«ԲԱՆԿԵՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 921 ԲՈՂՈՔ»
Արխիվ 12-16«ԲԱՆԿԵՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 921 ԲՈՂՈՔ»
Վերջերս Ազգային ժողովում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը անդրադառնալով բանկային համակարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքներին` մասնավորապես նշել է. «Կա նաեւ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտ, որն անվճար է մեր քաղաքացիների համար: Այն ֆինանսավորվում է բանկային համակարգի կողմից եւ անվճար ծառայություն է մատուցում քաղաքացիներին: Այդ առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ: Կան մոտ 70-80 հազար բողոքներ, որոնք հօգուտ քաղաքացիների են լուծվել: Գնալով ծավալներն ավելանում են»:
ԿԲ փոխնախագահի ներկայացրած թիվն ուղղակի ապշեցուցիչ է. 70-80 հազար «հօգուտ քաղաքացիների լուծված» բողոքներն արդեն իսկ ահռելի բանկային խախտումներիր մասին են ակնարկում, եթե նույնիսկ չնկատենք, որ պետք է լինեն նաեւ ոչ քաղաքացիների օգտին լուծված բողոքների նման զանգված եւս: Ուրեմն ի՞նչ է կատարվում՝ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի ղեկավար ՓԻՐՈՒԶ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով պատասխանեց մեր գրավոր հարցերին.
- Վերջերս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ կան բանկերին վերաբերող 70-80 հազար բողոքներ, որոնց մեծ մասը ի օգուտ քաղաքացիների է լուծվում: Ճիշտ են արդյո՞ք այդ ցուցանիշները:
- Նախեւառաջ թույլ տվեք նշել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ֆինանսական ոլորտում սպառողների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ առաջացող վեճերը լուծող անկախ մարմին է, եւ վարում է առանձին վիճակագրություն՝ իր կողմից ընդունվող եւ քննվող գործերի վերաբերյալ: Իր հերթին Կենտրոնական բանկը, ունենալով նաեւ ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործառույթ, նույնպես ստանում է բողոքներ սպառողներից: Խնդրում ենք Ձեզ՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տեղեկատվությունը ճշտել ՀՀ Կենտրոնական բանկից, քանի որ մեզ մոտ առկա չէ տեղեկատվություն` ՀՀ ԿԲ-ից հրապարակված` Ձեր կողմից նշված վիճակագրական տվյալների վերաբերյալ:
Անդրադառնալով մեր գրասենյակի կողմից ընդունվող եւ քննվող բողոքների քանակին եւ բնույթին` նշենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 01.01.2015թ.-18.10.2015թ.-ը ընկած ժամանակահատվածում ստացել է թվով 3 073 բողոք, որոնցից 2 602-ը վերաբերում է ֆինանսական համակարգին, իսկ քննության է ընդունվել 1 103-ը: Ընդ որում՝ 2 602 բողոքների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում ապահովագրական ընկերություններին` 1 537 բողոք (59,07%), իսկ բանկերի դեմ ներկայացվել է 921 բողոք, վարկային կազմակերպությունների դեմ` 71 բողոք, գրավատների դեմ` 12 բողոք, Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ` 22 բողոք, 4 բողոք` դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների դեմ, 1-ական բողոք` ապահովագրական գործակալների, ապահովագրական բրոքերների, փոխանակման կետերի եւ ներդրումային ընկերությունների դեմ եւ 31 բողոք` այլ ֆինանսական կազմակերպությունների դեմ:
- Բացահայտված փաստերը որքանո՞վ են քննարկվում ԿԲ-ի հետ, եւ ի՞նչ արդյունքներ ունեք:
- Քննության ընդունված թվով 1 103 պահանջներից 18.10.2015թ.-ի դրությամբ հանգուցալուծվել է թվով 843-ը, որոնց արդյունքում գործերի 78,5%-ը լուծվել է ի օգուտ հաճախորդի:
Ինչ վերաբերում է բացահայտված հարցերը ՀՀ Կենտրոնական բանկի հետ քննարկելուն, ապա պետք է նշենք, որ համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի՝ Հաշտարարի գրասենյակի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ կնքվել է համաձայնագիր, որով կարգավորվում է մեր համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, օրենսդրության զարգացման, հանրության իրավագիտակցության բարձրացման եւ ֆինանսական համակարգի սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ ոլորտներում: Նշված համաձայնագրի շրջանակներում Հաշտարարի գրասենյակի կողմից սպառողների շահերի պաշտպանության ոլորտում բացահայտված խնդիրները ներկայացվում են Կենտրոնական բանկին, որն էլ, իր իրավասության շրջանակներում, մշտապես հետամուտ է լինում դրանց կարգավորմանը: Օրինակ, եթե որեւէ բողոքի քննության ընթացքում հայտնաբերվում է օրենքի կամ որեւէ այլ իրավական ակտի բաց, կամ արձանագրվում է որեւէ համակարգային խնդիր, որն այս կամ այն կերպ խոչընդոտում է սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը, մենք համապատասխան գրությամբ դիմում ենք Կենտրոնական բանկին: Վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը կարգավորելու ուղղությամբ:
Այսպիսով՝ ԿԲ փոխնախագահը խոսում է դրական լուծում ստացած 70-80 հազար «բանկային» բողոքներից, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը»՝ մոտ 1000-ից: Եվ այստեղ կարեւորը նույնիսկ այն չէ, թե ում հավատանք: Պարզապես, երբ նույն բանի մասին պատկան կառույցների ղեկավար ներկայացուցիչները նման իրարամերժ թվեր են ներկայացնում, արդեն իսկ կարելի է ենթադրել, թե ինչ վիճակ է տիրում տվյալ ուղղությամբ:
Նկատենք նաեւ, որ եթե իրականում ճիշտ է բանկերի նկատմամբ վերջին 10 ամսում ներկայացված 1000 բողոքի տարբերակը, էլի ահռելի թվի հետ գործ ունենք: Հաշվի առնելով նաեւ, թե ԿԲ-ն ինչ հսկայական լիազորություններ ունի բանկային համակարգի նկատմամբ վերահսկողության հարցում, ու ինչ հսկայական պետական միջոցներ են հատկացվում, որ ԿԲ-ն` իր մասնավորապես այդ գործառույթը հավուր պատշաճի իրականացնի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

