ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԱԿՏԻՎԻՍՏԻ ՁԵՌՔՈՎ
Արխիվ 12-16ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԱԿՏԻՎԻՍՏԻ ՁԵՌՔՈՎ
Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ ակտիվիստ ներկայացող ու երեւանյան մայդան փնտրող Ելենա Օվսյաննիկովան դատական հայց է ներկայացրել` ընդդեմ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ու ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, մասնավորապես` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին մեղադրելով ցուցարարների շարքից իրեն հեռացնելու համար, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառման, ինչպես նաեւ Է. Մարուքյանի` իր հասցեին արված մեկնաբանության համար: Թե ի՞նչ է տեղի ունեցել դատական նիստում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ.
–Դատարանը հետաձգել է գործի քննությունը, ինչ-որ կողմերից մարդիկ են եղել, որոնք ծանուցված չեն եղել դատական նիստի մասին: Այդքանը կարող եմ ասել: Մենք հայցադիմումի պատասխանը ներկայացրել ենք դատարան, եւ ես իմ պատասխանով հերքել եմ նրա բոլոր փաստարկներն առ այն, որ նրան վիրավորել եմ կամ զրպարտչական բան եմ ասել նրա հասցեին: Հետեւաբար, պահանջել եմ դատարանից մերժել նրա հայցը:
– Ընդհանրապես, որքանո՞վ եք լուրջ համարում այսպիսի հայցադիմումը:
– Ցանկացած դատավորություն լուրջ եմ համարում` որպես նախկինում իրավապաշտպանական գործունեությամբ զբաղված մարդ, բայց հանգիստ եմ, որովհետեւ հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման: Նման դատավարություններ հազարավոր քանակությամբ լինում են, որոնք դատարանի կողմից քննվում են, եւ եթե ապացույցներ չկան փաստարկների հիմքում, մերժվում են:
– Այս գործում Օվսյաննիկովային մեծ աջակցություն էր ցուցաբերում իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր կազմակերպությամբ: Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր նախկին իրավապաշտպան գործընկերոջ նման վարքագծին:
– Չգիտեմ, թե Արթուր Սաքունցն ինչ դերակատարում ունի:
– Իր ղեկավարած ՀՔԱ Վանաձորի գրասենյակն էր «հանցագործության մասին» հաղորդում ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
– Ես նման տեղեկություն չունեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

