ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄՈՎ ՀԵՏԱԶՈՏՎԵԼ Է ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄՈՎ ՀԵՏԱԶՈՏՎԵԼ Է ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս լույս է տեսել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, ՀԱՊ գիտաշխատող, արվեստաբան Քնարիկ Ավետիսյանի «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» գիրքը: «Իրավունքի» հետ զրույցում հեղինակը պատմեց, որ ծավալուն մենագրությունը երկարատեւ, մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, որի գաղափարը ծագել է ուսումնասիրությունների ընթացքում:
-1987-ից աշխատում եմ Հայաստանի ազգային պատկերասրահում` հայկական արվետի բաժնում, զբաղվում` հայ միջնադարյան եւ ժամանակակից արվետի ուսումնասիրությամբ: Հետազոտման ընթացքում հասունացավ իմ ատենախոսության թեման. «Աստվածամայրը մանկան հետ» պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում: Հետագայում ընդլայնեցի ուսումնասիրության շրջանակը: Քրիստոնեական արվեստում Աստվածածնի պատկերագրությանը վերաբերող հիմնավոր աշխատություններ են գրել ռուս եւ եվրոպացի հեղինակավոր գիտնականներ: 1815-ին լույս է տեսել Նիկոլայ Կոնդակովի մենագրությունը: Ուսումնասիրելով բյուզանդական ու արեւելաքրիստոնեական արվեստի գործերը` նա առանձին հարցերի հետազոտության ժամանակ, այն էլ հազվադեպ, անդրադարձել է նաեւ հայկական հուշարձաններին, մասնավորապես` Օձունի եկեղեցում Աստվածածնի պատկերագրությանը: Մի շարք հայ արվեստաբաններ Աստվածածնի պատկերագրության առանձին կերպավորումներին անդրադարձ կատարել են արվեստի տեսակների կամ կոնկրետ հուշարձանի (եկեղեցի, ձեռագիր մատյան եւ այլ) ուսումնասիրության համատեքստում:
- Աստվածածնի պատկերագրությունը Քրիստոսից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում քրիստոնեական արվեստում: Ձեր աշխատության մեջ ի՞նչ անդրադարձ եք կատարել, արվեստի ո՞ր ճյուղերն եք ուսումնասիրել:
- Սովետական տարիներին հայտնի պատճառներով քրիստոնեական արվեստի ուսումնասիրման վրա արգելք էր դրված, որոշ նրա ասպեկտներ այդքան էլ հետազոտված չէին: Իմ այս գրքում հայագիտության պրակտիկայում առաջին անգամ Աստվածածնի պատկերագրությունը հետազոտել եմ ամբողջական ընդգրկումով, որի համար անսպառ նյութ են պարունակում 4-16-րդ դարերի հայ արվեստի բոլոր տեսակները: Այս գրքում խմբավորվում են պատկերագրական տիպերը, ուսումնասիրվում դրանց կազմավորման եւ զարգացման պատմությունը, ժամանակի ընթացքում կրած փոփոխությունները: Պարզաբանվում է պատկերների տեղը, դերն ու նշանակությունը հայկական եկեղեցիների հարդարանքի համակարգում, ձեռագիր մատյանների նկարազարդման մեջ: Քննարկվում են նաեւ քրիստոնեական արվեստի պատկերագրության զարգացմանը Հայաստանի ունեցած մասնակցությունը եւ տարբեր մշակույթների փոխառնչություններին վերաբերող հարցերը:
- Հետազոտման ընթացքում ի՞նչ բացահայտումներ եք կատարել:
- Համաքրիստոնեական եւ հայ արվեստում ստեղծված Սբ Կույսի նույն կերպավորման պատկերների համեմատությունները բացահայտվում են քրիստոնեական արվեստի պատկերագրության ընդհանուր սկզբունքներով պայմանավորված նմանությունները եւ ազգային գեղարվեստական մտածողության բնորոշ գծերը: Առանձնահատկություններից ամենակարեւորն այն է, որ մեզանում քրիստոնեական արվեստի պատկերագրությունը համատեղում է կրոնական գաղափարների արտահայտման սիմվոլիկ (արեւելաքրիստոնեական արվեստին բնորոշ) եւ բյուզանդականին հատկանշական կերպարային ձեւերի առանձին տարրեր: Դրանք լրացնում են մեկը մյուսին` կազմելով գեղարվեստական լեզվի ձեւամտածողության ազգային կերպը: Աշխատության մեջ ընդգրկված է պատկերային հարուստ նյութ` ներառելով միջնադարյան հայ արվեստի տարբեր տեսակների նշանակալից գործերը:
ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

