ՊԱՎԵԼ ՊԵՐՄՅԱԿՈՎ. «ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՆԱՅԵՄ ՎԱԼԵՐԻԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՈՒ ՀԱՍԿԱՆԱՄ, ՈՐ ՀԵՆՑ ՆԱ Է»
Արխիվ 12-16ՊԱՎԵԼ ՊԵՐՄՅԱԿՈՎ. «ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՆԱՅԵՄ ՎԱԼԵՐԻԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՈՒ ՀԱՍԿԱՆԱՄ, ՈՐ ՀԵՆՑ ՆԱ Է»
Օրերս Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նախաքննությունը ավարտվել է: Վալերի Պերմյակովին նոր մեղադրանքներ են առաջադրվել. «Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով եւ զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով` հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը»:
Մի խոսքով՝ Պերմյակովը հազիվ թե առավելագույն պատժաժամկետից կարողանա խուսափել: Իսկ թե այս ամենի մասին ինչ է մտածում նրա հայրը, ապա ՊԱՎԵԼ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ինքը տեղյակ էլ չի, որ նախաքննությունը ավարտվել է: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում նա նկատեց.
- Ի՞նչ է, նախաքննությունը ավարտվե՞լ է: Մենք տեղյակ էլ չենք: Եվ...
- Եվ ի՞նչ:
- Նախաքննությունը պարզե՞ց, որ տղաս անմեղ է, որ ինքը չի սպանել այդ ընտանիքին:
- Ընդհակառակը` նույնիսկ սպանությանը մի քանի այլ մեղադրանքներ են ավելացել:
- Չգիտեմ ինչ ասեմ, ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, նույնիսկ մի դատ եղել արդեն, բայց չէին էլ տեղեկացրել մեզ, որ կարողանայիք գալ: Միայն լրատվամիջոցներից տեղեկացանք, որ տասը տարի են տվել:
- Փորձագետները հանգել են այն մտքին, որ Ձեր որդին որոշակի հոգեկան շեղումներ, ամեն դեպքում, ունի, իսկ Դուք միշտ հակառակն էիք պնդում: Չնայած՝ այդ շեղումները չէին խանգարում, որ նա իր արածը հստակորեն գիտակցեր:
- Այո, ես հիմա էլ եմ ասում` իմ որդին չուներ որեւէ խանգարում, թեկուզ` մի թեթեւ:
- Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ դեպքից հետո Ձեր որդու մոտ իբր նամակ է հայտնաբերվել՝ ուղղված Ձեզ: Նամակով նա փորձում էր անհասկանալի բաներ համոզել, թե հանցագործությունը կատարել է ոչ թե ինքը, այլ իր «միջի մարդը»:
- Ոչ, որտեղի՞ց, ասում եմ չէ, որ ոչնչից տեղյակ չենք, ձեզանից ենք հիմնականում տեղեկանում:
- Ստացվում է, որ Ձեր տղան դրանով խոսոտովանում է, որ հենց նա է կատարել այդ հանցագործությունը:
- Դե, ես էլի եմ ասում՝ մեկ է, չեմ ուզում հավատալ, որ ինձանից ծնվածը, իմ երեխան ընդունակ կարող է լինել նման հանցագործություն կատարել:
- Եթե այս անգամ նախապես իմանաք դատական նիստի օրը, կգա՞ք, կմասնակցե՞ք:
- Կարծում եմ` այո, չնայած դա մեծ ծախսերի հետ է կապված, եւ հետո մի տեսակ վախ ունեմ:
- Ի՞նչ վախ:
- Վախենում եմ նայեմ Վալերիի աչքերի մեջ ու հասկանամ, որ հենց նա է այդ դաժանության հեղինակը. իսկ ծնողը դա հաստատ կզգա: Էնպես որ, չգիտեմ էլ...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

