ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն ԵՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն ԵՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում եւ Իրանում ակտիվանում է Ռուսաստանի դերակատարությունը: Դրան զուգահեռ՝ ավելի ու ավելի համառ են դառնում Եվրասիական միության ուղղությամբ վերոնշյալ պետությունների ծրագրերի մասին խոսակցությունները: Իսկ այս համատեքստում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում օր օրի ավելի մերձեցող հայ-իրանական հարաբերություններում, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի օրերս Հայաստան կատարած այցից հետո: Այս հարցի պատասխանը «Իրավունքը» «Կլոր սեղան» ձեւաչափով պարզեց թեմային քաջատեղյակ գործիչներից:
«ՇԱՀԵԼՈՒ ԵՆՔ ԹԵ՛ ՄԵՆՔ, ԹԵ՛ ԻՐԱՆՑԻՆԵՐԸ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ համոզված է, որ. «Իրանի փոխնախագահի այցելությունը Հայաստան անհետեւանք չիլինելու, եւ եթե մենք այսօր խոսում ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա վաղը կխոսենք գյուղատնտեսության ոլորտի, սպանդանոցների ցանցի ընդլայնման, վերամշակվող ճյուղի հնարավորությունների մասին: Եվ ամենաէականը` մենք կարող ենք դառնալ նաեւ իրանական արտադրության համար շատ հարմար, հատուկ հարթակ` թե՛ Եվրասիական տնտեսական միության, եւ թե՛ Եվրոպա թափանցելու համար: Կարծում եմ` այստեղ շահելու ենք թե՛ մենք, թե՛ իրանցիները: Եվ վերջապես, չմոռանանք, որ աշխարհաքաղաքականորեն Իրանը տարածաշրջանի ամենաազդեցիկ պետությունն է, եւ նույնիսկ սանկցիաների մեջ գտնվելու ժամանակաշրջանում էր այդպիսին, իսկ հիմա՝ առավել եւս: Նա կփորձի իր հարաբերությունները զարգացնել թե՛ Իրաքի հետ, թե՛ առավել եւս՝ Սիրիայի: Եվ վաղ թե ուշ արաբական աշխարհի շատ երկրների, այդ թվում եւ Սաուդյան Արաբիայի հետ նրանք կփորձեն իրենց հարաբերությունները կարգավորել: Ես դրանում կասկած չունեմ, որովհետեւ Իրանն իր ամբողջ պատմությամբ ապացուցել է դա»:
Անդրադառնալով թեմային` ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ եւս այն մտքին է, որ ԻԻՀ նախագահի տեղակալի այցը շատ դրական ազդակ էր իրանական կողմից, եւ, փաստորեն, մտավախությունները այն մասին, որ մեկուսացումից դուրս եկող Իրանը հնարավոր է լուրջ ուշադրություն չդարձնի հայկական ուղղության վրա, օրակարգից դուրս եկան. «Իրանական կողմը դա հստակ ցույց տվեց նման բարձրաստիճան եւ ներկայանալի պատվիրակության այցով, ինչպես նաեւ հայտարարություններով, որ իր համար Հայաստանը մնում է կարեւորագույն գործընկերներից մեկը, որի հետ հույսեր է կապում նաեւ տարանցիկ ճանապարհ ապահովելու տեսանկյունից: Փաստորեն, դա ոչ միայն պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը ամենակարճ ճանապարհն է, այլ նաեւ նրանով, որ Իրանի համար շատ ծանր օրերին, երբ նա գտնվում էր պատժամիջոցների, միջազգային ճնշման ու մեկուսացման ամենախիստ պայմաններում Հայաստանն իրեն դրսեւորեց որպես վստահելի գործընկեր` չձեռնարկելով որեւէ հակաիրանական քայլ եւ չմասնակցելով որեւէ հակաիրանական գործողության: Եվ դա գնահատվում է նաեւ Իրանի կողմից»:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանյան այցի ընթացքում Իրանի փոխնախագահը նման հետաքրքիր միտք հնչեցրեց. «Ճանապարհային, տրանսպորտի, երկաթգծի եւ փոխադրումների հետ կապված` մենք լավ քննարկումներ ենք ունեցել ու համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սեւ ծովին... Հայաստանի միանալը ԵՏՄ-ին նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից»: Դա հուշում է, որ Հայաստան-Իրան երկաթգիծն օրակարգում է, ընդ որում՝ աշխարհաքաղաքական ուշագրավ երանգներով: Այս մասին բանախոսներից պարոն Ոսկանյանն ընդգծեց. «Կարծում եմ, որ Հայաստան-Իրան երկաթգծի ծրագիրն իրատեսական է, եւ առայժմ դրան բացահայտ դեմ արտահայտվողներ չեն եղել, բացի՝ «Ռուսական երկաթուղիների» արդեն նախկին ղեկավար Յակունինի հայտնի հայտարարությունից, որից հետո հենց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության պաշտոնական հայտարարությունը եղավ, ինչը ժխտեց աննպատակահարմարության մասին իր իսկ տնօրենի այդ տեսակետը: Բնական է, որ իրատեսական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականություն կա, եւ հայկական կողմն այդ քայլերի մի զգալի մասը արդեն իսկ ձեռնարկել է: Մասնավորապես՝ խոսքը ներդրողներ գտնելու մասին է` արտասահմանյան տարբեր ընկերությունների հրավիրելով, ծրագրերի մասնակցելով: Եվ խնդիրն այսօր որոշակի բյուրեղացում է ստացել: Ըստ իս՝ երկաթուղու ծրագիրը չափազանց կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար, եւ ընդհանուր առմամբ, շատ կարեւոր ճանապարհ է Հեռավոր Արեւելքը, Հարավարեւմտյան Ասիան Պարսից ծոցի միջոցով, Իրանով, Հայաստանով եւ Վրաստանով Սեւ ծովին կապելու համար: Սա նաեւ վրացական կողմի համար ձեռնտու ծրագիր է, եւ այս տեսանկյունից, կարծես թե, վրացական կողմից էլ որոշակի դրական ազդակներ կան»:
Պարոն Հարությունյանը հայ-իրանական երկաթգծին նույնպես աշխարհաքաղաքական դերակատարում վերագրեց. «Այսօր ակնհայտ է, որ Արեւելք-Արեւմուտք ապրանքափոխանակության լուրջ հոսքեր են ձեւավորվել, եւ այս առումով ամենատարբեր նախագծեր գոյություն ունեն, որոնք ուղղակի կապվում են հայտնի «Մետաքսի ճանապարհի» հետ: Այս համատեքստում պետք է դիտարկել դինամիկ զարգացող Չինաստանը, դինամիկ զարգացող հսկա Հնդկաստանը, Հարավարեւելյան Ասիայի երկրները եւ սպառման նույնչափ կարողություններ ունեցող Եվրոպան ու Արեւելքը: Հետեւաբար այս ամենը հաշվի առնելով` պետք է նոր կապուղիներ փնտրել»: Այնուամենայնիվ, Խ.Հարությունյանի դիտարկմամբ` այդ կապուղին ոչ միայն հայ-իրանական երկաթգիծն է, այլ հնարավոր ճանապարհներից մեկը. «Հյուսիս-Հարավ երկաթգիծը կարող է ապագա ունենալ, որովհետեւ դրանում շահագրգռված է թե՛ Չինաստանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, թե՛ Հնդկաստանը: Կրկնում եմ` Իրան-Հայաստան գիծը միակն ու բացառիկը չի լինելու: Ուղղակի՝ ամեն ինչ կախված է, թե ինչքան մեզ կհաջողվի այդ ծրագիրը իրականություն դարձնել եւ ապրանքափոխադրումների մի մասը Հայաստանով ուղղել»:
«ԻՐԱՆԸ ՀՀ-Ն ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ»
Ի դեպ, թե որքանով է հավանական, որ Հայաստանը Իրանի համար դառնա այցեքարտ դեպի ԵԱՏՄ, հարցին ի պատասխան, ամփոփելով թեման` պատգամավորը շեշտեց. «Իրանի հնարավորոթյունները մեծանում են. աշխարհի հիմնական տնտեսական եւ աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունն այդ երկրի նկատմամբ որակապես փոխվել է: Իրանն այս իրավիճակում առավելագույնս կփորձի հարաբերություններ հարթել իր հարեւանների հետ, այդ թվում ու առաջին հերթին՝ գուցեեւ Հայաստանի, որովհետեւ դեպի Եվրասիական տնտեսական միություն` մոտավորապես 180 միլիոնանոց սպառողական շուկա, նոր տնտեսական վերելք ապահովելու լրջագույն հնարավորություն է: Իսկ այդ ճանապարհին Հայաստանը հնարավոր ուղիներից մեկն է, բայց միակը չէ: Սակայն նա Հայաստանին արդարեւ կդիտի որպես հավելյալ, շատ կարեւոր մի ուղղություն՝ ԵՏՄ-ում ներկայացվելու համար, որովհետեւ Հայաստանն իրեն սահմանակից միակ ԵՏՄ անդամն է: Ավելին` իրանական արտադրանքը, որը տեղ կգտնի Հայաստանում, հնարավորություն կունենա հավասար չափով ներթափանցել ոչ միայն ԵՏՄ, այլ նաեւ ԵՄ»:
Իրանագետի կարծիքով՝ իրանական կողմը գնահատում է Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ի ձեւավորման, կազմավորման գործընթացին եւ, կարծես թե, դատելով հայտարարություններից, դիտարկում է մեր երկիրը` որպես կարեւորագույն գործընկեր նաեւ այս տեսանկյունից. «Իրականության մեջ սա ունի նաեւ լուրջ հիմքեր. Հայաստանը ԵՏՄ անդամ միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Եվ այս առումով իրանցիներն էլ, մենք էլ աշխատանքներ ենք տանում այդ ցամաքային ճանապարհն օգտագործելու ի շահ երկու երկրների` նաեւ տնտեսական խնդիրների լուծման: Ինչպես գիտեք, Հայաստանը որոշակի նախաձեռնությամբ է հանդես եկել` ԵՏՄ-Իրան տնտեսական ազատ գոտու ստեղծման առումով, որը, բնականաբար, կլինի ՀՀ սահմանին: Այնպես որ, իրանցիները Հայաստանը դիտարկում են որպես կարեւորագույն գործընկեր` ԵՏՄ մուտքի հնարավորության համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

