ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՀԻՄՔԻՑ ՓՈԽԵԼ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՀԻՄՔԻՑ ՓՈԽԵԼ
Հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն: Ըստ նրա՝ նոյեմբերի 3-ին ամերիկյան պետական գանձարանը գրեթե կդատարկվի, իսկ նոյեմբերի 10-19-ը կարող է եւ առհասարակ վճարումներ չլինեն: Կմնա ընդամենը 30 միլիարդ դոլար եւ ընթացիկ մուտքերի հետ միասին հազիվ կբավականացնի սոցիալական ամենահրատապ վճարումների եւ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար: «Միայն պատկերացրեք,- իրավիճակը նկարագրում է նախարարը,- Միացյալ Նահանգների կառավարությունն ունի տարեկան 4 տրիլիոն դոլար բյուջե, եւ հիմա նրա վճարունակության ճակատագիրը ինչ-որ մի քանի միլիարդն է որոշում»:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ ՆՈՐԻՑ ԴԱՏԱՐԿ Է
Թե ինչու է ամերիկյան ֆինանսական այս վիճակի վրա զարմացել պարոն Լյուն, ով բոլորից լավ գիտի իրերի իրական վիճակը, անհասկանալի է: Այս տարի բազում «սուր» կրճատումներից հետո ամերիկյան բյուջեն էլի ունեցավ 468 միլիարդ դոլարի դեֆիցիտ: Ճիշտ է, դա ամերիկյան ՀՆԱ-ի մոտ 2,6 տոկոսի չափով է ու նման դեֆիցիտը աշխարհում համարվում է ընդունելի ցուցանիշ, սակայն փաստն այն է, որ ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ նման «ընդունելի» դեֆիցիտով հանդերձ` հայտնվում է անվճարունակության, այսինքն՝ պետական դեֆոլտի շեմին: Պատճառն առավել քան պարզ է. դեֆիցիտ փակելու համար, անկախ նրանից, թե այն ՀՆԱ-ի որ մասն է կազմում, պետք է ինչ-որ տեղից պարտք վերցնել: ԱՄՆ-ն էլ ունի օրենսդրորեն սահմանված պետական պարտքի վերին շեմի հասկացություն, որն ամեն անգամ բարձրացրել են, նոր պարտքեր վերցրել ու դեֆիցիտը փակել: Բայց անցած տարի դա լուրջ վեճերի հանգեցրեց ամերիկյան օրենսդիրի հետ, պետպարտքի շեմի բարձրացումն ուշացավ եւ կառավարությունը ստիպված էր աննախադեպ ճնշումների գնալ՝ պետծառայողներին ուղարկեց արձակուրդ եւ դրանով օրենսդիրին ստիպեց պետպարտքի հարցում համաձայնության գալ: Եվ հիմա էլ կարծես թե նույնն է. պարոն Լյուն, ըստ էության, ամերիկյան օրենսդիրի վրա ճնշումներ է սկսել, որին կհաջորդեն «մեծ բազարներ», չնայած բոլորն էլ հասկանում են, որ հերթական անգամ պետպարտքի շեմը կբարձրացվի:
Բայց դրանով խնդիրը չի լուծվում. փաստն այն է, որ տարեցտարի նման որոշումներն ավելի մեծ դժվարությամբ են տրվում, եւ դա էլ է հասկանալի: ԱՄՆ-ի արտաքին պետական պարտքն այս տարի ընդհուպ կմոտենա 19 տրիլիոն դոլարի սահմանագծին: Ահռելի թիվ է, բայց էլի մահացու չէ. այն մի փոքր է գերազանցում ՀՆԱ-ն եւ պետբյուջեում այդ պարտքի սպասարկման հատկացումները մատչելի սահմաններում են: Բայց կա նաեւ պարտքի մեկ այլ տեսակ՝ համախառն պարտք, եւ ահա այն ԱՄՆ-ում, ըստ Ֆեդերալ ռեզերվային համակարգի տվյալների, այս տարի հասել է 60 տրիլիոն դոլարի, ինչն արդեն մոտ 3,5 անգամ գերազանցում է ամերիկյան ՀՆԱ-ն: Ընդ որում, քիչ չեն հեղինակավոր մասնագետները, որոնք այդ 60 տրիլիոնն էլ են համարում խիստ փոքրացված, եւ ըստ նրանց՝ իրականում ամերիկյան ողջ համախառն պարտքը, այսինքն՝ մասնավորից մինչեւ պետական համակարգ եղած բոլոր պարտքերի հանրագումարը հասնում է, տարբեր գնահատականներով, 80-90 տրիլիոնից մինչեւ 120-130 տրիլիոնի: Մինչդեռ՝ անգամ 60 տրիլիոնանոց պարտքն է չափազանց ծանր բեռ նույնիսկ ամերիկյան հզոր տնտեսության համար: Այսինքն՝ երբ պարտքն աճում է եկամուտների ավելացումից մի քանի անգամ արագ տեմպերով, ապա ամենեւին էլ չպետք է զարմանալ, որ պետական գանձարանը պարբերաբար դատարկվում է՝ պետությանն ամեն անգամ կանգնեցնելով դեֆոլտի ավելի ու ավելի ռեալ հեռանկարի առաջ:
ԴԱՏԱՐԿ ԳԱՆՁԱՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Այսպիսով այն, որ պետական պարտքի ավելացում-միջոցների անբավարարություն խնդիրն ԱՄՆ-ի համար տարեցտարի սրվել եւ ներկայումս մոտենում է իր լարվածության գագաթնակետին, դժվար չէ կռահել: Կարելի է հասկանալ նաեւ, որ հենց այդ թուլությունն է, որ ակտիվացնում է արտաքին հակազդեցությունները, ու արդյունքում՝ ԱՄՆ-ը միաժամանակ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ծանր հակամարտության մեջ է հայտնվել: Եվ կարելի է նաեւ նույն՝ միջոցների անբավարարությամբ բացատրել, որ ԱՄՆ-ը սկսել է զիջել դիրքերը, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում: Ընդ որում, զիջելով դիրքերը Մերձավոր Արեւելքում, Վաշինգտոնը կարծես թե կամաց-կամաց հայտնվում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում հետխորհրդային բոլոր ձեռքբերումները կորցնելու հեռանկարի առաջ: Բայց նախ նկատենք, որ արդեն ամերիկյան պաշտոնյաներն էլ են սկսել հրապարակային մտահոգություններ հայտնել, որ Սիրիայի հետ մեկտեղ Վաշինգտոնը կանգնած է նաեւ Իրաքում ունեցած դիրքերը կորցնելու հեռանկարի առաջ: Համենայնդեպս՝ օրերս շրջանառության մեջ հայտնվեց «ԻՊ-ի դեմ ԱՄՆ պայքարի կոորդինատոր» հնչեղ անվանմամբ պաշտոնը զբաղեցնող Ջոն Ալինի՝ Իրաքի վարչապետին հասցեագրված նամակը, որտեղ նամակագիրը խոսում է Բաղդադի եւ Մոսկվայի մերձեցման առնչությամբ Վաշինգտոնի «ծայրահեղ անհանգստության» մասին: Բերվում են նաեւ նման տողեր. «Նախագահ Օբաման հետաքրքրվում է ԻՊ-ի դեմ պայքարում Ձեր դերով: Մի՞թե Իրաքը պետք է ԱՄՆ-ին շնորհակալ չլինի»: Բայց ինչի՞ համար պետք է շնորհակալ լինի, որ երբեմնի ծաղկուն երկիրը ԱՄՆ-ի «դեմոկրատացման» արդյունքում հողի՞ն հավասարեցվեց, թե՞ Վաշինգտոնի աճեցրած իսլամիստների բազայի վերածվելու ու մասնատվելու հեռանկարի առաջ կանգնելու: Բայց դա հարցի երկրորդ կողմն է, փաստը, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է իր հարցադրումները ուժայինից տեղափոխել լիրիկական դաշտ, թե այս ինչ անշնորհակալ մարդ դուրս եկաք, ակնարկում է, որ ուժային միջոցները պարզապես անբավարար են` վիճակը շտկելու համար, թեեւ Վաշինգտոնը տեսնում է, որ Սիրիա-Իրաք-Իրան առանցքում գերիշխող է դառնում ռուսական ուղղվածությունը:
Եվ սրան զուգահեռ՝ օրերս բավական հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը, թե՝ մտադիր են հանրաքվե նախաձեռնել՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով: Մոսկվան էլ, ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, ընդամենը մեկնաբանեց՝ «Հարավային Օսեթիայում շատ կան Ռուսաստանի հետ ինտեգրման աջակիցներ» եւ որ այն «անկախ պետություն է, որը ճանաչվել է ՌԴ-ի կողմից, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք»: Եվ վերջ, բայց կարելի է այսպես էլ հասկանալ. անկախ պետություն է, ուրեմն ինքն է որոշում՝ հանրաքվե կանի, թե՝ ոչ: Դե եթե այդ անկախ պետության նախագահն էլ ասել է, որ կանեն, ուրեմն, ՌԴ-ին էլ կմնա այդ հանրաքվեից հետո որոշել՝ այդ երկրին ընդունե՞լ իր կազմ:
Բայց իրականում այն, որ հազիվ թե Տիբիլովն առանց Մոսկվայի հետ խոսելու` նման արմատական հայտարարություն աներ, դժվար չէ կռահել: Չնայած՝ Մոսկվային պե՞տք էր այս խառն օրերին եւս մեկ թեժ կետ ստեղծել՝ Վրաստանի հետ ունեցած կիսատ-պռատ հարաբերությունները վերջնականապես խորտակելու ռիսկին ենթարկելով: Առավել եւս, երբ վերջին օրերին «անչափ բարի» է դարձել ՆԱՏՕ-ն՝ հայտարարելով, թե հավատարիմ է մնում ռուսների անմիջական սահմաններին ռազմաբազաներ չտեղադրելու իր խոստմանը, ինչը վերաբերում է նաեւ Ուկրաինային եւ, կոնկրետ դեպքում, Վրաստանին:
Չէ, թերեւս դեռ սիրիական ուղղությունն ամբողջապես չմարսած՝ Մոսկվան հազիվ թե միանգամից նման արմատական քայլերի գնար Հվ. Օսեթիայում, ու թերեւս Տիբիլովի այդ հայտարարությունը Վրաստանն ավելի շուտ պետք է ընկալի որպես իրեն հասցեագրված ակնարկ: Այն է՝ իրավիճակը փոխվում է եւ պետք է աշխարհաքաղաքական նախասիրությունների հարցում արագորեն կողմնորոշվել: Հակառակ դեպքում, եթե Հվ. Օսեթիան, ասենք՝ նաեւ Աբխազիան հանրաքվե անեն ու ընդգրկվեն ՌԴ կազմ, այլեւս վերադարձի տեղ չի մնա: Ճիշտ է, դրանից հետո վրացիները կաղմկեն, Վաշինգտոնն էլ Ղրիմի օրինակով կհայտարարի, թե չի էլ պատրաստվում այդ փաստը ճանաչել, բայց դա արդեն բան չի փոխի. կգա օրը եւ Թբիլիսին էլ ստիպված կլինի ընդունել, որ այդ տարածքները Ռուսաստանի կազմում են:
Իսկ թե ինչու հենց այս պահին պետք եղավ վրացական ուղղությունն այսպես սրել, իր հերթին կարելի է հասկանալ: Մերձավոր Արեւելքում այս արմատական փոփոխություններն ԱՄՆ-ին ուղղակի պարտադրեցին հայտարարել, որ հրաժարվում է իր զորքերն Աֆղանստանից դուրս բերելու գաղափարից: Դա սպասելի էր. այս իրավիճակում Աֆղանստանը դառնում է Ռուսաստանի եւ Չինաստանի արանքում ԱՄՆ-ի համար միակ ոտատեղը: Բայց՝ Աֆղանստանում զորք պահելու համար պետք են մատակարարումների ուղիներ, եւ ահա Վրաստան-Ադրբեջան գիծը կամաց-կամաց վերածվում է ԱՄՆ-ի համար միակ ճանապարհի: Սիրիայում ռուսական ինքնաթիռների եւ հրթիռների թռիչքները, թերեւս, Վրաստանին արդեն իսկ շատ բան էին հուշում, իսկ օսեթական իրավիճակը, թերեւս, կպարտադրի արագացնել կողմնորոշման հարցը: Ադրբեջանն էլ իր հերթին վրացական նման կողմնորոշման դեպքում հայտնվում է խոր շրջափակման վիճակում եւ իր հերթին ռուսական վեկտորի մասին մտածելու խնդիր կունենա: Այսինքն՝ միանգամայն ռեալ է դարձել ողջ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության հեռանկարը, ինչը, թերեւս, ենթադրում է նաեւ Ղարաբաղի հետ կապված լուծումներ:
Իսկ թե այդ ամենից հետո ինչ կլինի Աֆղանստանում ամերիկյան զորքերի հետ... Չնայած սպասենք իրադարձությունների ընթացքին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

