«ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ Է ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՆ ԶԻՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ Է ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՆ ԶԻՆՈՒՄ»
Այս օրերին սիրիական պատերազմի հիմնական կիզակետերից է երբեմնի հայաշատ Հալեպը: Թե ներկայումս որքան հայեր են մնացել Հալեպում, հազիվ թե որեւէ մեկը կարողանա ասել: Բայց հաստատ մեր շատ հայրենակիցներ դեռ այնտեղ են ու թե ինչ վիճակում, փորձեցինք պարզել Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի պատասխանատու ԺԻՐԱՅՐ ՌԵԻՍՅԱՆԻՑ: Պատկերը, որը նկարագրեց մեր զրուցակիցը, իրոք ողբերգական տեսք ունի.
Սիրիայում շարունակվում է պատերազմական իրավիճակը. այստեղ երբեք էլ չի ավարտվել պատերազմը, ամեն ժամ, ամեն վայրկյան պատերազմ է: Երկու տարուց ավելի կառավարական ուժերի եւ զինված խմբավորումների միջեւ բախումները հազարավոր մարդկանց կյանք են խլել: Ռմբակոծությունների եւ բախումների հետեւանքով քաղաքը եւս հսկայական նյութական վնասներ է կրել, ավերվել, հողին են հավասարվել հազարավոր տներ, տարբեր հաստատություններ, շինություններ, առեւտրի, մշակութային կենտրոններ:
Ինչ վերաբերում է ներկայիս վիճակին, ապա չնայած ռուսական բանակի եւ հատկապես օդուժի միջամտությունը իր հավասարակշռող ազդեցությունն ունեցավ, բայց պատերազմը դեռ շարունակվում է: Ինչ խոսք, ռուսական զորքերը սիրիական բանակի կողքին լինելով իրենց կարեւոր դերակատարությունն ունեցան զինյալ խմբավորումների դեմ պայքարի մեջ:
- Կներկայացնե՞ք ներկայիս իրավիճակը:
- Հալեպում ամայություն է, որեւէ դրական փոփոխություն դեռ չկա: Պարբերական ընդհարումները հասնում են նաեւ քաղաքի ծայրամասեր, ռմբակոծությունները, հրթիռակոծությունները մեկ նվազում են, մեկ նոր թափով սկսում: Անցյալ շաբաթ զինյալների ահաբեկչության զոհեր եւ վիրավորներ դարձան Նոր Գյուղի մի շարք բնակիչներ: Տարածքների կեսն ավերվել է այն աստիճան, որ նյութական վնասների ծավալների մասին խոսելն անգամ անհնար է:
- Իսկ ինչ իրավիճակում են հայերը:
- Հայերի վիճակը սիրիացի ժողովրդի ընդհանուր վիճակից չի տարբերվում` անգործ, սարսափի ու վախի մեջ են: Սակայն այն շրջանները, որտեղ ավելի շատ են կենտրոնացած հայերը, վերջին օրերին ավելի քիչ են ռմբակոծվել: Նվազել էին նաեւ զինյալների գործողությունները, բայց չենք կարող ասել, թե դա որքան կտեւի: Ամեն դեպքում, կյանքը Սիրիայում, ուզենք, թե ոչ, թեկուզ կրակոցների եւ ռմբակոծությունների ներքո, շարունակվում է, դպրոցները եւ եկեղեցիները գործում են, մարդիկ, այսպես ասած, վախը սրտներում, բայց շարունակում են գոյատեւել:
- Հայերի մեծ մասը լքեցին Սիրիան: Ունե՞ք տվյալներ, թե որքան հայեր են մնացել:
- Անկեղծ ասած՝ ոչ, քանի որ ամեն վայրկյան գաղթողների խմբեր ենք տեսնում: Գաղթողներ կան, որ ժամանակավորապես են լքում երկիրը, բայց կան, որ ամբողջությամբ հույսները կտրած, թողնում են իրենց օջախները, ապրուստը եւ հեռանում` վախենալով իրենց ծերերի կամ փոքրիկների ճակատագրի համար: Ես չէի ցանկանա, որ այս խնդիրը կենտրոնացնեն միայն հայերի վրա. կան բազմաթիվ ազգությամբ ոչ հայեր, որոնք եւս լքել եւ այսօր էլ շարունակում են լքել Սիրիան: Եթե հաշվի առնենք միայն ՄԱԿ-ի հրապարակած տվյալները, ապա տեսնում ենք, որ Սիրիայից գաղթել են հսկայական թվով մարդիկ, որոնց մեծ մասը հայեր չեն. միլիոնավոր գաղթողների մասին է խոսվում: Այնպես որ, կարիք չկա հայերի արտագաղթը միայն շեշտել, քանի որ պատերազմի պատճառով կարող են արտագաղթել թե՛ հայեր, թե՛ օտարազգիներ, այդ թվում՝ քրիստոնյա եւ մուսուլման այլ ազգեր:
- Գոնե տեսնո՞ւմ եք, թե երբ այդ պատերազմին վերջ կդրվի:
- Արտաքին ուժերով հովանավորվող այս պատերազմը չի դադարի, մինչեւ միջազգային համաձայնություններ չլինեն, մինչեւ զինյալներին հրաման չտրվի հետ քաշվել: Հակառակ դեպքում, խաղաղության մասին խոսելը ուղղակի անիրատեսական կլինի:
ՀԱԼԵՊԸ ՈՂՈՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ
-Կարծիքներ են հնչում, որ Սիրիայում ռուսական զորքերի ակտիվանալուց հետո իրավիճակը փոխվեց:
- Կա նման բան: Բայց թուրքերին դուր չի գա Ռուսաստանի միջամտությունը: Ամեն դեպքում՝ ես այսպես ասեմ. այս պատերազմի ընթացքում յուրաքանչյուր կողմն ունի իր ընտրած քաղաքական, ռազմավարական խնդիրները լուծելու նպատակ, որի մասին անկեղծ ասած չէի ցանկանա խոսել: Սիրիացիներն ու սիրիահայ ժողովուրդն այսօր միայն մեկ ցանկություն ունի, որպեսզի վերականգնվի Սիրիայի երբեմն խաղաղությունը, եւ մարդիկ առաջվա նման շարունակեն իրենց բնականոն, համատեղ կյանքը: Հատկապես՝ հայերի միակ նպատակն է, որ Հալեպը, որը մայր գաղութն է, աշխուժանա եւ իր մեջ ներառի նաեւ հայ ժողովրդին, ինչպես որ եղել է առաջ:
- Ո՞վ է այս պատերազմի, այսպես ասած, հիմնական հովանավորողը:
- Միանշանակ անհերքելի փաստ է դարձել, որ այս պատերազմական իրավիճակի հիմնական դերակատարը Թուրքիան է: Հենց Թուրքիան է իսլամիստ զինյալներին զինում, ռազմամթերքով ապահովում: Ավելին՝ հենց թուրք զինվորականներ են ներգրավված զինյալների շարքերում: Այս մասին արդեն իսկ Սիրիան պաշտոնապես հայտարարել է` փաստերով, անուններով: Ավելին՝ Թուրքիայի դերակատարությունը այնքան ակնհայտ է, որ Հալեպում գտնվող բազմաթիվ արդյունաբերական գործարաններ արդեն իսկ ողողված են թուրքական խորհրդանշաններով, նրանք արդեն այստեղ փորձում են` երբեմն քողարկված, երբեմն բացահայտ, իրենց դերի, իշխանության մասին ակնարկել: Այնպես որ, Թուրքիայի դերակատարությունը այս պատերազմական իրավիճակում արդեն անժխտելի է:
Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

