների» մասին այսպես է արտահայտվել. «Հազիվ էի կարդացել Կոցյուբինսկու վիպակը, երբ ցանկացա բեմադրել: Ես սիրահարվեցի գեղեցկության, ներդաշնակության, անվերջության այդ բյուրեղյա մաքուր զգացողությանը: Այն սահմանային զգացողությանը, երբ բնությունը վերածվում է արվեստի, արվեստը` բնության»: Նկարահանումների համար Փարաջանովը կտրականապես հրաժարվել է  տեղավորվել որեւէ հյուրանոցում: Նա մեկ տարի ապրել է գուցուլական ընտանիքում` «յուրացնելով» նրանց բառուբանը, տեղի սովորույթները: Ֆիլմի նկարչի ու կոմպոզիտորի հետ հանգրվանել է Գլիֆա գեղատեսիլ լեռան մոտ` Պետրո եւ Եվդոկիա Սորյուկովների հին փայտե հյուղակում: Ամբողջ նկարահանման ընթացքում Սորյուկովների տունը յուրահատուկ «կինոլաբորատորիա» է ծառայել: Ասում են` 40-ամյա ռեժիսորը դանդաղ աշխատանքի համար 7 խիստ նկատողություն է ստացել ղեկավարությունից` խախտել բոլոր հնարավոր ժամկետները: Դա ռեժիսորը բացատրել է այսպես` անհնար է սիրո պատմությունը «գրաֆիկով նկարահանել»:

ԱՆՁԱՄԲ Է ԸՆՏՐԵԼ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ

Փարաջանովն ինքն է ընտրել ֆիլմի դերասաններին: Չնայած` գլխավոր դերում հաստատված է եղել ռուսաստանցի դերասան, բայց Փարաջանովի վերջնական ընտրությունը կանգ է առել Իվան Միկոլայչուկի վրա, ում հանդիպել է պատահականորեն` բոլոր դերակատարների հաստատումից հետո: Ֆիլմի նկարահանման ժամանակ Թատերականի ուսանող Միկոլայչուկը միանգամից մեծ հռչակ է ձեռք բերել: Փարաջանովը շատ երկար է փնտրել նաեւ Մարիչկայի դերակատարուհուն, սակայն գտել է հենց իր «քթի տակ»` ի դեմս ֆիլմի օպերատոր Իլյենկոյի կնոջ` Լարիսա Կադաչնիկովայի, որը աշխատում էր Մոսկվայում եւ հանուն այս ֆիլմի ստիպված էր թողնել «Սովրեմեննիկ» թատրոնը:

ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԷՐ ՆԿԱՏԵԼ ԱՆՆԿԱՏԵԼԻ ԳԵՂԵՑԻԿԸ

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը արժանացել է  մի շարք մրցանակների եւ մեծ համբավ բերել Փարաջանովին: Նրա մասին հիացմունքով էին խոսում Ուկրաինայում եւ ասում, թե Դովժենկոյից հետո հայտնվել է նման տաղանդավոր ռեժիսոր: Յուրի Մեչիտովը, ով հեղինակն է Փարաջանովի բազմաթիվ լուսանկարների, անմահացրել է նրա կյանքի ամեն մի պահը` իր  լուսանկարներով: Լուսանկարներից շատերի հեղինակը Փարաջանովն է, եւ նա է  որոշել, թե ինչպես իրեն լուսանկարեն. «Մեր բախտը շատ է բերել, որ մեր կողքին ծնվել է նման հանճար, ով այսօր էլ իր արվեստով ապրում  է: Փարաջանովը ազատ մարդ էր, նա նույնիսկ ազատ էր բանտում»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մեչիտովը: Ամենամեծ դասը, որ նա սովորել է Փարաջանովից` գեղեցիկը նկատելու ընկալումն է, քանի որ Փարաջանովը սովորեցնում էր նկատել աննկատելի գեղեցիկը, որի ստեղծողն ու կրողն էր նաեւ ինքը` մեծանուն ռեժիսորը:

ՖԻԼՄԻ ԳՈՒՑՈՒԼԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԸ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՏԱՆՆ Է

3 տարի առաջ Փարաջանովի տուն-թանգարանը համալրվեց եւս մեկ կարեւոր ցուցանմուշով. Հայաստան եկած լեհ կինոքննադատ, Փարաջանովի ընկեր Յանուշ Գազդան թանգարանին է նվիրաբերել այն գուցուլական հագուստը, որը նկարահանվել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում: Հագուստը 70-ական թվականներին Փարաջանովը նվիրել է Յանուշ Գազդանի կնոջը. «Կինս արդեն մահացել է, որոշեցի, որ հագուստն անհրաժեշտ է տուն-թանգարանին փոխանցել: Ինձ մոտ Փարաջանովից մնացել են միայն լուսանկարներ ու նամակներ»,- ասաց լեհ կինոքննադատն ու պատմեց, որ Փարաջանովի հետ պարբերաբար հանդիպել են Կիեւում, հետաքրքիր օրեր ու պահեր ապրել: Ըստ նրա` քչերն են ճանաչում Փարաջանովին. «Նա ներկայացման մարդ էր, անընդհատ տոն էր կազմակերպում, եւ այդ ամենը ոչ միայն ֆիլմերում, այլեւ` կյանքում: Նա սիրում էր շատ հյուրեր ընդունել, ինքն էր հյուրասիրում, եւ այդ ամենի մեջ այնքան գեղեցկություն կար: Նա ամեն ինչի մեջ էր գեղեցիկ փնտրում. դա ամենից կարեւորն էր իր համար»:

ԲԱՆԸ ՀԱՍԵԼ Է ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐՈՎ ՄԵՆԱՄԱՐՏԻ

Նկարահանման գործընթացը լի է եղել աբսուրդի հասնող հակասություններով: Ամենից հայտնի դրվագը թերեւս Փարաջանովի ու գլխավոր օպերատոր Յուրի Իլյենկոյի մենամարտն է գուցուլական ատրճանակներով: Ասում են` օպերատորն է ռեժիսորին մենամարտի կանչել: Սակայն «հասցրել է» կարծես թե Փարաջանովը. նա Իլյենկոյին մեղադրել է իրեն չենթարկվելու, նկարահանող խմբին իր դեմ տրամադրելու, իրեն սպանելու փորձի համար: Ռեժիսորն անգամ հեռագիր է ուղարկել Դովժենկոյի անվան կինոստուդիա` պահանջելով հեռացնել «տականք օպերատոր-ենիչերիին»: Դրանից հետո նեղացած գլխավոր օպերատորը Փարաջանովին մենամարտի է կանչել: Ասում են` այն չի կայացել միայն այն պատճառով, որ նախօրեի հեղեղը քշած-տարած է եղել Չերեմոշ գետի կամուրջը, որով պետք է անցնեին մենամարտի վայր հասնելու համար:
Սկանդալից հետո Իլյենկոյին հեռացրել են նկարահանումներից, հրաժարվել է նաեւ նրա կինը` Մարիչկայի դերակատարուհի Կադաչնիկովան: Նրան փոխարինող դերասանուհի են գտել, սակայն նեղացած օպերատորն ու դերակատարուհին ի վերջո վերադարձել են:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ