«ՄԻԵԴ-Ը ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ` 1915Թ. ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ, ԹԵ` ՈՉ»
Արխիվ 12-16«ՄԻԵԴ-Ը ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ` 1915Թ. ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ, ԹԵ` ՈՉ»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում օրեր առաջ ավարտվեց թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործով վերջնական լսումը: Դատարանը որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: Դատավորները որոշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում: Այսինքն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Հայաստանն այս գործով հանդես էր գալիս որպես երրորդ կողմ:
Հիշեցնենք, որ գործը կապվում է Թուրքիայի քաղաքացի, այդ երկրի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ռասիստական եւ ատելություն սերմանող գործունեության հետ: Փերինչեքը 2005-ին մայիս, հուլիս եւ սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն եւ Կոնիզ քաղաքներում միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. եւ հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը, այն դեպքում, երբ Շվեյցարիան քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար` սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք:
Վերոհիշյալ վճիռը միանշանակ չի ընդունվել հանրության շրջանում, ուստի, թե որքանով է ՄԻԵԴ վճիռը իրավունքի տեսակետից ընդունելի, փորձեցինք պարզել իրավաբանական գիտությունների թեկնածու, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով վճռի իրավական մասին` նկատեց.
– Եթե մենք խոսում ենք խոսքի ազատության կարեւորության մասին, իսկ մենք պարտավոր ենք դրա մասին խոսել, որովհետեւ իմ խորին համոզմամբ` չի կարող լինել ժողովրդավարական հասարակություն` առանց խոսքի ազատության պաշտպանության բարձր մակարդակի: Այս տեսանկյունից ՄԻԵԴ-ի որոշումը իսկապես կարեւոր է, քանի որ խոսքի ազատությունը չի սահմանափակվում միայն Փերինչեքի գործով, դա առհասարակ ընդհանուր արժեք է բոլոր քաղաքակիրթ հասարակությունների համար: Սա մեկ, բայց կա երկրորդ խնդիրը` իրավունքները չեն կարող լինել անսահմանափակ, եւ առհասարակ խոսքի ազատությունը, ատելության կոչերի սահմանափակելը հենց նույն բարձրագույն ատյանի կողմից մշտապես ճանաչվում են իրավաչափ: Այստեղ խնդիրը նրանում էր, որ Փերինչեքի արտահայտությունը չորակվեց որպես ատելության կոչ հայ ազգի նկատմամբ` սա է այս գործի ողջ մեխը:
– Կարծիքներ են հնչում, որ այդ որոշումը խթանում է թուրքական ժխտողականությունը, քանի որ թուրքական ժխտողականության վառ դեմքերից մեկը` Փերինչեքը, արդարացվում է ՄԻԵԴ-ի կողմից: Դուք կիսո՞ւմ եք նման տեսակետները:
– Ես ինքս կարծում եմ, որ նման տեսակետները միանշանակ ձեռնտու են հենց Թուրքիային, այնքանով, որքանով որ իրենք այդ որոշումը հենց այդպես էլ փորձում են մեկնաբանել, որպես Հայոց ցեղասպանության փաստի որոշակի առումով կասկածի տակ դնելու երեւույթ, սակայն դրանք չեն կարող համապատասխանել իրականությանը մի պարզ պատճառով, քանի որ Փերինչեքի գործի շրջանակներում նման մտահոգությունը Հայաստանի առանցքային պահանջն էր: Մասնավորապես, որ ՄԻԵԴ-ը որեւէ կերպ չմեկնաբանի Հայոց ցեղասպանության եղելության փաստը: Այսինքն ՄԻԵԴ-ը չէ, որ պետք է որոշի` արդյոք 1915թ. ոճրագործությունը տեղի է ունեցել, թե` ոչ, դրա հասցեատերը ՄԻԵԴ-ը չէ: Ի վերջո ստորին պալատը որոշակի կարծիք հայտնեց, երբ փորձել էր համեմատականներ անցկացնել Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ, որոնք ուղղակիորեն առոչինչ ճանաչվեցին բարձրագույն ատյանի կողմից: Այս տեսանկյունից ժխտողականության մասով որեւէ հիմնավորում կամ կարծիք հնչել չի կարող, որովհետեւ դատարանը դրա վերաբերյալ ոչինչ չի ասել եւ չէր էլ կարող ասել: Այլ հարց է, որ դատարանն ի վերջո գտավ, որ նման արտահայտությունը որոշակի առումով խոսքի ազատության, պաշտպանության շրջանակների մեջ է գտնվում, բայց նաեւ պետք է նկատել, որ Փերինչեքի հայտարարությունն ամբողջապես ժխտողականությանը չէր վերաբերում, նա ունի բավականին նուրբ նրբերանգներ, որոնց բավականին ուշադրություն է դարձրել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

